Լուրեր

Վերաբացվել է հիմնանորոգված <<Զեյթուն>> մշակութային կենտրոնը

16.08.2012

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի <<Զեյթուն>> մշակութային կենտրոնի հանդիսավոր վերաբացմանը: Ալեքսանդր Թամանյանի նախագծով դեռ 50-ական թվականներին կառուցված մշակութային այս օջախը ավելի քան 18 տարի պարապուրդի էր մատնված:Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերում` մշակույթի տունն ամբողջությամբ հիմնանորոգվել է և նոր ուսումնական տարում ամբողջովին նորոգված ու անհրաժեշտ բոլոր հարմարություններով կահավորված իր դռները կբացի սաների առջև:Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է խմբակներով, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ի դեպ, վարչական շրջաններ կատարվող պարբերական շրջայցերի շրջանակում քաղաքապետը քանիցս անձամբ այցելել ու հետևել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:Հիմնանորոգման ծրագրի շրջանակում շենքում առանձնացված արվեստի խմբակների դասասենյակները կահավորվել են համապատասխան գույքով, դահլիճն ու բեմն էլ վերազինվել են անհրաժեշտ տեսաձայնային և լուսային ժամանակակից տեխնիկական միջոցներով: Բեմի ներկա կահավորումը հնարավորություն է ընձեռում ինչպես պարային և թատերական միջոցառումներ բեմադրել, այնպես էլ կազմակերպել կինոդիտումներ:<<Զեյթուն>> մշակութային տան վերաբացման առիթով շնորհավորելով վարչական շրջանի բնակիչներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող թամանյանական եզակի այս կառույցը այսուհետ լիովին կծառայի մատաղ սերնդի մշակութային կրթություն ստանալու շնորհակալ գործին:<<Մշակույթի այս օջախը կծառայի ոչ միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներին, այլ ամբողջ Երևանի արվեստասեր փոքրիկներին: Մեծն Թամանյանի նախագծած շենքն այսօր կանգուն է, վերանորոգված, և մենք հանձնելու ենք այն մշակութային կրթություն ստացող մեր սերունդներին: Վերջին երեք տարիների ընթացքում քաղաքապետարանի ծրագրերում մշտական ուշադրության կենտրոնում են մշակութային օջախները: Մենք հայտարարել էինք, որ պետք է կարճ ժամանակահատվածում հիմնանորոգման լուրջ աշխատանքներ իրականացնենք մշակութային օջախներում, ինչն էլ այսօր հետզհետե կյանքի է կոչվում: Վստահեցնում եմ բոլոր երևանցիներին, որ այս ծրագրերը լինելու են շարունակական բոլոր վարչական շրջաններում և այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, քաղաքային իշխանությունը, օր ու գիշեր աշխատելով, կհասնի իր նպատակին>>,- շեշտել է քաղաքապետը:Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մշակույթի զարգացման ու տարածման գործում ունեցած ավանդի համար մի շարք անձինք պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով: Հիմնանորոգված մշակույթի տունը հնարավորություն կտա կրկնապատկելու, անգամ եռապատկելու խմբակներ հաճախող երեխաների թիվը: 

← Վերադառնալ ցուցակին