Լուրեր

Ռումինացի խորհրդարանականը դիվանագիտական մեծ սխալ է համարել մարդասպանին փառաբանելու Ադրբեջանի նախագահի քայլը

16.10.2012

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 15-ին Բուխարեստում հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատի ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցության ղեկավար, ռումինահայ համայնքի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա խորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների ակտիվացման, խորհրդարանական մակարդակում կապերի զարգացման, խորհրդարանականների կողմից բարձրացվող երկկողմ հետքրքրություն ներկայացնող հարցեր: Վարուժան Փամբուկչյանը ներկայացրել է ռումինահայ համայնքի ընթացիկ աշխատանքները, նշվել են համայնքի հիմնախնդիրները, Հայաստանի հետ գործակցության ոլորտներն ու այդ ուղղությամբ իրականացվելիք հրատապ աշխատանքները:
Արտակ Զաքարյանը հանդիպել է նաեւ իր գործընկերոջ՝ Ռումինիայի խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու հանձնաժողովների միջեւ համագործակցություն հաստատելու հարցը, ինչը հնարավորություն կտա նպաստել խորհրդարանական տարբեր հարթակներում փոխադարձ աջակցությանն ու համատեղ ձեռնարկներով հանդես գալուն: Արտակ Զաքարյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ դրանում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները:
Լասլո Բորբելին եւս կարեւորել է խորհրդարանականների միջեւ հարաբերությունների ակտիվացումն ու համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնեց նպաստել երկուստեք այցելությունների եւ համատեղ ծրագրերի իրականացմանը: Լինելով «Ռումինիայում հունգարացիների դեմոկրատական միություն» կուսակցության ներկայացուցիչ` եւ ազգությամբ հունգարացի, Լասլո Բորբելին ափսոսանք է հայտնել կատարվածի համար եւ դիվանագիտական մեծ սխալ համարեց Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին փառաբանելու եւ հերոսացնելու քայլերը:
Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 16-ին Բուխարեստում կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի աշխատանքներին: 

← Վերադառնալ ցուցակին