Լուրեր

Շահագործման է հանձնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շախմատի դպրոցը

17.10.2014

 Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ մասնակցել է շախմատի նորաստեղծ դպրոցի հանդիսավոր բացման արարողությանը: Մարզադպրոցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանին և միջազգային գրոսմայստեր, շախմատի օլիմպիական չեմպիոն, Երևանի պատվավոր քաղաքացի Լևոն Արոնյանին:
Հանրապետության Նախագահին ներկայացնելով կատարված աշխատանքները՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ դպրոցը կառուցվել է թիվ 82 մանկապարտեզի տարիներ շարունակ չօգտագործվող մասնաշենքի առաջին հարկի շուրջ 400 քմ ընդհանուր մակերեսով տարածքում, որն ամբողջությամբ հիմնանորոգվել ու հարմարեցվել է դպրոցի նպատակային օգտագործման համար: Նորաստեղծ դպրոցն ունի անհրաժեշտ կահույքով և պարագաներով կահավորված 4 դասասենյակ և 1 դահլիճ, 6 սանհանգույց և ընդարձակ նախասրահ: Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ շախմատի նորաստեղծ դպրոցում կարող են ուսանել 5-ից 8 տարեկան մինչև 350 երեխաներ, ովքեր, ինչպես և մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում գործող դպրոցների սաները, կսովորեն անվճար:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին ու ընդգծել, որ մայրաքաղաքում այս մարզաձևի զարգացմանն օժանդակելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցության շնորհիվ, շախմատի դպրոցներ կունենան Երևանի բոլոր վարչական շրջանները. «Դեռևս 2013թ.-ից Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ նախաձեռնեցինք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, որն առաջին իսկ օրից լայն արձագանք գտավ և մեծ ոգևորությամբ ընդունվեց երևանցիների կողմից: Ի դեպ, մենք արդեն ունեինք շախմատի երկու մարզադպրոց, որոնցից մեկը Ավան վարչական շրջանում գործում է դեռևս 2005-ից: Իսկ անցյալ տարի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում հնարավորություն ունեցանք բացել շախմատի դպրոցներ՝ այդպիսով գործող դպրոցների քանակը հասցնելով 4-ի: Այսօր շահագործման հանձնեցինք ևս մեկը, իսկ թվով 4 շախմատի դպրոցներ էլ առաջիկա մեկ ամսում կբացենք Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում: Մեր որդեգրած այս քաղաքականության նպատակը բոլոր 12 վարչական շրջաններում շախմատի դպրոցներ ունենալն է, և ես թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ վստահեցնում եմ, որ մենք կյանքի կկոչենք այդ ծրագիրը: Մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ մայրաքաղաքում այս մարզաձևի զարգացմանն օժանդակելու նպատակով բացված ու բացվող բոլոր դպրոցները կգործեն անվճար»,- ընդգծել է քաղաքապետը:

← Վերադառնալ ցուցակին