Լուրեր

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերը ստորագրել են համաձայնագիր

28.09.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ մայրաքաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրվել է բարեկամության համաձայնագիր:Երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակ հետապնդող համաձայնագրով նախատեսվում է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ծավալել գործընկերային սերտ փոխգործակցություն, ինչպես նաև երկու քաղաքներում գործող կազմակերպությունների, և գործարար շրջանակների միջև առկա կապերի ամրապնդում:Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին համաձայնագրի ստորագրման նախաձեռնության համար` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ այն իսկապես անհրաժեշտություն էր, հատկապես հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային փորձն ու գիտելիքները, որոնց փոխանցումը հաստատապես կնպաստի ԼՂՀ մայրաքաղաքի կառավարման արդյունավետության բարձրացմանը:<<Համայն հայության մայրաքաղաք Երևանն այսօր բարեկամության և համագործակցության ձեռք է մեկնում մարտնչող Արցախի մայրաքաղաքին: Ես ողջունում եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի այս նախաձեռնությունը և համոզված եմ, որ այս համաձայնագրի շրջանակում մենք հնարավորություն կունենանք առավել լայն դաշտում համագործակցել>>,- նշել է Սուրեն Գրիգորյանը:Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նկատել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա հարաբերությունների մակարդակը, ինքնին ենթադրում է, որ պետք է խթանել երկու պետությունների համայնքների միջև հարաբերությունների զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը:<<Մեր աշխատանքային խմբերի կողմից նախանշված բոլոր առաջնահերթությունները շատ կարճ ժամանակում կստանան ծրագրային ընթացք, և վստահ եմ, որ արդյունքները ևս երկար սպասել չեն տա: Մեր լիազորությունների շրջանակում մենք նաև կանենք հնարավորը, որպեսզի խթանենք երկու քաղաքներում գործող մասնավոր ընկերությունների միջև կապերի ստեղծումն ու դրանց ամրապնդումը>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային խմբերի նիստերը հաջորդաբար գումարել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում և համագործակցության ծրագրի կատարման ընթացքի մասին յուրաքանչյուր կիսամյակը մեկ քաղաքապետերին ներկայացնել առկա արդյունքները:Մինչ համաձայնագրի ստորագրումը քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:Ի խորհրդանշումն Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրման, Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ համապատասխան գրառումով գեղեցիկ նստարաններ են նվիրվել Ստեփանակերտին, որոնք արդեն իսկ զարդարում են ԼՂՀ մայրաքաղաքի <<Վերածննդի>> հրապարակը, այգիներն ու քաղաքի կենտրոնական փողոցները:

← Վերադառնալ ցուցակին