Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի դեսպանին

21.02.2014

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ նրա դեսպանական առաքելության ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները էլ ավելի կխորանան, կզարգանա միջխորհրդարանական փոխգործակցությունը, կակտիվանան առեւտրատնտեսական կապերը: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են` ԱԺ նախագահը նշեց, որ կան մեծ հնարավորություններ եւ հեռանկարներ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման համար: Հայ-լատվիական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ վերապահելով խորհրդարանական կապերին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ-լատվիական միջպետական հարաբերությունների առավել սերտացման համար կարեւոր է միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը:

Լատվիայի Հանրապետության դեսպանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին ընդունելության համար եւ վստահեցրեց, որ իր պաշտոնավարության տարիներին կանի հնարավորը զարգացնելու եւ խորացնելու երկու երկրների հարաբերությունները: Նրա խոսքով` վերջին տարիներին Հայաստանը զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը եւ արձանագրելով ձեռքբերումները՝ տիկին Գավելեն համոզմունք հայտնեց, որ համագործակցության մեծ ներուժ կա, մասնավորապես առեւտրատնտեսական ոլորտում:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խորացումը, փոխգործակցությունը միջազգային կառույցներում: 

← Վերադառնալ ցուցակին