Լուրեր

Ամփոփվեցին ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի արդյունքները

10.10.2012

ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը hոկտեմբերի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփեց հոկտեմբերի 5-7-ը Տիրանայում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի արդյունքները:

Արտաշես Գեղամյանը ելույթ է ունեցել նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Տնտեսական եւ ֆինանսական հաղթահարում» եւ «Բազմազգ ու բազմամշակութային հասարակությունների խթանումն ու պաշտպանությունը ԵԱՀԿ տարածաշրջանում» թեմաներով, ինչպես նաեւ խոսել է ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ հայ սպա Գուր•են Մարգարյանին քնած ժամանակ սպանած ադրբեջանական բանակի ոճրագործ սպային արտահանձնելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի մասին:

Նստաշրջանի ավարտին Թուրքիայի պատվիրակության ղեկավար Էմին Օնենը ներկայացրել է թուրք-սիրիական սահմանին ընթացող զարգացումներին առնչվող բանաձեւ, ինչի վերաբերյալ Արտաշես Գեղամյանը բացասական կարծիք է հայտնել՝ հիմնավորելով, որ բանաձեւի ընդունումը երբեք չի նպաստի առանց այդ էլ շիկացած վիճակը մեղմելուն: «Հայկական պատվիրակությունը չի կարող անտարբեր գտնվել այն պարզ պատճառով, որ Սիրիայում բնակվում է ավելի քան 85 հազար հայ»,- ասել է նա:

Հայկական պատվիրակության ղեկավարից հետո ելույթ են ունեցել Հունաստանի, Ավստրիայի եւ Իտալիայի պատվիրակները, ովքեր նշել են, թե հարցն ունի միայն խաղաղություն հաստատելու առաքելություն, ուստի առաջարկել են ձեռնպահ մնալ: Հարցի վերաբերյալ երկրորդ անգամ ելույթ ունենալով՝ Արտաշես Գեղամյանն ասել է.«Եթե այսօր` այս նիստի ժամանակ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը երաշխավորում է հայերիս անվտանգությունը, ապա, այո, այն փաստաթղթում ձեւակերպելուց հետո հայկական պատվիրակությունը ձեռնպահ կմնա»: Տեղեկացվեց, որ բանաձեւը չի դրվել քվեարկության եւ հայտարարվել է, որ այն ընդունվում է կոնսեսուս մինուս մեկով:  

← Վերադառնալ ցուցակին