Լուրեր

Արա Բաբլոյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ

18.05.2017

«Հարգելի՛ նախագահող, Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ, շնորհակալ եմ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ՀՀ Նախագահին, Հանրապետական կուսակցության իմ գործընկերներին նման վստահության համար: Այդ վստահությունը ստիպում է ինձ մեր երկրի զարգացման անցումային այս փուլում լինել առավել պատասխանատու: Շատ լավ գիտակցում եմ եւ համոզված եմ, որ խորհրդարանական կառավարման անցնելու քաղաքական որոշման ու դրա իրագործման արդյունավետությունը պայմանավորված է լինելու ոչ միայն կառավարման համակարգի ճիշտ ընտրությամբ, այլեւ յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, տքնաջան ու հետեւողական աշխատանքով:

Հարգելի՛ գործընկերներ, մենք լսեցինք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն Ազգային ժողովին եւ մեր ժողովրդին. համապարփակ եւ հստակ ծրագիր: Սրանք զուտ խոսքեր չէին, այլ ուղղակի ուղեցույց մեր ապագա անելիքների առումով:

Որպես Ազգային ժողովի նախագահի թեկնածու՝ այժմ համառոտ կներկայացնեմ իմ տեսլականի առանցքային դրույթները:

Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ինչպես գիտենք, պատկանում է ժողովրդին, որն էլ իր քվեով ձեւավորեց այս Ազգային ժողովը: Հիմք ընդունելով այս պարզ ճշմարտությունը՝ պաշտոնավարմանս ընթացքում մշտապես ղեկավարվելու եմ այն գիտակցմամբ, որ ես հանրության քվեով ձեւավորված Ազգային ժողովի նախագահ եմ, ինչը բազմապատկելու է պարտավորվածությանս աստիճանը: Ելնելով այս համոզմունքից՝ վստահեցնում եմ, որ աշխատանքային բոլոր քայլերս բխելու են մեր պետության եւ ժողովրդի շահերից:

Ասածս ավելի է ամրապնդվում, երբ դիտարկում ենք Ազգային ժողովի վերջին ընտրությունները: Բոլորիս համար փաստ է, որ այս ընտրությունները մյուս բոլոր ընտրություններից տարբերվեցին բարձր կազմակերպվածությամբ, խախտումների հնարավոր նվազեցմամբ ու կեղծիքների բացակայությամբ: Այդ ամենին մեզ հաջողվեց հասնել միասնական աշխատանքի արդյունքում, իշխանության եւ ընդդիմության քաղաքական բարձր կամքի դրեւորմամբ եւ համատեղ աշխատանքով: Վստահեցնում եմ, որ համատեղ աշխատանքի այսպիսի օրինակներն ավելանալու են: Վստահեցնում եմ նաեւ, որ անելու եմ հնարավորը, որպեսզի իշխանություն եւ ընդդիմություն համագործակցությունն առավել ամրապնդվի, որն էլ միտված է լինելու Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին:

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, ուստի իմ տեսլականը, բոլոր ծրագրերս ու գործողություններս չեն կարող տարբերվել այս սկզբունքներից:

Որպես ինքնիշխան պետության Ազգային ժողովի նախագահ՝ նպաստելու եմ երկրի ներսում պետական իշխանության գերակայությանը, իսկ արտաքին հարաբերություններում՝ լիարժեք անկախությանը:

Որպես սոցիալական պետության Ազգային ժողովի նախագահ՝ անհրաժեշտ եմ համարում սոցիալական քաղաքականության ռազմավարության մշակումն ու իրագործումը: Դրանում անհրաժեշտ եմ դիտարկում քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության ակտիվ ներգրավվումը:

Առանցքային եմ համարում բիզնեսի ազատականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովումը: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ կառավարության, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի նախաձեռնած տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի բարենպաստ իրագործման համար օրենսդիր մարմնում կստեղծվեն լիարժեք պայմաններ:

Իրավական պետության ամբողջ գործունեությունը հիմնված է իրավունքի գերակայության վրա, որի գլխավոր նպատակը մարդու իրավունքների պահպանումն է: Նոր խորհրդարանում օրենսդիրներիս ջանքերը պետք է միտված լինեն իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը:

Սիրելի՛ գործընկերներ, որպես հայ մարդու՝ ինձ համար պետության հզորացման առանցքային երեք բաղադրիչներ կան՝ անվտանգություն, առողջություն եւ կրթվածություն:

Մենք պարտավոր ենք ապահովել մեր երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունը, ապահովել պետական իշխանությունը, ամրացնել մեր սահմանները, հզորացնել մեր բանակն ու պետությունը: Այս համատեքստում ուշադրության է արժանի «Ազգ-բանակ» հայեցակարգը: Այս առումով մենք պարզապես պարտավոր ենք հզորացնել եւ զարգացնել մեր զինված ուժերի պաշտպանական կարողությունները:

Հարգելի՛ գործընկերներ, Ազգային ժողովի գործունեության կարեւոր ոլորտներից է խորհրդարանական դիվանագիտությունը: Մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք մեր մասնագիտական, իմացական, մարդկային, դիվանագիտական ողջ ներուժը, տարբեր երկրների հետ համագործակցության հնարավորությունները՝ միջազգային հարթակներում մեր պետական ու ազգային շահը պաշտպանելու համար: Այս ոլորտում հաջողություններ գրանցելու համար մենք պարտավոր ենք առավել ակտիվ աշխատել մի շարք միջազգային եւ միջխորհրդարանական կառույցներում, որոնցից են Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը, Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Միջխորհրդարանական միությունը, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը եւ մի շարք այլ կառույցներ: Առաջարկում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել պատգամավորների գործունեությանը միջխորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի մակարդակում:

Կարեւոր եմ համարում Սփյուռքի հետ մեր ակտիվ համագործակցությունը:

Հարգելի՛ խորհրդարան, ամփոփելով ելույթս, եւս մեկ անգամ խորին երախտագիտությունս եմ հայտնում վստահության համար»:
 

← Վերադառնալ ցուցակին