Լուրեր

Սահմանադրական բարեփոխումներն ակտիվ քննարկման փուլ են մտնում

12.03.2015

 ՀՀ իշխանությունները սկսում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ակտիվ քննարկման շրջանը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Մենք կարծում ենք, որ այդ քննարկումների արդյունքում կծնվի պատասխանը՝ ի՞նչ բարեփոխումներ ենք մենք անելու, ի՞նչ ծավալով և ի՞նչ ճանապարհով ենք դա անելու: Մենք ակնկալում ենք բոլոր քաղաքական ուժերի, հանրային սեկտորի, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունն այս քննարկումներին, որոնց ավարտից հետո մենք կգանք եզրակացության, թե ինչ բարեփոխումներ ենք իրականացնելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նաղդալյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել 6 քաղաքական ուժերի հետ, որոնց հետ քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: «Սա կարծում եմ՝ պատմական պահ է մեզ համար, քանի որ սահմանադրական բարեփոխումների իրականացման դեպքում Հայաստանը թևակոխում է նոր փուլ, քանի որ Հայաստանի համար զարգացման նոր տեսլականներ են բացվելու: Սահմանադրական բարեփոխումները պետք է անցնեն քննարկումների լայն շրջանակ, մեզ համար կարևոր է բոլորի կարծիքը, ուստի մենք բոլորին հրավիրում ենք քննարկումների, որոնց արդյունքում կնծվի համալիր մի փաստաթուղթ, որը առաջ կմղի Հայաստանը»,- ընդգծեց Նաղդալյանը:

Հարցին, թե եթե ՀՀ Նախագահին չհաջողվի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կոնսոլիդացիա ապահովել, նա կհրաժարվի՞ դրանցից, Նաղդալյանն ընդգծեց, որ չի բացառվում, որ ՀՀ Նախագահը խորհրդարանի քննարկմանը ներկայացնի երկու փաստաթուղթ: «Եթե լինեն տարբեր մոտեցումներ, չի բացառվում, որ Նախագահը խորհրդարանի քննարկմանը ներկայացնի երկու փաստաթուղթ, և խորհրդարանը կընտրի, թե որն է ավելի նպատակահարմար»,- հայտնեց Նաղդալյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ Նախագահի նախաձեռնած հանդիպումների նպատակն է եղել հասնել նրան, որպեսզի այդ քաղաքական ուժերը համաձայնեն մասնակցել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներին: Նա նշեց, որ եղել են նաև քաղաքական ուժեր, որոնք փորձել են ներկայացնել առաջարկներ, որոնք կարող են պայմանների տպավորություն թողնել: «Փորձել են նման ընթացք տալ, սակայն վերջնական արդյունքում բոլոր քաղաքական ուժերի հետ հանդիպումների արդյունքում եղել է այն եզրակացությանը, որ այս քննարկումների շրջանը կարևոր է և դրանց պետք է մասնակցել, իսկ թե ինչ զարգացումներ կլինեն, ինչ առաջարկներ կընդունվեն, մենք դրա համար դեռ բավականին ժամանակ ունենք»,- նշեց նա:

Հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը չի հրավիրվել քննարկումների, Նաղդալյանը պատասխանեց. «Ի՞նչ իմաստ ունի քննարկման հրավիրել մի քաղաքական ուժի, որը չի ցանկանում քննարկումների համար եզրեր գտնել»: Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն էլ ժամանակին չէր ցանկանում մասնակցել քննարկումների, Նաղդալյանը նշեց, որ ԲՀԿ-ն ի վերջո հասկացել է, որ քննարկումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կարևոր են և դրանց պետք է մասնակցել:

ԱԺ փոխնախագահը նաև հայտնեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը հանդիպում կունենա նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ, իսկ մյուս օրը կլինի հանդիպում Հանրային խորհրդի անդամների հետ՝ քննարկումներին քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու համար:

Հարցին, թե ե՞րբ հանրաքվեի կդրվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, Նաղդալյանը հստակ պատասխանել չկարողացավ: Նա ընդգծեց, որ դրա մասին դեռ վաղ է խոսել՝ հավելելով, որ այսօր չի կարող այդ հարցին հստակ պատասխանել:

Հարցին՝ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներից հետո հավակնելու է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնին, Նաղդալյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանն արդեն խոսել է իր հավակնությունների մասին՝ հավելելով, որ այս պահին ճիշտ չէ այդ հարցի մասին խոսելը:

← Վերադառնալ ցուցակին