Լուրեր

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին

19.10.2012

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին:
Ողջունելով դեսպանին եւ հաջողություններ մաղթելով նրան իր դիվանագիտական առաքելության մեջ ` ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները բոլոր ուղղություններով կայուն զարգանում են: Նա բարձր գնահատեց առկա քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը ուրախությամբ փաստեց, որ միջխորհրդարանական հարաբերությունները ակտիվանում եւ ամրապնդվում են: Աժ նախագահը անհրաժեշտ համարեց փոխգործակցության ակտիվացումը ոչ միայն երկկողմ այլ նաեւ բազմակողմ ձեւաչափերով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գերմանիայի դեսպանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը:Նրա խոսքով` Գերմանիան մեծապես կարեւորում է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումը տարբեր ուղղություններով:

Զրուցակիցները կարեւորեցին «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը, որը գործում է 1998 թ.-ից, եւ հայաստանցի բազմաթիվ երիտասարդներ պրակտիկա են անցել Բունդեսթագում: Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Լամմերթի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Ազգային ժողովում նմանատիպ ծրագրի իրականացման հնարավորության մասին. արդեն կայացել են գործնական բանակցություններ Ազգային ժողովի աշխատակազմի եւ Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչների միջեւ` ՀՀ Ազգային ժողովում պրակտիկա անցնելու նպատակով 2013 թվականից Գերմանիայի 2 շրջանավարտ ընդունելու վերաբերյալ: «Սա եւս մեկ քայլ է միջխորհրդարանական համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:  

← Վերադառնալ ցուցակին