Լուրեր

Վարչապետն ընդունել է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորած պատվիրակությանը

22.09.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարևորում և բարձր ենք գնահատում ՀՕՖ-ի գործունեությունը, որը Հայաստանում իրականացրել է բազմաթիվ մարդասիրական և բարեգործական աշխատանքներ»:
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նախ շնորհավորել է վարչապետին Հայաստանի անկախության տոնի առթիվ և նշել, որ ՀՕՖ-ը պատրաստ է շարունակել իր առաքելությունը` նաև ներդրումների ներգրավման ուղղությամբ:
Այնուհետև Հայ օգնության ֆոնդի ատենապետ Ռենդի Սապահ-Գուլյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել Հայաստանում սպասարկման ոլորտում իրականացվելիք ներդրումային ծրագիրը:
Վարչապետ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և վստահեցրել, որ կառավարությունը խթանում է նման ծրագրերը ու պատրաստ է օժանադակություն ցուցաբերել կատարվելիք աշխատանքների ընթացքում:
Ռենդի Սապահ-Գուլյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի կառուցվելիք կենտրոնը սպասարկման ոլորտում կապահովի 400-ից մինչև 1000 աշխատատեղ` սպասարկելով անգլերեն և ռուսերեն լեզուներով հաղորդակցվող սպառողներին:
Վարչապետն առաջարկել է նաև ուշադրություն դարձնել արաբախոս սպառողների ուղղությամբ, քանի որ Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով բազմաթիվ արաբախոս սփյուռքահայեր վերադառնում են Հայաստան,. բացի այդ, պետք է հաշվի առնել նաև աշխատաշուկայում վերջիններիս ներգրավելու հարցը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀՕՖ-ի գործունեությանը, մասնավորապես, կրթական և առողջապահական բնագավառներում իրականացվող ծրագրերին:
 

← Վերադառնալ ցուցակին