Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը մասնակցել են հայ-ավստրիական գործարար համաժողովին

26.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերն այսօր մասնակցել են երկու երկրների գործարարների մասնակցությամբ կայացած հայ-ավստրիական գործարար համաժողովին:

Հայաստանի և Ավստրիայի նախագահների ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են՝ հուշագիր Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Ավստրիայի դաշնային տնտեսական պալատի միջև համագործակցության վերաբերյալ, վարկային համաձայնագիր ՀՀ ֆինանսների նախարարության և ավստրիական «Ռայֆայզեն» բանկի միջև 8 մլն եվրո ցածր տոկոսադրույքով վարկի վերաբերյալ և համաձայնագիր Հայաստանի «Ասկե» ընկերության և ավստրիական «Սիեմենս Վաի» մետալուրգիական տեխնոլոգիական ընկերության միջև համագործակցության վերաբերյալ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը հայ-ավստրիական գործարար համաժողովի ժամանակ


Հարգարժա՛ն գործարարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ջերմորեն ողջունում եմ հայ-ավստրիական գործարար համաժողովի մասնակիցներին և հյուրերին: Նախագահ Ֆիշերի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում մեր ունեցած բանակցություններում, ի թիվս այլ հարցերի, հանգամանալից անդրադարձել ենք Հայաստանի և Ավստրիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին՝ առաձնահատուկ կարևորելով գործարար կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Հուսով եմ, որ կկարողանաք այս միջոցառումը լավագույնս ծառայեցնել այդ նպատակին:

Նման հանդիպումները լավ հնարավորություն են գործարարների համար ընդլայնելու առկա տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև ուղենշելու համագործակցության նոր ոլորտներ: Ավստրիայի և Հայաստանի միջև առկա է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման բավականին լուրջ ներուժ, մասնավորապես ստեղծված է տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ: Այս այցի շրջանակներում այն հարստացավ տնտեսական ոլորտը կանոնակարգող ևս երկու համաձայնագրերով:

Մինչև 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը մեր երկրների առևտրաշրջանառությունը նկատելի աճ էր արձանագրում, սակայն ճգնաժամը բացասական ազդեցություն թողեց առևտրատնտեսական կապերի վրա, և շրջանառության նախկին ծավալը դեռևս, ցավոք, չի էլ վերականգնվել: Այս տեսանկյունից, կարծում եմ, հայ-ավստրիական գործարար համաժողովի անցկացումը միանգամայն արդիական է և արդարացված:

Կարևորում եմ հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի գործունեությունը՝ որպես արդյունավետ հարթակ տնտեսական կապերի զարգացման հետ կապված հարցերը քննարկելու համար: Իսկ այդ կապերի առաջանցիկ զարգացման համար մեծ դեր կարող է ունենալ հատկապես Ավստրիայում բնակվող փոքրաթիվ, բայց գործուն հայկական համայնքը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Բարձր եմ գնահատում նաև այն հանգամանքը, որ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանն ընդգրկվել է համագործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում: Հուսով եմ՝ մոտ ապագայում կյանքի կկոչվեն գյուղատնտեսության և վերականգնվող էներգիայի ոլորտներում քննարկվող համատեղ ծրագրերը: Ավելացնեմ, որ երկու ոլորտներն էլ ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար, և այդ ծրագրերի իրականացումը կարևոր է ոչ միայն մեր տնտեսության զարգացման, այլև անվտանգության տեսանկյունից:

Հայաստանը մեծ ներուժ ունի էլեկտրաէներգիայի արտադրման, ինչպես նաև արտահանման ասպարեզում, ինչը նույնպես ավստրիական ընկերությունների համար համագործակցության լայն հեռանկարներ է բացում: Հայաստանը մեծ թափով հետազոտում և օգտագործում է վերականգնվող էներգիայի բոլոր ճյուղերում առկա հնարավորությունները: Զգալի ներդրումներ ենք կատարում արևային, հողմային և հիդրո էներգիայի ոլորտներում: Լուրջ ծրագրեր ունենք օգտագործելու երկրաջերմային էներգիայի հնարավորությունները:

Մենք ռազմավարական նպատակ ունենք 2025 թվականին վերականգնվող էներգիայի սպառումը հասցնել 35%-ի: Ինչո՞ւ չօգտագործել Հայաստանի հնարավորություններն այս բնագավառում: Կարծում եմ ԵՄ-ն հավաքականորեն և Ավստրիան՝ անհատապես, հանդիսանում են այն գործընկերները, որոնք կարող են ՀՀ էներգետիկ ոլորտում խրախուսել արտաքին ներդրումները:

Ներկայումս մենք իրականացնում ենք նաև մեծ ենթակառուցվածքային ծրագրեր: Կառուցում ենք Հյուսիս-հարավ արագընթաց ավտոմայրուղին, որը սևծովյան նավահանգիստները կապելու է Պարսից ծոցի նավահանգիստների հետ: Ծրագրվում է նաև Հյուսիս­հարավ երկաթուղու կառուցումը: Մեր որոշ եվրոպական գործընկերներ արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցել այս ծրագրերին: Ավստրիացի գործարարներին կոչ եմ անում ակտիվ համագործակցություն հաստատել իրենց հայ գործընկերների հետ՝ դրանով իսկ առանցքային ներդրում ունենալով նաև մեր տարածաշրջանի հավասարաչափ զարգացմանը։

Կցանկանայի հատուկ ընդգծել նաև զբոսաշրջության ոլորտը, որտեղ համագործակցության զարգացման լավ հնարավորություններ կան: Ինչպես գիտեք, Հայաստանն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն: Միևնույն ժամանակ՝ հայերը բարձր են գնահատում այլ ժողովուրդների մշակույթը: Այն սերն ու համակրանքը, որ Հայաստանում տածում են ավստրիական մշակույթի հանդեպ, և մեր երկու երկրների մշակութային ժառանգությունը կարող են հենասյուն դառնալ մշակութային զբոսաշրջության ոլորտում սերտ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար: Հայաստանում զբոսաշրջության ոլորտը հիրավի զարգացման մեծ հեռանկար ունի: Կցանկանայինք տեսնել ավստրիական կապիտալի շոշափելի ներկայություն այս ոլորտում՝ մասնավորապես համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման գործում: Հաշվի առնելով թե՛ Ավստրիայում և թե՛ Հայաստանում ձմեռային տուրիզմի զարգացած ավանդույթը՝ կարող ենք արդյունավետ համագործակցություն ծավալել նաև այս բնագավառում:

Օգտագործելով այս պատեհ առիթը՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ավստրիայի կառավարությանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճի բեմական սարքավորումների ձեռքբերման և տեղադրման նպատակով 8 մլն եվրո արտոնյալ վարկ տրամադրելու համար:

Կցանկանայի խոսել նաև Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիների մասին, ինչը նույնպես համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռնում:

«Մարս» գործարանի և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքներում ազատ տնտեսական գոտի է ստեղծվել, որը պետք է ունենա բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ուղղվածություն` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտներում: Առաջարկում ենք քննարկել վերոնշյալ բնագավառներում գործող ավստրիական կորպորացիաների մասնակցության հարցը:

Ավստրիացի գործարարին կարող են հետաքրքրել նաև գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման ու պահածոյացման, քիմիական արդյունաբերության, լեռնային մետալուրգիայի, բանկային, առողջապահության և այլ ոլորտներ: Մեր պատկան մարմինները համապատասխան տեղեկություններ կտրամադրեն կամ գուցե արդեն տրամադրել են ձեզ նաև այդ ոլորտներում ծրագրերի և առկա հնարավորությունների վերաբերյալ:

Երևան-Վիեննա կանոնավոր չվերթներ է իրականացնում Ավստրիական ավիաուղիներ ընկերությունը, ինչը նույնպես շատ կարևոր հանգամանք է թե՛ տնտեսական կապերի, և թե՛ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:

Հարգելի՛ գործարարներ,

Արդեն երկու տարի է բանակցություններ են ընթանում Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ: Առանձնակի կցանկանայի նշել նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, ինչը նոր հնարավորություններ է բացելու նաև հայ-ավստրիական գործարար համագործակցության համար: Այս գործընթացները կբերեն նրան, որ Հայաստանը ԵՄ-ի հետ կունենա առավելագույնս ինտեգրված և ազատականացված տնտեսական հարաբերությունների համակարգ: Արդեն իսկ Հայաստանն օգտվում է ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգի համալրված ռեժիմից (GSP+): Կնքելու ենք նաև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման համաձայնագիր, ինչը կնպաստի հատկապես միջին բիզնեսի փոխշփումներին:

Բացի այդ, եվրոպական կառույցների ֆինանսական և փորձագիտական աջակցությամբ նախատեսում ենք երկրում լայնածավալ բարեփոխումների անցկացում՝ հարկային և մաքսային ոլորտ, դատական համակարգ, գործարար ընթացակարգերի թեթևացում, ինչը միայն ու միայն հեշտացնելու է ձեր աշխատելու հնարավորությունները:

Հավանաբար արդեն առիթներ ունեցել եք և վստահ եմ դեռ կունենաք ավելի մանրամասն ծանոթանալ Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին: Սակայն ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի ներկա մակրո-տնտեսական իրավիճակը գնահատվում է որպես կայուն, իսկ տարբեր ոլորտներում իրականացվող լայնածավալ բարեփոխումները մեր երկրի ներդրումային միջավայրը դարձնում են ավելի գրավիչ և պաշտպանված օտարերկրյա ներդրողների համար: ՀՀ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ մենք այս տարի կունենանք նախաճգնաժամային համախառն ներքին արդյունք, որ անցյալ տարին մենք փակել ենք 4.7 տոկոս տնտեսական աճով, բայց մոռացավ ասել, որ արդյունաբերության ոլորտում մենք արդեն երրորդ տարին է, որ ունենք 10 տոկոսից ավելի աճ: Ես կարծում եմ՝ սա այն հանգամանքն է, որ կարող է հետաքրքրել նաև գործարարներին:

Վստահ եղեք, որ հայ-ավստրիական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված ձեր բոլոր ջանքերը գտնվելու են մեր երկու երկրների իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում: Ես, գոնե, Հայաստանի Հանրապետության համար սա կարող եմ երաշխավորել, և հայկական կողմը պատրաստ է խոշոր ներդրումների պարագայում, հատկապես եթե այդ ձեռնարկություններն ունենալու են նորարական արտադրանք, ընդունել հատուկ օրենք տվյալ ներդման մասին և տալ հարկային արտոնություններ, այդ թվում՝ նաև արտոնություն մի քանի տարվա համար շահութահարկի գծով:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, թույլ տվեք այսքանով ավարտել խոսքս և գործարար համաժողովին մաղթել արգասաբեր աշխատանք:

← Վերադառնալ ցուցակին