Լուրեր

Երևանցի աշակերտները գիրք են նվիրել Երևանի քաղաքապետին

19.02.2014

 Գիրք նվիրելու օրը մայրաքաղաքի դպրոցների մի խումբ աշակերտներ, ովքեր օրվա ընթացքում հայ գրողների ու գրական ստեղծագործությունների հերոսների կերպարներով մասնակցել են տարբեր միջոցառումների, այցելել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Օրվա խորհրդով՝ դպրոցականները գիրք են նվիրել քաղաքապետին։ Չնայած աշակերտների այցն անակնկալ է եղել Տարոն Մարգարյանի համար, այդուհանդերձ քաղաքապետը հոգ է տարել, որ աշակերտները նույնպես նվեր ստանան գրքեր։ Տարոն Մարգարյանն աշակերտներին նվիրել է Երևան քաղաքի մասին պատմող պատկերազարդ ալբոմներ և մաղթել է հաջողություն ուսման մեջ։
Աշակերտների մեկ այլ խումբ, վաղ առավոտից այցելելով Երևանի քաղաքապետարան, գրքեր է նվիրել նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին, քաղաքապետի տեղակալներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին և աշխատակազմի այլ անդամների։
Փետրվարի 19-ի վաղ առավոտից, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ, Երևանի 30 դպրոցների աշակերտներ շրջել են Երևանի փողոցներում և գիրք նվիրել անցորդներին։
Աշակերտները Գիրք նվիրելու օրը այցելել են նաև ՀՀ սփյուռքի նախարարություն, որտեղ նրանց ընդունել է նախարար Հրանուշ Հակոբյանը, այնուհետ այցելել են նաև ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարություններ և գրքեր նվիրել այդ նախարարությունների աշխատակազմերի անդամներին։

← Վերադառնալ ցուցակին