Լուրեր

ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևան քաղաքի տարածքային փուլին մասնակցում է 4949 աշակերտ

18.02.2014

 Երևանի հիմնական, միջնակարգ, ավագ և մասնավոր դպրոցների 7-ից 12-րդ դասարանների 4949 աշակերտ է մասնակցում ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին։ Դպրոցականների հանրապետական օլիմպիադայում ընդգրկված է 14 առարկա։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ օլիմպիադայի մեկնարկի օրից՝ փետրվարի 1-ից մինչ օրս, որևէ խախտում չի արձանագրվել, որևէ բողոք չի ստացվել։
<<Գրավոր աշխատանքների ընթացքին հետևում է ո՛չ տվյալ առարկայի ուսուցիչը, ինչը առավելագույն անաչառություն է ապահովում։ Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է, և նկատելի է աճը ոչ միայն աշակերտների մասնակցության ցուցանիշում, այլև` գիտելիքների, պատրաստվածության առումով>>,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը։
Երևանի դպրոցներում փետրվարի 1-ին մեկնարկած ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը կեզրափակվի փետրվարի 19-ին՝ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, <<Գրականություն>> առարկայի օլիմպիադայով։
Մարզային փուլը կանցկացվի փետրվարի 22-ից մարտի 11-ը՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված ժամանակացույցի։ Օլիմպիադաների այս փուլին կմասնակցեն նաև ֆիզմաթ, <<Քվանտ>> վարժարանները, <<Շիրակացի>> ճեմարանը, ԱՅԲ կրթահամալիրը։

← Վերադառնալ ցուցակին