Լուրեր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովում

21.02.2014

 Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ՀՀ կառավարության անունից ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին և ցանկանում բեղմնավոր աշխատանք: Մեր օրակարգային թեման այսօր խիստ արդիական է ամբողջ աշխարհում և մենք նման գիտաժողովների շնորհիվ կարողանում ենք քննարկել, թե ինչպիսին է ժամանակակից աշխարհի արդյունավետ կենսաթոշակային համակարգը, ինչպիսի նոր ձեռքբերումներ, թերություններ կան գործող համակարգերում, որոնք անհրաժեշտ են հաշվի առնել և շտկել այն մոդելը, որը մենք Հայաստանի Հանրապետությունում ինքներս ստեղծել ենք: Առաջին հերթին ցանկանում եմ արձանագրել, որ հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում այն հայեցակարգը, որը մեր սեփականն է, որը մենք ինքներս ենք ստեղծել, և որի վրա աշխատել են հանրապետության երկու նախագահներ, երեք կառավարություններ, չորս կոալիցիոն կուսակցություններ: Սա մեր համատեղ ջանքերի արդյունքն է: Ինչի՞ համար է անհրաժեշտ այս խնդիրը լուծել, որո՞նք են այն դրդապատճառները, որ ստիպում են մեզ կատարել այս արմատական փոփոխությունը և արդյո՞ք գոյություն ունեն այլընտրանքներ: Ես կփորձեմ անդրադառնալ այս հարցերին:
Առաջին. գործող համակարգը, որը կոչվում է սերունդների համերաշխության համակարգ, ունի հետևյալ տրամաբանությունը: Այսօրվա եկամտահարկ վճարողների բանակը, որը շուրջ կես միլիոն է, պետք է այնքան եկամտահարկ վճարի, որպեսզի կարողանանք վճարել այսօրվա թոշակառուների համար արժանավայել թոշակ: Հնարավ՞որ է արդյոք դա, թե՞ ոչ: Հին համակարգը՝ սերունդների համերաշխության համակարգը, որը գործում է ամբողջ աշխարհում, ելնում էր այն տրամաբանությունից, որ թոշակառուների կյանքի ժամկետը լինելու է այնպիսին, որ աշխատող երիտասարդ սերունդն իվիճակի է լինելու պահել թոշակառուներին: Բայց աշխարհում տեղի ունեցան երկու արմատական փոփոխություններ: Առաջինը՝ դեմոգրաֆիական փոփոխությունն է, ծնելիության նվազումը, որը լրջագույն խնդիր է և զարգացող երկրների մի մասը, որին պատկանում է Հայաստանի Հանրապետությունը, համարվում են ծերացող հասարակություն: Ուրեմն երիտասարդ սերունդը, որը ստեղծում է նոր արժեք և վճարում է այն հարկերը, որոնցով պետք է թոշակները վճարենք, այդ սերնդի թիվը կրճատվում է, իսկ թոշակառուների թվաքանակն ավելանում է: Սա հին համակարգի համար ֆունդամենտալ խնդիր է ստեղծում:
Երկրորդ՝ կյանքի տևողությունն ամբողջ աշխարհում, զարգացած և զարգացող երկրներում՝ այդ թվում Հայաստանում, երկարում է: Այսօր ՀՀ-ում կյանքի տևողությունը կազմում է 74 տարի: Սա նշանակում է, որ այս երկու ֆունդամետալ գործոնները, որ գոյություն ունեն, իրենց ազդեցությունն են թողնում գործող համակարգի վրա և այն դարձնում ոչ հեռանկարային և խնդրահարույց: Դրա համար աշխարհը 21-րդ դարի լրջագույն մարտահրավերներից մեկն է համարում կենսաթոշակային ռեֆորմը, ինչու լրջագույն խնդիր, մարտահրավեր, որովհետև անցումը լինելու է ցավոտ, մի կողմից պետությունները պարտավոր են վճարել այսօրվա թոշակառուներին և այնքան, որպեսզի նրանք բարեկեցիկ ծերություն ունենան, մյուս կողմից պետք է արդեն անցնեն նոր համակարգի, որը լրացուցիչ ծախս է բյուջեի համար: Զարգացած երկրները հայտնվել են փակուղային իրավիճակում և միջազգային փորձագետները մեզ հուշում են, ասում են Հայաստանն ունի պատմական շանս, նման հնարավորություն, պատուհան ունեք դուք, այդ հնարավորությունից օգտվեք, թե չէ վաղը մյուս օրը հայտնվելու եք նույն իրավիճակում:
Եվ այսպես, մոտավորապես, կոպիտ եմ ասում այս թվերը, ունենք 500 հազար եկամտահարկ վճարող: Այսօր մեր 550 հազար թոշակառուներին մենք վճարում ենք այնպիսի թոշակ, որը նրանց ճնշող մեծամասնության առջև դնում է աղքատության խնդիր: Այսինքն, ՀՀ քաղաքացին, որն անցնում է թոշակի, միանգամից առնչվում է աղքատության խնդրի հետ, որովհետև այն միջին 36 հազար դրամը, որ վճարում ենք՝ բավարար չէ բարեկեցիկ ծերություն ապահովելու համար: Մեր թոշակառուներից 350 հազարը գտնվում են աղքատության շեմից ավելի ցածր: Դա լրջագույն խնդիր է, իսկ եթե վերցնենք ծայրահեղ աղքատների թիվը, ապա կհասկանանք, թե խնդիրը որքան լուրջ է, որ մեր առջև կանգնած է:
Այժմ մեր քննադատները, ընդդիմախոսներն ասում են՝ այո, կա այլընտրանք, ո՞րն է այդ այլընտրանքը, որ ավելի լավ հարկային վարչարարություն արեք, օլիգարխներից ավելի շատ հարկ վերցրեք, մեծահարուստներին ստիպեք, որ ավելի շատ հարկ վճարեն և այդ միջոցներն ուղղեք և ավելացրեք թոշակները: Արդարացի պնդում է և մենք այդ ճանապարհով գնում ենք, բայց այդ ճանապարհով գնալով լուծում ենք այսօրվա թոշակառուների խնդիրը: Գնալով այդ ճանապարհով՝ մենք 2013 թվականին հարկեր-ՀՆԱ ցուցանիշում կատարել ենք արմատական փոփոխություն. 1,4 տոկոսով ավելացրել ենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, ինչը մեր վերջին 10 տարիների մեջ հեղափոխական ցուցանիշ է, որովհետև հիշում եք, մեր թիրախային ցուցանիշը տարեկան 0,3-0,4 տոկոս է: Այս 1,4 տոկոս բարձրացումը մեզ հնարավորություն է տվել 2014 թվականի հունվարի մեկից թոշակառուների թոշակն ավելացնել 15 տոկոսով: Մենք այս ռազմավարությունը շարունակելու ենք, որքան բարելավվի հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, հարկային վարչարարությունը, այնքանով իվիճակի ենք լինելու ավելացնել այսօրվա թոշակառուների թոշակը:
Բայց հարց է առաջանում. իսկ երկրորդ խնդիրը՝ այս երիտասարդ սերնդի թոշակների խնդիրը մենք ինչպես ենք լուծելու, եթե ծերացող բնակչություն ենք և եթե կյանքի տևողությունը երկարում է, եթե գոյություն ունեն դեմոգրաֆիական ալիքներ, որոնք բերում են նրան, որ 15-20 տարի հետո աշխատողների թիվը լինելու է շատ ավելի ցածր: Հին համակարգի հիմնական և լրջագույն թերությունը կայանում է նրանում, որ մարդու աշխատած տարիների և վաստակած եկամուտների և թոշակի միջև, որ նա ստանալու է, կապ չկա: Ինչպիսի՞ թոշակ նա կստանա, դա պայմանավորված է լինելու, թե իր թոշակի տարիքին պետությունը ֆինանսական ինչ փուլում է գտնվելու: Եթե լավ վիճակում լինի, մի փոքր ավելի լավ թոշակ կստանա, եթե մի փոքր ավելի վատ վիճակում՝ ավելի ցածր թոշակ կստանա: Նրա ամբողջ աշխատանքային կենսագրությունը բացարձակապես կապ չունի այդ թոշակի և ապահով ծերության հետ: Այս խնդիրը լուծելու համար մեր ընդդիմախոսների փաստարկները չեն անցնում, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, որովհետև այդ տեսակետից, հին համակարգը լուծում չի տալիս: Կա մեկ այլ տարբերակ ևս, որ կենսաթոշակային տարիքը երկարացնենք: Հիշում եք՝ այդ ճանապարհով գնաց Ֆրանսիան և տեսանք, թե ինչ լրջագույն սոցիալական խնդիրներ բարձրացան իշխանությունների առջև, որովհետև մարդիկ ասում են մենք աշխատանքի ենք անցել, ծրագրավորել ենք, որ պետք է 63 տարեկանում անցնենք թոշակի, հիմա մենք դարձել ենք 63 տարեկան, դուք ի՞նչ բարոյական, իրավական հիմք ունեք այս պահին փոխել մեր կյանքի ծրագրավորված ամբողջ ցիկլը: Դա լրջագույն սոցիալական և քաղաքական հարցադրում է: Դա հին համակարգի թերությունն է, որովհետև բոլոր զարգացած պետությունները դրա առջև կանգնելու են:
Պետական բյուջեի միջոցները չեն բավարարում թոշակներն ավելացնելու համար, որովհետև հարկային բեռն աշխատողների վրա դառնում է անտանելի, ինչը խաթարում է արդյունավետ աշխատանքի մոտիվացիան, հարվածում է տնտեսությանը: Դրա համար այս փաստարկը նույնպես չի աշխատում և այն իրականում վատթարացնում է երկրներում սոցիալական վիճակը, չնայած որ շատ երկրներ գտնում են նաև երկրորդ տարբերակը և մենք տեսանք, թե Բելգիայում ինչ ընդզվումներ եղան, երբ Բելգիայի կառավարությունն ասաց՝ սիրելի քաղաքացիներ, այն սոցիալական բեռը, որ պետությունն իր վրա վերցրել է, այլևս չենք կարողանում կատարել, եկեք որոշակի պարտավորություններից, որ պետությունն ստանձնել է, հրաժարվենք, որովհետև պետական բյուջեն այլևս չի դիմանում դրան: Տեսանք, որ փոքրիկ Բելգիայում 3,5 մլն մարդ դուրս եկավ փողոց՝ ընդվզելով այդպիսի օրենսդրական փոփոխությունների դեմ, որովհետև նրանք ասում են՝ մենք մեր կյանքը պլանավորել ենք՝ հաշվի առնելով այն օրենսդրական դաշտը, որն այս պահին գործում է մեր երկրում, ասում են՝ մենք պատրաստ չենք այդ փոփոխությանը, գտեք այլ լուծումներ:
Ժամանակակից տնտեսագիտությունն այս հարցը քննարկել է բազմակողմանի և մենք շնորհակալ ենք միջազգային կազմակերպություններին, Միացյալ Նահագների կառավարությանը, USAID-ին, Համաշխարհային բանկին, Եվրոպական ներդրումային բանկին, որոնք մեր կողքին են և համաշխարհային լավագույն փորձը հաղորդեցին մեզ: Մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալ աշխարհի լավագույն մասնագետների վերլուծություններին, մեր երիտասարդ մասնագետներին գործուղել աշխարհի տարբեր պետություններ՝ ուսումնասիրելու լավագույն փորձը: Այդ գիտելիքների հիման վրա մենք ստեղծեցինք մեր համակարգը:
Ո՞րն է մեր համակարգի տրամաբանությունը. ցանկացած աշխատող քաղաքացի պատասխանատվություն է կրում իր ապահով ծերության համար: Այն պահից, երբ դուք ունեք աշխատանք և եկամուտ, պարտավոր եք պետության հետ մտածել ձեր ապահով ծերության մասին: Սա է քաղաքական բովանդակությունը: Այս քաղաքական բովանդակությանը կարող են դեմ լինել սոցիալիստական գաղափարախոսություն քարոզող որոշ ուժեր: Բայց նույնիսկ նրանք, եթե նայում ենք աշխարհի զարգացած երկրներին, արդեն իսկ փոխում են իրենց գաղափարախոսական սկզբունքները կենսաթոշակային համակարգի մասով, տեսնելով, որ այն փաստարկները, որոնք առկա են այսօր, անհաղթահարելի փաստարկներ են, և սերունդների համերաշխության սկզբունքն այդ անհաղթահարելի հանգամանքները սոցիալիստական սկզբունքների ներքո իվիճակի չէ լուծելու: Դրա համար պետք է գտնել այլընտրանք և դա հենց այս քաղաքական ու գաղափարախոսական սկզբունքի մեջ է: Աշխատող քաղաքացին պետության հետ միասին պետք է պատասխանատվություն կրի իր ապահով ծերության համար և կուտակի հենց այն պահից, երբ եկամուտ է ստանում: Աշխարհում չկա որևէ երկիր, որը ներդնի պարտադիր կուտակային համակարգը և չստանա դժգոհություն, չլինի դիմադրություն, չի եղել այդպիսի երկիր: Եվ Հայաստանը բացառություն չէ: Եվ դա արադարացի դժգոհություն է: Այդպիսի ընդդիմությունը խիստ անհրաժեշտ է ցանկացած ժողովրդավարական, քաղաքացիական հասարակության համար: Ինչո՞ւ, որովհետև երբ իշխանություններն օգտագործում են պարտադրանքի գործիքը, հասարակությունը դրան անպայման պետք է վերաբերվի անվստահությամբ, որպեսզի իշխանությունները լինեն զգոն և այդ գործիքը մշակեն այնպես, որ թերությունները լինեն մինիմալ և այդ պարտադրանքի ինստիտուտն անպայման հասնի իր նպատակին: Դրա համար մենք պետք է հարգենք մեր ընդդիմախոսների մոտեցումները և առավել ջանքեր գործադրենք՝ բացատրելու այս համակարգի առավելություններն ու անհրաժեշտությունը, անդրադառնալ բոլոր այն հարցերին, որ նրանք բարձրացնում են:
Եվ այսպես, հարց համար մեկ. վստահության խնդիր: Մենք կասկածներ ունենք, ասում են մեր ընդդիմախոսները, որ այդ գումարները չեն փոշիանա և տարիների ընթացքում դրանք չենք կորցնի, դրա համար ավելի լավ է այսօր սպառենք այդ հինգ տոկոսը, որովհետև այսօր բազմաթիվ հոգսեր ունենք, Հայաստանում սոցիալտնտեսական իրավիճակը բարվոք չէ, գոյություն ունի աղքատության խնդիր, եկամուտները բավարար չեն և ավելի լավ է մենք այդ հինգ տոկոսն այսօր սպառենք, քան այն կուտակենք ապահով ծերության համար, մանավանդ, որ վստահ էլ չենք, որ 35-40 տարի հետո այդ գումարները մեզ համար հասանելի են լինելու: Եվ սա օբյեկտիվ հարցադրում է, որովհետև դրա համար կան օբյեկտիվ հիմքեր, մեր բնակչության 32,5 տոկոսն աղքատ է և միջին խավը նոր է ձևավորվում, եկամուտները բավարար չեն:
Դրա համար ի՚՞նչ ենք մենք ծրագրել՝ մեղմելու այս օբյեկտիվ դժգհության հիմքը: 2010 թվականին, երբ մենք այս օրենքն ընդունել ենք, այդ առումով սա բացառիկ օրենք է, որովհետև մեր պատմության մեջ այսպիսի բան չի եղել, որ 2010-ին ընդունենք և երեք տարվա ժամկետ տանք և քաղաքացիներին, և բիզնեսին, և պետությանը նախապատրաստվել 2014 թվականի հունվարի 1-ին: Մեզ մինչև հիմա միշտ մեղադրում են, որ օրենքներն ընդունում ենք և 2-3 ամսից դնում ենք կիրառության մեջ: Սա այն բացառիկ օրենքն էր, որ մենք ընդունել ենք երեք տարի առաջ և հնարավորություն ենք տվել բոլորին նախապատրաստվել, այդ թվում նաև մեզ: Պետությունը կուտակել է ֆինանսական միջոցներ, առաջին՝ որպեսզի հունվարի 1-ից բարձրացնի թոշակները, երկրորդ՝ որպեսզի բարձրացնի աշխատավարձերը, երրորդ՝ որպեսզի մենք բյուջեում ունենանք 20 միլիարդ դրամ՝ խթանելու երիտասարդներին, որ նրանց հինգ տոկոսը, եթե կուտակել են, կրկնապատկենք նրանց խնայողությունները՝ դարձնելով 10 տոկոս: Մենք երեք տարի դրան պատրաստվել ենք: Չորրորդ՝ մենք ծրագրավորել ենք հինգ տարվա համար նվազագույն աշխատավարձի բարձրացում, դրանով ազդակ ենք հաղորդել բիզնեսին, որ նրանք պարտավոր են լինելու Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձը, եկամուտները փուլ առ փուլ ավելացնել: Վեցերորդ. առաջին անգամ ճգնաժամից հետո 2013 թվականին մեզ հաջողվեց հաղթահարել ֆունդամենտալ մի խնդիր, որպեսզի մեր քաղաքացիների իրական եկամուտներն աճեն, այսինքն, աշխատավարձերի աճը լինի ավելի բարձր, քան գնաճը: 2013 թվականին մեզ հաջողվեց լուծել այդ խնդիրը, աշխատավարձերի իրական աճը կազմեց 6,5 տոկոս, գնաճը՝ 5,8: 2014 թվականին գնաճը լինելու է ավելի ցածր, քան իրական եկամուտների աճը, դա մեր քաղաքացիների համար հնարավորություն է ստեղծում, որ այդ հինգ տոկոսն իրենց համար ցավոտ չլինի, 2014 թ. նրանց իրական եկամուտներն աճեն, դրանով մեղմելով այս անցումային փուլը: Թվերն այսօր դրա մասին վկայում են և սա մյուս կարևորագույն խնդիրն է: Վստահության հաջորդ չափանիշը հետևյալն է՝ որ այդ փողերը չեն փոշիանա: Մեզ հիշեցնում են Խնայբանկի պատմությունը, Խորհրդային միությունը՝ աշխարհի հզոր կայսրությունն ուներ մի մոնոպոլիստ բանկ, որը հավաքում էր խնայողությունները և ով կմտածեր, որ այդ բանկը կփլուզվի, բայց փլուզվեց այն: Հայաստանի Հանրապետությունն այդ փլուզման արդյունքներն առավել ցավոտ զգաց, որովհետև 15 հանրապետությունների մեջ մեկ շնչին ընկնող խնայողությունների մակարդակը մեր երկրում ամենաբարձրն էր: Մենք ամենաշատն էինք խնայում և, բնականաբար, դա մեր հասարակությանն ավելի մեծ ցավ պատճառեց:
Այժմ ինչպիսի՞ն պետք է լինի համակարգը, որ նույնիսկ այդպիսի կոլապսի դեպքում մեր քաղաքացիները 35-40 տարվա կուտակած իրենց միջոցները չփոշիացնեն, չկորցնեն: Նույնպես անդրադառնում ենք համաշխարհային փորձին: Դրա համար կան ձևեր և մարդկությունն այդ ձևերը հորինել է: Առաջին` ձեր խնայած միջոցները պետք է լինեն դիվերսիֆիկացված, միայն Խնայբանկում չպետք է լինեն, մի պետությունում չպետք է լինեն: Ձեր խնայողությունները չպետք է պայմանավորված լինեն մի պետության ճակատագրով, պետք է դիվերսիֆիկացված լինեն տարբեր պետությունների կողմից թողարկված տարբեր պարտատոմսերի մեջ:
Երկրորդ` դրանք պետք է լինեն հուսալի պարտատոմսեր`բարձր վարկանիշ ունեցող: Երկիրը, պարտատոմսերը պետք է բացառիկ, բարձր վարկանիշ ունենան: Եթե վերջին 80 տարիների աշխարհի փորձը դիտարկենք, երբ կուտակային համակարգերը սկսել են աշխատել, չի եղել այդպիսի հիմնադրամ, աշխատող այս հուսալիության սկզբունքներով, որը սննկացել է: Սա մեր ընդդիմախոսների երկրորդ հարցադրման պատասխանն է: Նրանք մեջ են բերում այսպիսի համակարգի հետ բացարձակապես առնչություն չունեցող օրինակներ, երբ փոքր, նորաստեղծ առևտրային բանկերին կամ կուտակային հիմնադրամներին հնարավորություն է ընձեռնվել խնայողություններ հավաքել քաղաքացիներից, սակայն սնանկացել են և խնդիրներ են եղել այդ խնայողությունները վերադարձնելու հետ կապված:
Մեր երկրի մոդելն այդպիսին չէ և պետք չէ այդ մեղադրանքները մեր մոդելի հասցեին հնչեցնել, որովհետև կառավարիչների նկատմամբ խիստ և հստակ չափանիշներ են սահմանված, նաև խիստ և հստակ չափանիշներ են սահմանված ակտիվների կառավարման ուղղությամբ: Միակ տարբերակը, որ մեր քաղաքացիները կկորցնեն իրենց խնայողությունները՝ համաշխարհային կոլապսն է, բայց համաշխարհային կոլապսի դեպքում, հավաստիացնում եմ ձեզ, խնայողությունների հարցն առաջնային չէ, որովհետև առաջնային են դառնում ֆիզիկական գոյատևման խնդիրները: Հուսալիության հարցում էլ մենք հաշվի ենք առել աշխարհի լավագույն փորձը՝ այս ռեֆորմն առաջ տանելու համար:
Երրորդ մեղադրանքը, որ հնչում է մեր հասցեին, նույպես առնչվում է վստահության հետ: Լավ, ենթադրենք, որ այդ գումարները, որ կուտակված են ֆոնդերում կպահպանվեն, բայց չէ որ կա ռիսկ, որ ձեր երկրում գնաճը կլինի այնպիսին, որ այդ ֆոնդերի եկամտաբերությունը կլինի ցածր: Դա նշանակում է, որ տարիների ընթացքում մեր խնայողություններն իրականում նվազում են և ոչ թե ավելանում:
Այս հարցի պատասխանը նույնպես տրված է: Առաջին՝ հստակ չափանիշներ են սահմանված կառավարիչների համար, մեր օրենսդրությամբ չափանիշներ, որոնք ֆիքսում են նրանց պարտավորությունները: Երկրորդ` համաշխարհային փորձից գիտենք, որ նույնիսկ, չնայած այդ հանգամանքին, որ կառավարիչներն ապահովելու են երկարաժամկետ առումով ավելի բարձր եկամտաբերություն, քան գնաճն է, կարող են լինել տատանումներ համաշխարհային շուկաներում, որ կարճաժամկետ հատվածում այդ խնդիրը դառնա արդիական: Մենք համաշխարհային փորձից գիտենք, Չիլիում էլ է այդ դեպքը պատահել, երբ որ այս պահին դուք դուրս եք գալիս թոշակի` համաշխարհային ճգնաժամ է, տոկոսադրույքները շատ ցածր են, իսկ ձեր երկրում գնաճ է: Եվ մարդիկ ասում են` եղբայր, իսկ այժմ փոշիանում են իմ խնայողությունները, խնդրում ենք այս հարցի պատասխանը տվեք:
Հենց Չիլիի փորձից ելնելով էլ մեր համակարգը ստեղծել է երաշխիքային հիմնադրամ: Այն 1,2 տոկոսը, որ մենք պարտադրում ենք, պետք է գնա կառավարիչների վճարին: Մեր օրենսդիրն ասել է, որ 0,2 տոկոսը պետք է կուտակվի ապահովագրական հիմնադրամում, որը կօգտագործվի այն դեպքերում, երբ կարճաժամկետ տատանումների ժամանակ գնաճը կլինի ավելի բարձր, քան ռեալ եկամտաբերությունը: Այդ ժամանակ կաշխատեն այս ապահովագրական հիմնադրամում կուտակված միջոցները, և քաղաքացիները երաշխավորված ձևով կստանան չարժեզրկված խնայողություններ:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այդ տատանումը կարճաժամկետ է լինում և միևնույն է կառավարինչերը երկարաժամկետ առումով, 30-40 տարվա կտրվածքով, երաշխավորված կերպով ապահովում են ավելի բարձր եկամտաբերություն, քան գնաճն է: Դա նշանակում է, որ ապահովագրական ֆոնդի ռիսկը շատ մեծ չէ, կարճաժամկետ է, բայց ի՞նչ տեղի կունենա, եթե ապահովագրական ֆոնդի փողերը բավարար չլինեն: Այստեղ էլ օրենսդիրը հստակ պատասխան է տալիս , որ այդ ժամանակ պետությունն է երաշխավորում, որ եթե այդ գումարները բավարար չլինեն կարճաժամկետ առումով, պետությունն այդ հիմնադրամին կարող է տրամադրել լրացուցիչ միջոցներ, ամեն դեպքում թոշակառուն լինելու է պաշտպանված:
Եվ մեր հաշվարկները ցույց են տալիս , որ պետական բյուջեի համար այդ բեռը լինելու է տանելի և պետական բյուջեն ի վիճակի է լինելու այդ բեռն իր վրա վերցնել: Հասկանալի է, որ սա աշխարհի ամենաբարդ ռեֆորմն է և հասկանալի է, որ մեր երկրի զարգացման համար անհրաժեշտ են ռեֆորմներ: Ասում են` մենք ձեզ չենք վստահում, երկրի վիճակը լավ չէ, կա արտագաղթ, աղքատություն: Այո, այդ ամենը ճիշտ է, բայց շտկելու ճանապարհը ո՞րն է: Մի ճանապարհ ունենք շտկելու իրավիճակը, դա ռեֆորմներն են: Այլ ճանապարհ չունենք: Ռեֆորմները ցավոտ են, ինչո՞ւ, որովհետև ստիպում ենք մեր քաղաքացիներին փոխել իրենց վարքագծային կանոնները:Եթե ամեն օր արթնանանք ու անենք այն, ինչ որ անում ենք, մենք կունենանք այն, ինչ որ ունենք, եթե ցանկանում ենք ունենալ այն, ինչ չունենք, ուրեմն պետք է անենք այն, ինչ չենք անում:
Այժմ ասում ենք` սիրելիներս, հունվարի 1-ից 275 հազար երիտասարդ պետք է փոխի իր վարքագծային կանոնը, 5 տոկոս պետք է կուտակեք: Սա վարքագծային կանոնի փոփոխություն է, որը բերելու է այնպիսի փոփոխություններ Հայաստանի Հանրապետությունում, այնպիսի իրավիճակ է ստեղծելու, որը նախկինում չի եղել և դա լինելու է դրական, բոլոր միջազգային փորձագետները դա են ասում: Վարքագծային կանոնները փոխելով՝ գնալու ենք առաջ: Բացի երիտասարդներից՝ մենք փոխում ենք նաև պետության վարքագծային կանոնները, ինչո՞ւ, որովհետև 270 հազար քաղաքացի յուրաքանչյուր օր հետևելու է` պետությունն իր պարտավորությունն իր նկատմամբ կատարել է, թե ոչ: 275 հազար երիտասարդ վերահսկելու են կառավարությանը, որ ժամանակին և ճիշտ գումարով իր խնայողության կրկնապատկումը կատարվի: Երրորդ` մենք ձևավորում ենք ինստիտուտներ, որոնք չեն եղել Հայաստանում, որոնք խոչընդոտում են մեր երկրի զարգացումը: Մենք մեր երկրում չունենք երկար փողերի շուկա: Իսկ եթե երիտասարդը գալիս է հենց այսօր ցանկանում 35 տարվա դրամային վարկ, որպեսզի ձեռք բերի բնակարան, հենց այսօր իր վիճակը բարելավի, ես այդ գումարը որտեղի՞ց տամ այդ երիտասարդին, եթե Հայասատում չկան երկար փողեր:
Այժմ ասում ենք հարգելի երիտասարդներ, այս բարեփոխումը հնարավորություն է տալու ձեզ ձեր բարեկեցությունը բարելավել ոչ թե 30-40 տարի հետո, այլ հենց այսօր, որովհետև մենք կունենանք երկար փողեր և կկարողանանք հիփոթեքային հիմնադրամներին տալ երկար փողեր, որպեսզի նրանք կարողանան ձեզ տրամադրել երկար փողեր, որպեսզի հենց այսօր կարողանաք ձեռք բերել բնակարան: Հասկանալի է չէ, որ այսպիսի ինստիտուցիոնալ ռեֆորմը խթանելու է տնտեսական աճը, Հայաստանի Հանրապետությունում ներդնելու է նոր մտածողություն: Իհարկե, հեշտ չէ նոր մտածողություն ներդնել կառավարությունում, հասարակությունում, շատ դժվար է, բայց մենք պետք է գնանք առաջ:
Ցանկանում եմ անդրադառնալ քաղաքական կամքի բանաձևին: Մենք պետք է դրսևորենք քաղաքական կամք. ի՞նչ է դա նշանակում: Ցանկացած բնագավառում հենց խնդիր է լինում մեր ընդդիմախոսներն ասում են պարոն վարչապետ, քաղաքական կամք դրսևորեք, լուծեք այս խնդիրը: Ի՞նչ է դա նշանակում: Քաղաքական կամք առանց համոզմունքի չի լինում: Մեր քաղաքական թիմը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ ունի այն համոզմունքը, որ սա ճիշտ բարեփոխում է, որ սա Հայաստանի ապագան երաշխավորող ռեֆորմ է, սա փոփոխություններ բերող ռեֆորմ է, ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծող ռեֆորմ է, մտածողության փոփոխության ռեֆորմ է, քաղաքացիական հասարակություն ձևավորող ռեֆորմ է, պատասխանատու քաղաքացի ձևավորող ռեֆորմ է: Սա հեշտ ռեֆորմ չէ: Գիտեք, պոպուլիզմն ընդունելի է ընդդիմության համար, որովհետև դա քաղաքական պայքարի ձև է, բայց երկրի համար կործանարար կլինի, եթե իշխանությունը զբաղվի պոպուլիզմով: Իշխանությունն այս պարագայում օգտագործելով պարտադրանքի գործիքը՝ կերտում է նոր ապագա: Սա իմ համոզմունքն է: Շնորհակալություն:

← Վերադառնալ ցուցակին