Լուրեր

Տարոն Մարգարյան. «Եվրոպական գործընկեր կառույցների հետ համագործակցության շրջանակում ունենք բազմաթիվ հաջողված ծրագրեր»

17.06.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի ներկայացուցչի հետ միասին մասնակցել է Հայաստանի համայնքների միության և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի նախձեռնած Էներգաարդյունավետ համայնքների առաջին համաժողովի շրջանակում «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք II» ծրագրի և Հայաստանի էներգաարդյունավետ քաղաքների դաշինքի շնորհանդես-ընդունելությանը: ԵՄ Հարևանության ծրագրի արևելյան գործընկեր երկրներում իրականացվող ծրագրով նախատեսված է Դաշնագիրը ստորագրած քաղաքների կարողությունների զարգացում, քաղաքների կողմից մշակված և Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված Կայուն էներգիայի գործողություների պլանների (SEAR-ներ) իրականացման համար ֆինանսների ու վարկային միջոցների հայթայթում, նոր քաղաքների ընդգրկում և այլն:


Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում առանձնակի կարևորելով նմանատիպ ծրագրերի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգել է, որ կլիմայական փոփոխություններն ու էներգետիկ անվտանգությունն առաջնահերթ մարտահրավերներ են բոլորի համար:


«Հատկանշական է, որ հենց տեղական իշխանություններն են այս հարցում առաջնագծում ու հանդիսանում են էներգետիկ կայուն քաղաքականության հիմնական դերակատարներից մեկը: Վստահ եմ կհամաձայնեք, որ հաճախ հենց տեղական մակարդակում են կյանքի կոչվում ամենաարդյունավետ ծրագրերը, քանի որ տեղական իշխանություններն ամենամոտն են կանգնած քաղաքացիներին ու քաջատեղյակ են տեղերում առաջնահերթ լուծում ենթադրող խնդիրներին: Եվ ակնհայտ է, որ այս հարցում հենց համայնքները պետք է կարողանան ազդել այն ոլորտների վրա, որոնց մասով ունեն որոշակի պատասխանատվություն»,- ընդգծել է քաղաքապետը:


Հարկ է նշել, որ Հայաստանի Էներգաարդյունավետ քաղաքների դաշինքը ստեղծվել է 2016 թվականի փետրվարի 26-ին՝ Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստի որոշմամբ: Դաշինքի ստեղծման հիմնական նպատակը ՏԻՄ-երի իրավասությունների շրջանակներում էներգաարդյունավետության, էներգաօգտագործման և այլ խնդիրների շուրջ ջանքերի համատեղումն է։ Այս համատեքստում ներկայացնելով Երևանում իրականացվող ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ ինչպես շատ խոշոր քաղաքներ, Երևանը նույնպես իրականացնում է որոշակի քայլեր՝ ստեղծելու քաղաքային այնպիսի միջավայր, որտեղ էներգախնայողությունը կլինի գերակա ուղղություն:


«Հաշվի առնելով այս ամենը և գիտակցելով մայրաքաղաքի պատասխանատվությունը՝ որպես խոշոր էներգասպառող, Երևանն այսօր քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացնում է էներագախնայողությանն ուղղված ծրագրեր: Եվ որպես ռազմավարական քայլ, մենք միացել ենք նաև Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը՝ մեր լիազորությունների շրջանակում պարտավորվելով մինչև 2020 թվականը առնվազն 20%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումներն ու կայուն էներգետիկ զարգացման սկզբունքներին համապատասխան ապահովել քաղաքային տնտեսության զարգացումը: Այդ նպատակով մշակվել է «Երևան քաղաքի Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը», որտեղ նախանշվել են քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ միջոցառումները։ Պետք է հատկանշեմ, որ մեր կողմից առանձնակի է կարևորվում Եվրոպական նախաձեռնություններին տարբեր ձևաչափերով միանալը, ինչպես նաև Եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցությունը, ինչի արդյունքում բազմաթիվ բնագավառներում արդեն իսկ ունենք հաջողված ծրագրեր»,- ընդգծել է քաղաքապետը։


«Քաղաքապետերի դաշնագիր Արևելք II» ծրագրի և Հայաստանի էներգաարդյունավետ քաղաքների դաշինքի շնորհանդես-ընդունելության մասնակիցներին մաղթելով հաջողություն և համատեղ արդյունավետ աշխատանք՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի համայնքների, Եվրոպական գործընկերների և աջակից բոլոր կառույցների արդյունավետ փոխգործակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ համեմատաբար կարճ ժամանակահատվածում կարձանագրվեն տեսանելի արդյունքներ։

 

← Վերադառնալ ցուցակին