Լուրեր

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՉԵԽԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՅԱՆ ՀԱՄԱՉԵԿԻ ՀԵՏ

31.01.2014

 Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չեխիայի Հանրապետություն: Այսօր առավոտյան Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ:

Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Յան Համաչեկին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք մեծապես կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը հայ-չեխական համագործակցության զարգացման և կապերի ամրապնդման գործում: Նրանք պատրաստակամություն են հայտնել զարգացնելու փոխգործակցությունը և շփումները՝ փոխադարձ վստահության ու փոխշահավետության հիմքի վրա։

Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ վերջին տարիներին զգալիորեն աշխուժացել են միջխորհրդարանական շփումները երկու երկրների միջև, ակտիվացել են խորհրդարանականների փոխայցերը, ինչը, Նախագահի կարծիքով, լավ նախադրյալներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության շահերին առնչվող արդիական հարցերի վերաբերյալ փոխադարձ ընկալումը խորացնելու, ինչպես նաև միջազգային խորհրդարանական ձևաչափերում համագործակցություն ծավալելու համար: Նշելով, որ 2012թ. Հայաստանի Ազգային ժողովի նախագահն այցելել է Չեխիա, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ուրախ կլիներ Հայաստանում հյուրընկալելու Չեխիայի խորհրդարանի ղեկավարությանը:

Հայաստանի Նախագահը և Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահը համակարծիք են եղել, որ երկուստեք պետք է խրախուսել նաև բարեկամական խմբերի փոխայցելությունները, քանի որ միջխորհրդարանական համագործակցությունն այն հարթակն է, որտեղ պետք է լսելի լինեն միմյանց հուզող և հետաքրքրող հարցերը՝ այդպիսով նպաստելով երկու երկրների և ժողովուրդների բարեկամության սերտացմանը: Այս համատեքստում Յան Համաչեկը գոհունակությամբ է նշել, որ խորհրդարանական վերջին ընտրություններից հետո կարճ ժամանակահատվածում ձևավորվել է մեծաքանակ հայ-չեխական բարեկամության խումբ, որը, նրա համոզմամբ, լավ հիմք է փոխադարձ արդյունավետ աշխատանքի համար:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև 20-րդ դարի Չեխոսլովակիայի և Չեխիայի պետականության համար կարևոր նշանակություն ունեցող կառույցներից մեկը՝ Վիտկովի ազգային հուշահամալիր: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել Անհայտ զինվորի հիշատակին:

 

← Վերադառնալ ցուցակին