Լուրեր

2014 թվականին մայրաքաղաքի համատիրությունների աշխատանքները կլինեն առավել թափանցիկ և նպատակային

23.01.2014

 2014 թվականի ընթացքում բազմաբնակարան շենքերում նախատեսված ընթացիկ և ծրագրային աշխատանքները արագ ու արդյունավետ կազմակերպելու խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի` վարչական շրջաններում գործող համատիրությունների նախագահների և աշխատանքները համակարգող, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բնագավառի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են նաև քաղաքապետարանի տվյալ ոլորտների պատասխանատուները:
Կառլեն Ղազարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես բազմաբնույթ աջակցություն է ցուցաբերել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին ու այսուհետ էլ հնարավորին չափով սատարելու է: Սակայն ոչ բոլոր դեպքերում է կատարված աշխատանքների որակը գոհացնում բնակիչներին` հաճախ հարուցելով նրանց արդարացի դժգոհությունը: Պահանջ է դրվել առավելագույն կարճ ժամկետում արձագանքել բնակիչների` թեժ գծով կամ անմիջականորեն բարձրացված խնդիրներին և դրանց տալ հիմնավոր լուծումներ`միաժամանակ ներկայացնելով հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ:
Մասնավորապես, տարվա այս շրջանում ու հատկապես տեղումների օրերին ոչ բոլոր համատիրություններն են աջակցում ձնամաքրմանն ու շքապատշգամբներից կախված սառցալեզվակների հեռացմանը կամ դա թերի են կատարում: Կառլեն Ղազարյանը նշել է, որ, պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով, կկազմակերպվեն անակնկալ ստուգայցեր:
Մինչ այդ առանձին ուղղություններով թերացած համատիրությունների ղեկավարներին Կառլեն Ղազարյան հորդորել է հնարավորին կարճ ժամկետում շտկել նկատված բացթողումները: Լսելով ներկաների կարծիքները՝ Կառլեն Ղազարյանը հույս է հայտնել, որ համատիրությունների աշխատանքների արդյունավետությունը 2014 թվականին կլինի ավելի բարձր:

← Վերադառնալ ցուցակին