Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Ռուս-հայկական 5-րդ արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը

24.10.2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 24-ին մասնակցեց Ռուս-հայկական 5-րդ արդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին` խորհրդարանի ղեկավարը նշեց, որ ավանդական դարձած այս միջոցառումն այն հարթակն է, որտեղ փոխշահավետ կապերի հաստատումը, նոր գաղափարների առաջացումը եւ գործնական ծրագրերի իրականացումը ստեղծում են մրցակցության դաշտ, ուստի նաեւ համագործակցություն:

«Անշուշտ, յուրաքանչյուր ձեռնարկություն, ինչպես նաեւ դրանք ներկայացնող երկրները՝ ի դեմս Հայաստանի եւ Ռուսաստանի, ունեն տարբեր հնարավորություններ, տարբեր շուկաներ, տարբեր գործընկերներ: Մեկտեղելով եւ համադրելով այդ ամենը՝ կարելի է հասնել ավելի մեծ ձեռքբերումների, իսկ տնտեսության բնագավառում յուրաքանչյուր ձեռքբերում նշանակում է առաջընթացի եւս մեկ քայլ, զարգացման եւս մեկ խթան, ինչը, ի վերջո, հանգեցնում է երկրի տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը»,-նշեց Ազգային ժողովի նախագահը: Նրա խոսքով՝ գլոբալիզացիայի պայմաններում տնտեսական դաշտում առաջացած փոփոխություններն ասպարեզ են բերում նոր մարտահրավերներ, որոնց յուրաքանչյուր երկիր փորձում է դիմագրավել յուրովի՝ սեփական կարողությունները ծառայեցնելով իր տնտեսական ավանդական ներուժի լիարժեք օգտագործման եւ գործընկերների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատման նպատակին:

«Այնպիսի ռազմավարական գործընկերների պարագայում, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը, համագործակցելու հնարավորությունները շատ ավելի լայն են, հաշվի առնելով այդ գործընկերության ամուր հիմքերն ու վստահությունը միմյանց նկատմամբ եւ այն ընդհանրությունները, որոնք հատուկ են երկու երկրների տնտեսվարողներին՝ իրենց տարբերություններով հանդերձ: Ռուսաստանը եղել եւ մնում է առեւտրատնտեսական խոշոր գործընկեր Հայաստանի համար»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Խոհրդարանի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ Ռուս-հայկական 5-րդ արդյունաբերական ցուցահանդեսը հերթական անգամ դառնալու է Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական հնարավորությունների դրսեւորման, հուսալի փոխգործակցության, գործընկերային նոր կապերի ստեղծման եւ առկա կապերի ընդլայնման հարթակ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շրջեց ցուցասրահում, ծանոթացավ մասնակիցների տաղավարներին, ներկայացված ամենատարբեր ապրանքատեսակներին ու տեխնոլոգիաներին:

Ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանի եւ Ռուսաստանի հարյուրից ավելի ընկերություններ:

← Վերադառնալ ցուցակին