Լուրեր

Երևանի քաղաքապետը հանդիպել է <<Հյունդայի>> ընկերության ներկայացուցիչների հետ:

19.10.2012

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Հյունդայի>> ընկերության ներկայացուցիչների հետ:
Ներկայացնելով Երևանի տրանսպորտի զարգացման հայեցակարգի ընդհանուր ուղղությունները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ներկայում շարունակվում է միկրոավտոբուսները մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելու գործընթացը:
<<Այժմ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Ուղևորափոխադրում իրականացնող որոշ ընկերություններ դիմել են <<Հյունդայի>> ընկերությանը նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար, և կարևոր է, որպեսզի դրանք ժամանակացույցի համաձայն ներկրվեն Երևան և հանձնվեն շահագործման>>,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ հաջող համագործակցությունը կնպաստի, որպեսզի հետագայում ևս ծավալվի փոխշահավետ և արդյունավետ գործակցություն:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` <<Հյունդայի>> ընկերությանը ԱՊՀ և Կենտրոնական Եվրոպայի մասով տնօրենի օգնական Ռոյ Կվոնը վստահեցրել է, որ ընկերության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ` պայմանավորվածության համաձայն առաքումն ապահովելու համար: <<Երևանը մեզ համար լավ գործընկեր է և մենք հույս ունենք զարգացնելու հարաբերությունները` շարունակելով փոխգործակցության ծրագրերը>>,- ընդգծել է Ռոյ Կվոնը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է նաև Երևանում ստեղծել <<Հյունդայի>> ավտոբուսների վերանորոգման և սպասարկման բազա:

← Վերադառնալ ցուցակին