Լուրեր

Բացվեց «ArmProd EXPO» ցուցահանդեսը

19.10.2012

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «ArmProd EXPO» ցուցահանդեսի բացմանը, որին մասնակցում են սննդամթերք և խմիչքներ արտադրող հայրենական ընկերություններն ու մատակարարները: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված ընկերությունների արտադրանքին և առաջիկա ծրագրերին:
Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման ցուցահանդեսները նպաստում են նաև արտադրական բնագավառի զարգացմանը: «Մեր նպատակն է օժանդակել հայրենական ձեռնարկություններին իրացման նոր շուկաներ գտնելու գործում: Ցուցահանդեսին մասնակից որևէ մի ձեռնարկություն չկա, որն իր ապրանքը չի արտահանում, և դա մեր գերակա ուղղությունն է: Մեր այցելած բոլոր տաղավարների ներկայացուցիչները նշեցին, որ այս տարի արտադրական ծավալների առնվազն 20 տոկոսի աճ են արձանագրել: Հանդիպեցինք նաև այնպիսի ձեռնարկությունների, որոնք արտադրական ծավալները կրկնապատկել են, բարձրացրել աշխատավարձերը և ավելացրել աշխատատեղերը»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ընթացիկ տարվա տնտեսական աճի շարժիչը գյուղատնտեսությունն է, որտեղ առկա է իրավիճակի որակական բարելավում, և կառավարության խնդիրն է առաջիկա տարիների ընթացքում պահպանել զարգացման այդ տեմպերը:
Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ընկերություններին հանրությանը ներկայացնել իրենց արտադրանքի ողջ տեսականին, գտնել շահավետ գործընկերներ կամ ներդրողներ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին