Լուրեր

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

21.02.2014

Փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին ԱԺ փոխնախագահները, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի, ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին» ծրագրի ներկայացուցիչներ, հյուրեր:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջեւ հանդիսավոր պայմաններում ստորագրվում է փոխըմբռնման նոր հուշագիր, որը տարիներ առաջ սկսված մեր համագործակցության տրամաբանական շարունակությունն է: Այն արդեն իսկ տվել է իր տեսանելի արդյունքները: Այս փաստաթուղթը եւս մեկ անգամ վկայում է Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաեւ միջազգային կառույցների հետ Հայաստանի Հանրապետության փոխշահավետ, արդյունավետ համատեղ աշխատանքի եւ այն հետագայում ավելի խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին:

Ազգային ժողովը ժողովրդավարական արժեքների դրսեւորման, հասարակական տրամադրությունների ներկայացման անկաշկանդ հարթակ է, որտեղ քաղաքական տարբեր ուժեր հնարավորություն ունեն ոչ միայն տեսակետ ու կարծիք հայտնել, նախաձեռնություններով հանդես գալ, այլեւ կառուցողական բանավեճեր ու քննարկումներ ծավալել: Մենք հաստատակամ ենք շարունակել առաջընթացի, քաղաքական մշակույթի զարգացման, խորհրդարանական գործառույթների ու մեխանիզմների կատարելագործման, արդիականացման ճանապարհը:

Խորհրդարանն այն ասպարեզն է, որտեղ քննարկվում, լուծվում են պետությանն ու հասարակությանը վերաբերող տարաբնույթ հարցեր: Սա ենթադրում է օրենքների նախագծերի մանրամասն ու շահագրգիռ քննարկում, տեղեկատվության վերլուծություն, հանձնաժողովների ծանրաբեռնված աշխատանք, որովհետեւ յուրաքանչյուր օրինագիծ պետության ներկայի ու ապագայի կերտման գործընթացի մի մասնիկն է, խորհրդարանի պատասխանատվությունը երկրի ճակատագրի համար: Ուստի յուրաքանչյուր աջակցություն, որ կնպաստի այդ ամենին, ողջունելի ու գնահատելի է: Հուշագիրն այս իմաստով լուրջ խթան կարող է լինել խորհրդարանական հանձնաժողովների ու Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացման ու հզորացման համար՝ փորձառության վրա հիմնված ուսուցման, վերապատրաստումների, մասնագիտական օժանդակության եւ մի շարք այլ առումներով: Մենք պատրաստակամ ենք առավելագույնս կիրառել այս համագործակցության հնարավորությունները եւ գործիքները:

Ողջունելով այս ծրագրի մեկնարկը՝ միաժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն նախաձեռնողներին: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ աշխատանքի արդեն իսկ առկա արժեքավոր փորձը լուրջ երաշխիք է, որ մեր համատեղ ծրագրերն ունեն իրական հեռանկարներ»:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդն իր ելույթում նշեց, որ ուրախ է ներկա գտնվելու ՀՀ Ազգային ժողովում եւ ստորագրելու այս հուշագիրը, որը համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում: Քարեն Հիլիարդը նշեց` քանի որ խորհրդարանը ներկայացնում է ժողովրդին, ապա ԱՄՆ ՄԶԳ ծրագրի նպատակն է հզորացնել ժողովրդավարական կառավարումը` առավել ընդգրկուն դարձնելով ԱԺ ներկայացուցչական, վերահսկողական եւ վերլուծական կարողությունները: ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ՀՀ ԱԺ աջակցման ծրագիրը աշխատանքներ է իրականացնում ԱԺ ինստիտուցիոնալ կարողությունները հզորացնելու ուղղությամբ:

Հուշագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության` ի դեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջեւ փոխըմբռնումը եւ համաձայնությունը` Հայաստանի օրենսդիր իշխանության դերի եւ կարողությունների զարգացման նպատակով համատեղ գործունեություն ծավալելու ուղղությամբ սերտորեն համագործակցելու հարցերում: Հուշագրի նպատակներն են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի, ԱԺ պետական-իրավական հարցերի, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների կողմից քաղաքացիների շահերի ներկայացման ավելացումը, հանձնաժողովների կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողական մեխանիզմների հզորացումը, հանձնաժողովների վերլուծական կարողությունների բարելավումը, հանձնաժողովների կանոնակարգման կանոնների եւ ընթացակարգերի հստակեցումը եւ ինստիտուցիոնալ կարողությունների բարելավումը: 

← Վերադառնալ ցուցակին