Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Աննե Քեմփային

20.03.2015

 Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննե Քեմփային:

Աժ նախագահը շնորհավորել է Աննե Քեմփային նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ եւ կարեւորել նրա ղեկավարած ընկերության աջակցությունը ՀՀ Ազգային ժողովին, Վերահսկիչ պալատին եւ Ֆինանսների նախարարությանը ծրագրային բյուջետավորման ներդրման իրականացման գործում:

Գալուստ Սահակյանը դրական է գնահատել հանրային ֆինանսների կառավարման համակարգում խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող ծրագիրը, որի շրջանակում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նշանակալից առաջընթաց է արձանագրել բյուջեի նկատմամբ օրենսդրական վերահսկողության ամրապնդման ուղղությամբ:

ԱԺ նախագահը կարեւորել է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի միջեւ սերտ համագործակցության արդյունքում խորհրդարանում անկախ բյուջետային գրասենյակի համար անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծումը: Նա վստահություն է հայտնել, որ գրասենյակի կայացումը կկատարելագործի ՀՀ Ազգային ժողովի վերահսկողական գործառույթը:

Գալուստ Սահակյանը կարեւորել է նաեւ ծրագրային բյուջետավորման ոլորտում խորհրդարանի հանձնաժողովների աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման ծրագիրը եւ նշել, որ Ազգային ժողովի առաջիկա քառօրյայում կքննարկվի բյուջետային գրասենյակի ստեղծման մասին օրենքը երկրորդ ընթերցմամբ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը Հայաստանում ծրագրերը իրականացնելու համար եւ վստահեցրել Աննե Քեմփային, որ կաջակցի գրասենյակին բոլոր նախաձեռնություններում:

Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան կարեւորել է իր այցը ՀՀ Ազգային ժողով եւ շնորհակալություն հայտնել Գալուստ Սահակյանին բյուջետային գրասենյակի ստեղծման գործընթացը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Նա նշել է, որ կարեւորում է համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի ու կառավարության հետ եւ սպասում է բյուջետային գրասենյակի մասին օրենքի ընդունմանը: Տիկին Քեմփան կարեւորել է նաեւ խորհրդարանի մշտական հանձնաժողովների աշխատակիցների վերապատրաստումը:

← Վերադառնալ ցուցակին