Լուրեր

«Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկում

31.03.2015

 Մարտի 31-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկումը, որին ներկա են եղել ՀՀն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ եւ պատգամավորներ:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ ԵԱՏՄ պրակտիկ գնահատականները ստեղծում են տնտեսական գնահատման նոր հիմքեր, եւ Հայաստանը, անդամակցելով այդ կառույցին, կդառնա առավել մրցունակ եւ գրավիչ տարածաշրջանում: ԵԱՏՄ-ին Հայաստանի ադամակցումը կբացի նոր հորիզոններ՝ հանդիսանալով տնտեսական աճի որոշակի խթան: Գալուստ Սահակյանը նշել է, որ պետք է նպաստել ինտեգրացիոն գործընթացի արագացմանը եւ կատարելագործել գործիքակազմը: ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ հասարակության դերը ինտեգրացիոն գործընթացում: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության դրական ազդեցությունը շուտով կզգացվի տարբեր ոլորտներում:

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պայմանավորված է նաեւ մշակութային, տնտեսական դարավոր կապերով: Ըստ Սերգեյ Նարիշկինի՝ այս անդամակցությամբ մասնակից երկրների հնարավորությունները կմեծանան աշխատուժի շուկայում, ապրանքաշրջանառության ոլորտում: Նա նշել է, որ անելիքները շատ են, հատկապես անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցման հարցում, սակայն ակնկալիքները մեծ են, եւ ապագան խոստումնալից է: Սերգեյ Նարիշկինը հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունն իր ներդրումը կունենա ԵԱՏՄ կայացման եւ զարգացման գործում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ն դիտարկում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի գաղափարների վրա հիմնված եւ շահավետ հարաբերությունների զարգացման ձեւաչափ: ՀՀ վարչապետը հավելել է, որ Հայաստանը պատրաստակամ է համակարգային եւ ենթակառուցվածքային բարեփոխումների ընթացքում կուտակած իր փորձը ներդնել ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Նա ընդգծել է, որ մեր գերխնդիրն է արդարացնել ԵԱՏՄ անդամ երկրների ժողովուրդների ակնկալիքները եւ նկատելիորեն բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակն ու բարեկեցությունը:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է Հայաստանի անդամակցության առանձնահատկություններին՝ նշելով, որ ծովի եւ ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը լուրջ մարտահրավեր է, եւ աշխարհագրական դիրքն իր որոշիչ դերն է խաղում մեր երկրի տնտեսական կյանքում :

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը խոսել է անդամակցության արդյունքում Հայաստանին ընձեռվող նոր հնարավորությունների մասին եւ նշել, որ մեր երկիրը պիտի ինտեգրվի այն ծրագրերին, որոնք արդեն մեկնարկել են ԵԱՏՄ անդամ մյուս պետություններում: Նա նշել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի հատկապես գյուղատնտեսության եւ դեղագործության ոլորտներում:

Այնուհետեւ ելույթներով հանդես են եկել ՀՀ եւ ՌԴ համապատասխան ոլորտների պատասխանատուները:

← Վերադառնալ ցուցակին