Լուրեր

Մեկնարկեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ- փառատոնի մարզային եզրափակիչ փուլը

10.10.2012

Հոկտեմբերի 10-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, խորհրդարանի փոխնախագահները եւ մի խումբ պատգամավորներ այցելեցին Հաղպատ` մասնակցելու ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ- փառատոնի մարզային եզրափակիչ փուլի բացման արարողությանը: Նշենք, որ ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ փառատոնը, որն անցկացվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, մեկնարկել է սեպտեմբերի 5-ին եւ նվիրված է Սայաթ-Նովայի 300 եւ Եղիշե Չարենցի 115- ամյա հոբելյաններին: Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕՆ 2012թ. իր մշակութային հոբելյանական ծրագրի ցանկում ներառել է նաեւ Սայաթ-Նովայի 300 ամյակը: Եվ, քանի որ Հաղպատի վանքում է Սայաթ- Նովան երկու տասնամյակ ապրել, ձեռնադրվելով նախ քահանա, ապա` վարդապետ, ուստի փառատոնի մարզային եզրափակիչ փուլը մեկնարկեց Լոռու մարզի նույնանուն համայնքում, որտեղ եւ գտնվում է վանքը: ԱԺ նախագահը, պատգամավորներն ու մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամները Գուգարաց թեմի հոգեւոր առաջնորդի ուղեկցությամբ եղան Հաղպատավանքում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորեց Հաղպատի վանքը ոչ միայն որպես աղոթավայր ու մշակութային արժեք, այլեւ որպես զբոսաշրջության կենտրոն: Նա տեղեկացավ, որ վանքը չունի ջահ եւ խոստացավ, որ ջահը կպատրաստվի ու կտեղադրվի համալիրի Սուրբ Նշան եկեղեցում:

Մրցույթ փառատոնը մեկնարկեց Հաղպատի մշակույթի տանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջույնի խոսքում կատարած աշխատանքների համար շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին, մարզի ղեկավարությանը:

«Փառատոնը մեզ հանարավորություն կտա մեր ապագա սերնդի մոտ վերականգնելու սերը դեպի հայ գրականությունն ու պոեզիան, վերադարձնելու դեպի արմատները, ինչը շատ կարեւոր է: Այս փառատոնը հարգանք է առաջացնում մեր անցյալի, մշակույթի, մեր մեծերի նկատմամբ: Համոզված եմ, որ այն վայելելու է ավելի մեծ ժողովրդականություն եւ ավելի կսիրվի ժողովրդի կողմից: Կարեւոր է նաեւ մեր այսօրվա համար, մեր միասնականության համար. այն միավորում է մեր աշակերտներին Արցախի եւ Ջավախքի իրենց եղբայրների ու քույրերի հետ, հնարավորություն տալիս շփվելու միմյանց հետ-ասաց Հովիկ Աբրահամայնը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահի աջակցությամբ «Մարզերի համաչափ զարգացման ծրագրի» շրջանակներում 2013թ սկզբին կվերանորոգվի Հաղպատ համայնքի մշակույթի տունը եւ համայնքը կունենա բարեկարգ մշակութային կենտրոն:

Այցի շրջանականերում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նաեւ Հաղպատի միջնակարգ դպրոցի ուսուցիչների հետ: Նա կարեւորեց եւ բարձր գնահատեց ուսուցչի աշխատանքը մատաղ սերնդի դաստիարակաման գործում: Ուսուցչի տոնի առթիվ եւ կրթության ոլորտում մեծ ներդրման համար խորհրդարանի նախագահը ԱԺ պատվոգրով եւ շնորհակալագրերով պարգեւատրեց դպրոցի 4 ուսուցիչների:

«Մենք բարձր ենք գնահատում ձեր վաստակը մեր պետության կայացման գործում: Ուսուցիչները նույնիսկ ամենադժվար տարիներին չլքեցին դպրոցը: Մենք լավ ապագա կունենանք մեր միասնական, համատեղ աշխատանքի շնորհիվ», -նշեց ԱԺ նախագահը:

Հանդիպման ընթացքում ուսուցիչները ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջարկները: Նրանք ցանկություն հայտնեցին տոնելու Հաղպատի կրթօջախի 1000-ամյակը, Սայաթ-Նովայի անունով վերանվանելու դպրոցը եւ հնարավորության դեպքում վերանորոգելու: ԱԺ նախագահը խոստացավ ընդառաջել ուսուցիչների ցանկությանը, դիմել Հանրապետության նախագահին, որ հանձնարարական տա կառավարությանը` դպրոցի վերանորոգման խնդիրը լուծելու համար:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զրուցեց նաեւ լրագրողների հետ, պատասխանեց նրանց հարցերին: Նա գոհունակությամբ փաստեց, որ տարեցտարի ավելանում է ասմունքի մրցույթ-փառատոնի մասնակիցների թիվը: Առաջին մրցույթ փառատոնին մասնակցել է 5 հազար դպրոցական, իսկ 4-րդ փառատոնի մասնակիցների թիվն արդեն 135 հազար էր: Փառատոնն ընդլայնել է նաեւ իր սահմանները` ընդգրկելով Արցախն ու Ջավախքը: Նա հույս հայտնեց, որ լավ գործը լավ արդյունք ու լավ ավարտ կունենա:  

← Վերադառնալ ցուցակին