Լուրեր

Քննարկվել են ներառական կրթությանն ընդգրկվածությանն առնչվող հարցեր

10.02.2014

 Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքի դպրոցներում ներառական կրթությանը ներգրավվածությանն առնչվող հարցեր։
ՄԱԿ-ի ներկայացուցիչը փոխքաղաքապետին է ներկայացրել նաև ՀՀ կառավարությանը ներկայացրած համապատասխան զեկույցի ընդհանուր դրույթները, ապա ծանուցել, որ ծրագրել են հանրային արշավ իրականացնել, որին մասնակցելու են հրավիրում խնդրով հետաքրքրված տարբեր կազմակերպությունների և կառույցների՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին ուսումնական բնականոն գործընթացում լիարժեք ներգրավելու նպատակով։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկել և լրացնել ներկայացված առաջարկությունները։ Արամ Սուքիասյանը նշել է, որ քաղաքապետարանն իր ենթակայության դպրոցներում ներդրված ներառական կրթության համակարգը զարգացնելու ուղղությամբ բազմակողմանի ծրագրեր է իրականացնում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական խոչընդոտները նվազեցնելու համար և որպես օրինակ նշել է 2013 և 2014թթ. թեքահարթակների կառուցման առանձնացված ծրագիրը։

 

<<Մեր հետաքրքրություններն այս հարցում ընդհանրական են, և համոզված եմ՝ համագործակցության եզրեր կգտնենք։ Պատրաստ ենք ձեր առաջարկությունները քննարկել և գործնական դաշտ տեղափոխել։ Երկուստեք ունենք բազա, որի հիման վրա կկարողանանք հստակ գործեր կատարել առկա խնդիրների վերացման ուղղությամբ>>,- նշել է Արամ Սուքիասյանը։
Հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հավելել է, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աշխատանքային այս խմբի հետ համագործակցությունն արդեն բավականաչափ արդյունքներ է գրանցել, ինչը նախանշում է առաջիկա ծրագրերի հաջողությունը։

← Վերադառնալ ցուցակին