Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ԻԻՀ Իսլամական հեղափոխության հաղթանակի 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը

10.02.2014

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության հաղթանակի 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ասաց.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, պարոն դեսպան, եւ ի դեմս Ձեզ՝ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 35-ամյակի առթիվ:

Հայ-իրանական հարաբերությունները սկզբնավորվել են վաղնջական ժամանակներից եւ ունեն հարուստ պատմություն: Հայ-իրանական բարեկամությունը խորհրդանշում է երկրների ու ժողովուրդների օրինակելի փոխհարաբերություններ, որոնք պայմանավորված են ոչ միայն մեր անմիջական հարեւանությամբ, այլեւ մեր ժողովուրդների փոխադարձ վստահությամբ, ինչն ավելի դյուրին ու ջերմ է դարձնում մեր շփումները տարբեր մակարդակներում: Մեր բարեկամությունը դիմակայել է ժամանակների փորձությանը եւ իրադարձությունների թելադրած բազում մարտահրավերների:

Հարգելի բարեկամներ,

Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ ունեցած իր ջերմ հարաբերությունները: Այդ հարաբերությունները պայմանավորված են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք գործոններով` փոխադարձ տնտեսական շահերով, կողմերի աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկություններով եւ պատմամշակութային ընդհանրություններով:

Որպես Մերձավոր Արեւելքի առանցքային պետություններից մեկը` Իրանը, 1992թ. ձեռնամուխ եղավ Հարավային Կովկասի նորանկախ երկրների՝ մասնավորապես Հայաստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների հաստատմանը: Հայաստանի եւ Իրանի միջեւ աստիճանաբար ձեւավորվեց տնտեսական սերտ համագործակցություն: Արդյունավետ փոխգործակցություն է ծավալվել էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, միջմարզային, գիտակրթական եւ մշակութային ոլորտներում: Այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում՝ նպաստելով ոչ միայն երկկողմ կապերի, այլեւ տարածաշրջանային կայունության ամրապնդմանը:

Մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանն իր ուրույն նպաստն է բերում Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցությունը: Ուրախությամբ եմ նշում, որ միջխորհրդարանական հարաբերություններում հաստատվել են համագործակցության լավ ավանդույթներ, հատկապես մեր երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական պատգամավորական խմբերի միջեւ: Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ նպաստել այդ հարաբերությունների խորացմանը՝ ի շահ մեր դարավոր բարեկամության ամրապնդման:

Համոզված եմ, որ մենք շարունակելու ենք համատեղ ընթացքը ոչ միայն ի շահ մեր երկու ժողովուրդների, այլեւ ի նպաստ ողջ տարածաշրջանի՝ հանդուժողականության ու համերաշխության օրինակ ծառայելով ռազմատենչությունն ու այլատյացությունը պետական մակարդակով խրախուսող որոշ պետությունների համար:

Հարգելի պարոն դեսպան, օգտվելով առիթից, թույլ տվեք կրկին շնորհավորել Ձեզ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առթիվ: Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղ ապագա, բարեկեցություն եւ հետագա առաջընթաց»: 

← Վերադառնալ ցուցակին