Լուրեր

Հանդիպում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

19.10.2012

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալիբ Ռիֆային, ով Հայաստան էր ժամանել` մասնակցելու հոկտեմբերի 18-19-ը Երևանում անցկացվող «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովին:
Պարոն Ռիֆան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և գոհունակություն հայտնել համաժողովի աշխատանքների ընթացքի կապակցությամբ: ՄԱԿ-ի ԶՀԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ տպավորված է մեր երկրի զբոսաշրջության ոլորտի առաջընթացով: Նա ընդգծել է միջազգային համաժողովի արդյունքում «Երևանյան հռչակագրի»` միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության կարևորության վերաբերյալ փաստաթղթի ստորագրման կարևորությունը, որը խրախուսում է զբոսաշրջության զարգացումը և համամարդկային արժեքների հանդեպ հարգանքը։
Զրուցակիցները քննարկել են մեր երկրում զբոսաշրջության զարգացման հեռանկարները: Վարչապետը նշել է, որ չնայած ոլորտում արձանագրվող 5 տոկոսանոց կայուն աճին` ՀՀ կառավարության առաջնահերթություններից է զբոսաշրջության շարունակական զարգացման քաղաքականության իրականացումը: Կարևորվել է Հայաստանի ողջ տարածքում զանգվածային տուրիզմի զարգացման բարենպաստ միջավայրի ձևավորումը, տեղական զբոսաշրջության ներուժի իրացումը, ներդրումների խթանումը հյուրանոցաշինության բնագավառում, մատչելի հյուրանոցային ցանցի ստեղծումը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը և կապերի հաստատումը ոլորտում առաջատար երկրների հետ:
ՄԱԿ-ի ԶՀԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին վերոնշյալ հարցերի լուծման գործում:

← Վերադառնալ ցուցակին