Լուրեր

Հանրությանը հուզող խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են

06.02.2014

 Վերացվել են Վանաձորի խոշոր վթարի հետևանքները
Մաքսային միությանն անդամակցելու հետևանքով հնարավոր ինֆլացիոն ճնշումը չի գերազանցի 1.5 տոկոսը
Մատչելի բնակարաններ կկառուցվեն պետական ծառայողների համար
Ե վ սերմացուն, և պարարտանյութը, և վառելիքը 2014թ. մատակարարվելու են նախորդ տարվա գներով
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի շինարարությունը հնարավորինս արագացնելու անհրաժեշտությունը
Ուռուցքաբանության կենտրոնի բիզնես-ծրագիրն էական տնտեսումով է իրականացվում


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, Տիգրան Սարգսյանն անդրադարձել է հանրությանը հուզող մի շարք հարցերի: Վանաձոր քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություն է տվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը. «Մի քանի օր առաջ Վանաձորում, գազի հիմնական մայրուղու վրա, խոշոր վթար է տեղի ունեցել, և սպասարկող ընկերությունը բնակչության անվտանգությունն ապահովելու համար քաղաքի գազամատակարարումը դադարեցրել է: Որպես դրա հետևանք հատկապես ջեռուցման հետ կապված խնդիրներ են սկսել առաջանալ ոչ միայն բազմաբնակարան շենքերում, այլ նաև տարբեր ձեռնարկություններում և հիմնարկներում: Նույն օրը հայտնաբերվել է վթարի հիմնական տեղը. բավական բարդ վթար է եղել և իր էությամբ, և´ հետևանքներով: Երեքշաբթի օրվանից մասամբ սկսել է վերականգնվել գազամատակարարումը: Երեկ մի քանի անգամ ես առիթ եմ ունեցել նաև զրուցելու «Հայռուսգազարդ»-ի գլխավոր ինժեների հետ, և երեկոյան ժամը 23:30-ի կողմերը վթարն, ըստ էության, վերացվել է: Հաշվի առնելով տեխնոլոգիական սպասարկմանն անհրաժեշտ ռեժիմները՝ գիշերվանից գազն սկսել է բաշխվել արդեն ամբողջ համայնքում՝ Վանաձոր քաղաքում: Հուսով ենք, որ այսօր օրվա ընթացքում գազի բոլոր սպառողները, ովքեր դրա անհրաժեշտությունը կունենան, կկարողանան գազն ստանալ: Որպես հետևանք նաև բավական ցուրտ եղանակային պայմաններում բնակչության զգալի մասն սկսեց ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել՝ տաքացուցիչ սարքավորումներ օգտագործելով: Լարվածության և մեծ ճնշումների հետևանքով սկսեցին խափանումներ առաջանալ նաև էներգամատակարարման համակարգերում:
Դրանք էլ աստիճանաբար վերացվում են, առավոտյան մարզպետը տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի համայնքային և պետական հիմնարկությունները առողջապահական և կրթական նորմալ աշխատանքային հուն վերադառնան ջեռուցումը ապահովելով: Այս պահի դրությամբ ջեռուցման խնդիր կար Վանաձորի ծննդատանը, այնտեղ հիմա աշխատանքներ են կատարվում փոխարինելու ջեռուցման համակարգի որոշ հատվածներ: Հայջրմուղը այդ խնդրին տեղյակ է, մարզպետարանը, համայնքի ղեկավարը և համատիրությունները այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տանում: Հուսով եմ, որ նմանատիպ խնդիր այլևս մենք չենք ունենա և առաջիկա 1-2 օրվա ընթացքում արդեն բոլոր հիմնարկները կվերադառնան բնականոն հուն»:
Վարչապետը Արմեն Գևորգյանին հանձնարարել է հարցը պահել անձնական հսկողության տակ և իրականացնել օպերատիվ բոլոր միջոցառումները, որպեսզի բնակչության համար կարճ ժամկետում ստեղծվեն նորմալ պայմաններ: «Եթե խնդիրներ կլինեն, ինձ անձամբ զեկուցեք», - եզրափակել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարի շոշափած երկրորդ հարցը Մաքսային միությանն էր առնչվում: «ԶԼՄ-ները փորձում են այնպիսի տեղեկություն տարածել, որն, իմ կարծիքով, չի համապատասխանում իրականությանը», - նշել է վարչապետը: - Իբր Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի»: Այդ առթիվ պարզաբանում է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը. «Մենք ունենք որոշ ԶԼՄ-ների կողմից ներկայացված նման գնահատականներ, որոնք որևէ ձևով իրականությանը չեն համապատասխանում, ներկայացված ամբողջ տեղեկությունը հանգում է նրան, որ իբր Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում հսկայական ինֆլացիա է լինելու: Ընդհանրապես այդպես չի կարող լինել, մեր գնահատականները շատ հստակ են, դրանք արվել են շատ վաղուց` շուրջ 6-7 ամիս առաջ, առավելագույն ինֆլացիոն ճնշումը կարող է հասնել 1.5 տոկոսի, և դրանից ավելի բարձր ինֆլացիա մենք չենք կարող ունենալ: Մենք ունենք ապրանքախմբեր, որոնց հարցով ՀՀ-ն դիմելու է Մաքսային միությանը, որպեսզի մեզ բացառություն արվի, մենք փորձում ենք առավելագույնս լուսաբանել այդ հարցը, կարծում ենք, որ ճիշտ է, որպեսզի հասարակության բոլոր խավերը ծանոթ լինեն դրան, հատկապես գործարարները: Այս իրարանցումն առաջացել է հենց դրանից, որ մենք անընդհատ շատ ավելի բաց ինֆորմացիա ենք ներկայացնում, գործարարների հետ մանրամասն քննարկում ենք բոլոր ապրանքախմբերը: Այդ տեղեկությունն օգտագործվում է, փաստորեն, որպեսզի ուղղակի սրվի իրավիճակը: Դա ավելի շատ, կարծում եմ, մամուլի ուղղակի սենսացիա ներկայացնելու խնդիր է: Կարծում եմ, ճիշտ է, որ մենք շարունակենք մեր աշխատանքը և հասարակությանը հրապարակային ներկայացնենք ամբողջ ցանկը: Հույս ունեմ, որ մենք արդեն վաղը այդ բացառությունների ցանկը կավարտենք և կուղարկենք Մաքսային միություն, որպեսզի սկսենք բանակցությունները»:
Անհրաժեշտ համարելով, որ նախարարը մեկ անգամ ևս նիստից հետո ԶԼՄ-ներին պարզաբանում տա, Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարել է կազմել ժամանակացույց, որպեսզի Մաքսային միության խնդիրներով զբաղվող 22 աշխատանքային խմբերը հրապարակային հաշվետվություն տան իրենց կատարած աշխատանքի մասին, խմբերի ղեկավարները հանդիպեն ԶԼՄ-ների հետ և պատասխանեն նրանց հարցերին, տան պարզաբանումներ: «Մենք պետք է լինենք առավելագույնս բաց ու թափանցիկ: Եթե նույնիսկ այսպիսի թյուրիմացություններ են լինում, ապա դրանց հաղթահարման ձևը ճշգրիտ տեղեկության տրամադրումն է առաջին աղբյուրներին, որպեսզի այդ տեղեկությունը չխեղաթյուրվի», - հավելել է վարչապետը:
Իբրև երրորդ հարց կառավարության ղեկավարը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկը: «Հիշում եք, մենք միասին բավական երկար աշխատեցինք պետական ծառայողներին բնակարանով ապահովելու խնդրի շուրջ, - ասել է Տիգրան Սարգսյանը: -Այդ նախապատրաստական աշխատանքները մենք հասցրել ենք ավարտին և այսօր հայտարարում ենք այդ ծրագրի մեկնարկը: Այս պահի դրությամբ 3500 պետական ծառայող ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրին և մեր օրակարգում, պարոն Գաբրիելյան, առաջարկում եմ ներառել այդ հարցը և այդ ծրագիրը մանրամասն ներկայացնել, որպեսզի Երևան քաղաքում կարողանանք կարճ ժամանակում կառուցել շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր և մեր աշխատողներին ապահովել բնակարանով, նաև դրան կցելով հիփոթեքային ապահովվածությունը: Կարծում եմ, որ սա կարևոր ազդակ կլինի պետական ծառայողներին»:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել պետական ծառայողների համար բնակարանային ապահովման ծրագրին, որին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. մարտի 10-ը էլեկտրոնային կամ փաստաթղթային տարբերակով առաջարկ պետք է ներկայացնեն Կառավարական տուն 1 հասցեով: Հարցի քննարկումն ամփոփել է կառավարության ղեկավարը` նշելով, որ եթե վճարունակ պահանջարկն ավելանա, ապա կարվի ծրագրի երկրորդ փուլը: «Մեկ քառակուսի մետրի առավելագույն գինը կլինի 300 հազար դրամ, առավելագույն ժամկետը` 30 ամիս, գումարած հիպոթեքից օգտվելու հնարավորություն պետական ծառայողների համար, - մանրամասնել է վարչապետը: - Հանձնաժողովի նախագահը կլինի Վաչե Գաբրիելյանը, ում պետական ծառայողները կարող են դիմել բոլոր հարցերով: Սկսում ենք 1000 բնակարանով ծրագրից, եթե տեսնենք, որ հետաքրքրությունը մեծ է, կանենք երկրորդ քայլը»:
Հիմք ընդունելով «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի» 167-րդ, 193-րդ և 199-րդ կետերը` ՀՀ կառավարությունը որոշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցող պետական լիազոր մարմիններ ճանաչել`պետական (համայնքային) գնումների կարգավորման և վերահսկման ոլորտում` ՀՀ ֆինանսների նախարարությունը, բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մրցակցային քաղաքականության կարգավորման և վերահսկման ոլորտում` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Ղեկավարվելով նշված ժամանակացույցի 208.1 կետով` ՀՀ կառավարությունը որոշել է Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի վարման հարցերի` Մաքսային միության անդամ պետությունների լիազոր մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության լիազոր մարմին ճանաչել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն:


Գյուղատնտեսությունն աջակցություն կստանա երեք ծրագրով


ՀՀ կառավարությունը հաստատել է 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման, հողօգտագործողներին 2014թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը, որոնց համաձայն այս տարի արտերկրից ձեռք են բերվելու ավելի քան 2 հազար 350 տոննա սերմացու, ավելի քան 38 հազար տոննա պարարտանյութ և մոտ 18 մլն լիտր դիզելային վառելանյութ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հատկապես ընդգծել է, որ հողօգտագործողի համար այս տարի այս ծրագրերից և ոչ մեկով գների բարձրացում չի լինելու: «Ե վ սերմացուն, և պարարտանյութը, և վառելիքը 2014թ. մատակարարվելու են նույն գներով, ինչպես որ մատակարարվել են 2013թ., - ասել է վարչապետը: - Այսինքն, գների բարձրացման խոսակցությունը իրականությանը չի համապատասխանում: Մեր գնահատականներով ինչպես այս, այնպես էլ գյուղատնտեսության նախարարի հրապարակած ցուցանիշները վկայում են, որ դրանցով առնվազն 10 տոկոս աճի պոտենցիալ է ներկայացված, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այս ծրագրերի շնորհիվ գյուղատնտեսության արտադրողականությունը էապես բարձրացել է, կրճատվել չմշակվող հողերի ծավալը: Սա բավական լավ նորություն է ոլորտում զբաղվածների համար»:


Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհը կկառուցվի մինչև ամառ


ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացում` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, ինչը պայմանավորված է ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2կմ այլընտրանքային ավտոճանապարհի շինարարությամբ: Շինարարական, նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքների և տեխնիկական հսկողության համար հատկացվել է ավելի քան 535 մլն դրամ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարից տեղեկանալով, որ ճանապարհը կարող է շահագործման հանձնվել մինչև ամառ, Տիգրան Սարգսյանը կարևորել է աշխատանքն հնարավորինս արագացնելու անհրաժեշտությունը` օգտվելով բարենպաստ եղանակից:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Երևանի գրասենյակի կողմից իրականացվող «Կայուն օրգանական ախտորոշիչների ոչնչացման ծրագրով» նախատեսվում է Երևան-Սևան մայրուղու 46-րդ կիլոմետրի աջակողմյան հատվածում գտնվող 5 հազար 760 քառ. մետր մակերեսով հողատարածքի պահեստային շինությունը նորոգել և վերազինել որպես թունաքիմիկատների ֆիլտրացիոն պահեստ: Այդ նպատակով նշված հողատարածքը կառավարության որոշմամբ հատկացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Երկրում առկա թունաքիմիկատները, մինչև դրանց ոչնչացումը, կպահպանվեն ֆիլտրացիոն պահեստում:
Գործադիրը թույլատրել է Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում գտնվող ավելի քան 700 քառ. մետր մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրա բաժնային մաս համարվող հողամասն օտարել մրցույթով: Օտարման ենթակա գույքի նվազագույն գինն է ավելի քան 64 մլն դրամ:
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեի թիվ 7 և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող` 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 13 անձանց են սեփականաշնորհվել նրանց զբաղեցրած բնակելի տարածքները: Մեկ այլ որոշմամբ մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը երկարացվել է 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց և 1992թ. ՀՀ Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի գործունեության ժամկետը, քանի որ փախստականներից ստացվող դիմումների հոսքը շարունակվում է:


Ուռուցքաբանության կենտրոնը իրականություն կդառնա

Կառավարության որոշմամբ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մաս կազմող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից շենքի ներքին և արտաքին ինժեներական համակարգերի, ներքին հարդարման աշխատանքի և դրա տեխնիկական վերահսկողության իրականացման նպատակով ընկերությանը տրամադրվել է 792 մլն 386 հազար 600 դրամ բյուջետային վարկ 15 տարի մարման ժամկետով: Կառավարության ղեկավարն արձանագրել է, որ Ուռուցքաբանության կենտրոնի բիզնես-ծրագիրը էական տնտեսումով է իրականացվում: Ծրագրով նախատեսված էր 3.5 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել, սակայն հատկացվում է շատ ավելի քիչ: Բելգիայի կառավարությունից ստացված վարկը նույնպես էական տնտեսում է ապահովել: Արագացուցիչն արդեն Հայաստանում է, իսկ դա նշանակում է, որ շինարարությունը տարվա ընթացքում լուրջ առաջընթաց կարձանագրի:
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի պահանջներից: Մասնավորապես, նշված որոշման դրույթները համապատասխանեցվել են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի դրույթներին` ապահովելով եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի բնականոն գործունեությունը:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2014թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում` ի կատարումն «ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման 4-րդ կետի ե) ենթակետի: Փաստաթղթով պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներն ապահովվում են սոցիալական փաթեթով:
Կառավարության նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխությունները միտված են առանձին ապրանքատեսակներ արտադրող-իրացնողների և ներմուծող-իրացնողների նկատմամբ հարկային հսկողության արդյունավետության բարձրացմանը, հարկային մարմնում անհրաժեշտ վերլուծության իրականացման և ռիսկի բացահայտման մեխանիզմների կատարելագործմանը:


Կբարելավվի մարզերի սոցիալ-տնտեսական վիճակը


ՀՀ կառավարությունը հաստատել է Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, որոնք ուղղված են մարզերի համայնքների համաչափ զարգացմանն ու բնակչության կենսապայմանների բարելավմանը:
Գործադիրն իր երկու որոշմամբ լրացրել և փոփոխել է Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկերը` թարմացնելով ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը:
Կառավարությունն իր որոշմամբ փոխել է Լոռու մարզի Ջիլիզայի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող հողի մի մասի նշանակությունը, ինչի շնորհիվ համայնքի բնակչությունը հնարավորություն կունենա գործարկել 50-100 տոննա մրգի պահպանման և 2 տոննա մրգաչրի արտադրության սառնարանային տնտեսություն:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
-բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգին, որի ներդրումը հնարավորություն կտա երկրում իրականացնել բնապահպանական ավելի արդյունավետ քաղաքականություն,
-ՀՀ առողջապահության ոլորտի մարդկային ներուժի զարգացման ռազմավարությանը և դրա միջոցառումների ծրագրին, որոնցով կապահովվի կադրային ներուժի զարգացումը` երկրի առողջապահական կարիքներին, օրենսդրությամբ սահմանված պահանջներին և աշխատանքի շուկայի իրավիճակին համապատասխան:


Այլ հարցեր


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում հնարավորինս կնվազեն և հետագայում իսպառ կվերանան ինքնակամ շինարարական աշխատանք կատարելու վերաբերյալ իրավախախտման դեպքերը: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Իր հինգ որոշումներով կառավարությունը զենքի արտադրության և առևտրի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության, մասնավոր պահնորդական գործունեության, ինկասացիոն ծառայության մատուցման արտոնագրման կարգերը համապատասխանեցրել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Ճանապարհներին տեղադրվող սարքավորումների վերաբերյալ վարչապետի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանապետը տեղեկացրել է, որ այդ աշխատանքը Երևանում ավարտվել է, այժմ կատարվում է մարզերում: Գործում են մասնագիտական հանձնաժողովներ, որոնց առաջարկով փոխվել է մոտ 100 ճանապարհային նշան: Հնարավոր է, որ ծանրաբեռնված փողոցներում արագությունը սահմանող նշանները ժամը 17:00-ից կամ 18:00-ից հետո փոխարինվեն ավելի մեծ արագություն թույլատրող նշաններով: Վարչապետը շեշտել է այդ աշխատանքում հասարակական կազմակերպությունների ներգրավման կարևորությունը:
ՀՀ կառավարությունն ընդունել է գնման գործընթացի կազմակերպման և թույլտվության որոշում, որը թելադրված է 2013-2014թթ. ձմռան ընթացքում ՀՀ զինված ուժերում թոքաբորբով հիվանդ զինծառայողների թվաքանակի կտրուկ աճով: Անհրաժեշտ «բրենդային» դեղորայքի շուտափույթ ձեռքբերումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով, առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու: Այդ նպատակին հատկացվել է մոտ 37.5 մլն դրամ: ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսված իմունիզացման գումարը կառավարության որոշմամբ տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Իմունոկանխարգելման ազգային ծրագիր», որով էլ կիրականացվեն նախատեսված պատվաստումները:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով գործադիրը հատկացրել է մոտ 71 մլն դրամ:
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ Երևանի «Պրոմ-տեստ» ՍՊԸ-ին 5 տարի ժամկետով տրվել է ՀՀ ռադիոակտիվ նյութերի ներմուծման արտոնագիր:

← Վերադառնալ ցուցակին