Լուրեր

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

21.02.2014

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի գլխավորած պատվիրակության հետ: Կարևորելով Հայաստանում և արտերկրում տնտեսական կապերի ձևավորման հարցում կառույցի դերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատն իր հերթին կնպաստի Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակաների ընդլայնմանը. «Երևանի քաղաքապետարանն այսօր քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված շոշափելի բարեփոխումներ է իրականացնում, որի շրջանակում է դիտարկվում նաև Երևանի քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև փոխշահավետ համագործակցության խթանումը: Ի դեպ, այս ուղղությամբ արդեն իսկ առկա են կյանքի կոչված մի շարք հաջողված ծրագրեր։ Ըստ այդմ, վստահ եմ, որ Երևանի քաղաքապետարանի և Առևտրաարդյունաբերական պալատի միջև հաստատված համագործակցությունը ևս կլինի արդյունավետ, հատկապես ներդրումային և գործարար ծրագրերի մշակման ու իրականացման շրջանակում, և կնպաստի մայրաքաղաքի համաչափ զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կարևորելով գործարար շրջանակների հետ ներդրումային ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետը նաև նշել է, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում մայրաքաղաքում. «Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը: Ուրախ կլինենք, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի խողովակներով ապահովվի նաև մասնավոր ընկերությունների մասնակցությունը մեր կողմից ներկայացվող ներդրումային փաթեթների մրցույթներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն իր հերթին բարձր է գնահատել կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի հարաբերություններում. «Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է, ինչում բազմիցս ենք համոզվել, և վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք կանենք հնարավորը, որպեսզի փոխշահավետ համագործակցություն հաստատվի ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի գործարար շրջանակների հետ: Համոզված եմ, որ մեր կողմից ստորագրվելիք համաձայնագիրը ևս կնպաստի, որպեսզի Երևանի քաղաքապետարանի և գործարար շրջանակների միջև համագործակցությունը փոխշահավետ զարգացում ունենա»,- նշել է Մարտին Սարգսյանը:

Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, համաձայն որի՝ կողմերը պարտավորվել են զարգացնել ու ամրապնդել գործակցությունը փոխշահավետ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Ստորագրված համաձայնագրով համագործակցության ծրագրեր կիրականացվեն նաև Երևանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ու տեղական արտադրության խթանման ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին