Լուրեր

2014թ.-ին ևս շուրջ 400 բակ կբարեկարգվի ու կկահավորվի

20.01.2014

 Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում բակերի բարեկարգման աշխատանքները վերջին մի քանի տարիների ընթացքում հասան աննախադեպ ծավալների:
Գործընթացն իրականացվեց մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Բնակիչների լիարժեք հանգսիտն ու հարմարավետությունն ապահովելու նպատակով բակային տարածքներում ցուցաբերվեց համալիր մոտեցում:
Ասֆալտապատման, արտաքին լուսավորության ու ոռոգման համակարգերի արդիականացման և կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվեցին նաև կահավորման աշխատանքներ:
Միայն 2013թ. ընթացքում բարեկարգված ավելի քան 400 բակերում տեղադրվել են 380 մանկական տարբեր խաղեր, շուրջ 700 մարզական գույք, 1700 նստարաններ, 200 զրուցարաններ ու ֆուտբոլի 19 փոքր խաղադաշտեր:
Որոշ բակերում տեղադրվել են նաև ցայտաղբյուրներ ու շատրվանային փոքրիկ համալիրներ: 2013թ. ծրագրի շրջանակում շուրջ 240 բակերում էլ ընդհանուր գումարով 11990 քմ մակերեսների նկարազարդման աշխատանքներ են իրականացվել:
Հարմարավետ ու բարեկարգ մայրաքաղաք ունենալուն ուղղված քաղաքային իշխանության որդեգրած այս քաղաքականությունը 2014 թվականին էլ նշանակալի զարգացումներ կունենա:
Բակերի բարեկարգման այս տարվա ծրագրով արդեն իսկ ամրագրված ու հաստատված ևս 400 բակերի բարեկարգման աշխատանքները գարնանից սկսած գործնական ընթացք կստանան:
Գործընթացը բոլոր բակերում այս տարի ևս իրականացվելու է նույն սկզբունքներով, չափորոշիչներով ու մոտեցումներով: 2014-ին բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում շարունակական է լինելու նաև Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը:

← Վերադառնալ ցուցակին