Լուրեր

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՐՇԱԼ ԵՎ ՌՈԲԵՐՏ ԲՈՇ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

11.03.2015

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչներին:

Նախագահը ողջունել է ներկայացուցչական պատվիրակությանը Հայաստանում և շնորհակալություն հայտնել վերոնշյալ հիմնադրամներին՝ նման ձևաչափով քննարկում կազմակերպելու համար: Սերժ Սարգսյանը կարևորել է պետությունների ղեկավարների հետ արդեն ավանդույթ դարձած այսպիսի հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են ընձեռում անմիջականորեն շփվելու ակադեմիական և վերլուծական շրջանակների հետ: Նշելով, որ Մարշալ հիմնադրամն իր ստեղծման առաջին իսկ օրվանից կոչված է եղել նպաստելու միջազգային խաղաղության, անվտանգության, կայունության, ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու ժողովուրդների բարեկեցությանը, Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար հատկապես կարևոր է հիմնադրամի առաքելություններից մեկը՝ համաշխարհային մարտահրավերներին միասնական ուժերով դիմակայելու և դրանք հաղթահարելու կառուցակարգերի մշակումը: Սերժ Սարգսյանի խոսքով, դա մեր պետության համար առանձնակի կարևորություն է ստանում այս տարի, նկատի առնելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական շեշտադրումը հանդուրժողականության և միասնականության կոչն է միջազգային հանրությանը: Միասնականությունը կարևորվել է հատկապես, երբ ընթացիկ տարում ոգեկոչվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության, 100-րդ տարելիցը: Նախագահն ակնհայտ ճշմարտություն է համարել այն, որ ցեղասպանությունները, որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործություններ, տեղի են ունենում կամ կրկնվում են միջազգային հանրության կողմից ոչ միասնական դիրքորոշման պատճառով:

Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում և արտերկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների խորհուրդը, ներածական իր խոսքում անդրադարձել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

Նախագահը պատասխանել է նաև Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես վերոնշյալ թեմաներին, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու համագործակցության զարգացման հեռանկարին, Հայաստանի տնտեսության զարգացման դինամիկային և արտաքին գործոններով պայմանավորված հնարավոր դժվարություններին ու մարտահրավերներին, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական զարգացման նոր հնարավորություններին, ներքաղաքական վիճակին և այլն:

← Վերադառնալ ցուցակին