Լուրեր

Արա Բաբլոյանը մասնակցել է Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը

27.05.2017

Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մասնակցել է Վրաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ հանդես է եկել ելույթով: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգման օրվա կապակցությամբ եւ մասնավորապես նշել. «Հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները պատմության ընթացքում ձեւավորվել եւ զարգացել են՝ հիմնված լինելով բարիդրացիության եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա: Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի ղեկավարների պարբերական փոխայցելությունները եւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը վկայում են մեր երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների բարձր մակարդակի մասին»:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ վերջին տարիներին հայ վրացական միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվությունը համագործակցության ոլորտում. «Իմ համոզմամբ, սա այն ոլորտն է, որը, ինչպես նախկինում, այնպես էլ մեր 6-րդ գումարման Ազգային ժողովում գտնվելու է հայ օրենսդիրների ուշադրության կենտրոնում, քանի որ վրաց բարեկամ ժողովրդի հետ հարաբերությունների խորացումը Հայոց խորհրդարանի առաջնահերթություններից է»:

2017թ-ը հատկանշական տարի է երկկողմ փոխհարաբերություններում. նշվում է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Խորհրդարանի նախագահը համոզմունք է հայտնել, որ միացյալ ջանքերի շնորհիվ կկարողանանք առավել խթանել հայ-վրացական բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ փոխհարաբերությունները բարձրացնելով նոր մակարդակի:

Արա Բաբլոյանը վստահություն է հայտնել, որ Վրաստանը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին՝ բազում ձեռքբերումներով:

Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել այցելության եւ Վրաստանի անկախության օրը միասին նշելու համար: Դեսպանը նշել է նաեւ, որ նշանակալից է Վրաստանում ապրող հայերի լուման իրենց պետության կառուցման եւ զարգացման գործում:  

← Վերադառնալ ցուցակին