Լուրեր

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը

24.07.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի այցը նոր ազդակ կհաղորդի հաստատուն կերպով զարգացող հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Նարիշկինի անձնական ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ամուր պատմական հիմքերի վրա կառուցված և դաշնակցային ոգով զարգացող փոխհարաբերություններն ավելի խորացնելու գործում: Սերժ Սարգսյանի խոսքով, անսասան այդ հարաբերությունները հանդիսանում են Հայաստանի անվտանգության անկյունաքարը:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը ևս գոհունակությամբ է արձանագրել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը և ընդգծել, որ Ռուսաստանը թանկ է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցությունը, որոնք, նրա խոսքով, հատկապես վերջին տասը տարիներին ավելի են ակտիվացել: Սերգեյ Նարիշկինը կարևորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում և վստահեցրել, որ Հայաստանի խորհրդարանի գործընկերների հետ միասին կանեն ամեն հնարավորը՝ նպաստելու երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև կապերի առավել սերտացմանը: 

← Վերադառնալ ցուցակին