Լուրեր

Քննարկվել են քաղաքային տնտեսության զարգացման ներդրումային մի շարք առաջարկներ

18.02.2014

 Քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման և ներդրումային նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ առաջարկներ են քննարկվել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գործարարների հետ` Երևանի քաղաքապետարանում հրավիրված կլոր սեղան-քննարկման շրջանակում:
Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, նկատել է, որ պարբերաբար կազմակերպվող նման հանդիպումներն արդյունավետ համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծում, որոնք, անշուշտ, նպաստում են քաղաքային տնտեսության զարգացմանը:
<<Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած սկզբունքն այսօր մայրաքաղաքը երևանցիների համար առավել հարմարավետ ու անվտանգ դարձնելն է, և այդ ուղղությամբ իրականացվում են ներդրումային բազմաթիվ ծրագրեր: Երևանում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացումն ու նաև այդ երկու քաղաքներում կազմակերպված Երևանի օրերի շրջանակում տեղի ունեցած համաժողովներն ու հանդիպումները եղել են արդյունավետ և հիմք դրել համատեղ ծրագրերի: Վստահ եմ, որ մեր այս երկու հանդիպումները ևս կբերեն շոշափելի արդյունքներ>>,- ընդգծել է Արմեն Հարությունյանը:
ՀՀ-ում ՌԴ առևտրային պալատի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, իր հերթին կարևորելով նման հանդիպումների կազմակերպումն ու անցկացումը, նշել է, որ փոխգործակցության է՛լ ավելի ակտիվացումը կնպաստի երկկողմ գործակցային կապերի ամրապնդմանը և նոր հնարավորություններ կստեղծի այլ ոլորտներում ևս համագործակցությունը խորացնելու համար:
Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցություն սկսելու վերաբերյալ, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել սեղմ ժամկետում ուսումնասիրել ներկայացված առաջարկներն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել:

← Վերադառնալ ցուցակին