Լուրեր

Միջոցառումներ՝ նվիրված Երեխաների պաշտպանության օրվան

02.06.2017

ՀՀԿ կանանց խորհուրդը՝ խորհրդի նախագահ Հ. Նաղդալյանի ղեկավարությամբ, յուրաքանչյուր տարի երեխաների պաշտպանության օրվան նվիրված, կազմակերպում է ավանդական դարձած մեկ շաբաթյա միջոցառումներ, որոնք անցկացվում են Հանրապետության տարբեր մարզերում:
Երեխաներին, մանկությանը, ընտանիքին նվիրված բազմաթիվ միջոցառումների մեկնարկն այս տարի տրվեց թանգարաններ այցելություններով:
Երևան քաղաքի 60 դպրոցներից 1000 -ից ավելի երեխաներ, ուսուցիչներ և ծնողներ այցելեցին մի շարք մշակութային հաստատություններ, այդ թվում` Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի պատմության, Եղ. Չարենցի և Հ. Թումանյանի անվան թանգարաններ:
Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցները երեխաներին ծանոթացրեցին ցուցադրված հազարամյա պատմություն ունեցող ցուցանմուշներին, մեր պատմամշակութային արժեքներին, հայ ժողովրդի պատմությանը, տարբեր ժամանակներում նրա ապրելակերպին ու կենցաղին, իսկ Հայաստանի ազգային պատկերասրահի կտավներն ու արվեստի արժեքավոր գործերը մեծ հետաքրքրություն առաջացրեցին երեխաների մոտ: Հ. Թումանյանի թանգարանում երեխաները ծանոթացան ամենայն հայոց բանաստեղծ` Հ. Թումանյանի կյանքին ու գործունեությանը, Եղ. Չարենցի թանգարանում աշակերտներին դիմավորեց և նրանց հետ մեծ բանաստեղծի կյանքի հուշերով կիսվեց Չարենցի թոռնուհի` Գոհար Չարենցը, իսկ Երևան քաղաքի պատմության թանգարանում Էքսկուրսավարները աշակերտներին ուղեկցեցին տարբեր դարաշրջանները ներկայացնող հարկաբաժիններով, ծանոթացրեցին Երևանի հազարամյակների պատմության դրվագներին, ապա ցուցադրեցին Երևանի 17-19-րդ դդ. մասին պատմող « Հին Երևանի անցուդարձը» եռաչափ գիդ-անիմացիան։ Թանգարաններից պատանիները հեռացան մեծ ոգևորությամբ՝ ցանկություն հայտնելով կրկին այցելել մշակութային այդ օջախները:
ՀՀԿ կանանց խորհուրդը շնորհակալություն է հայտնում այս ծրագրին իրենց մասնակցությունը ցուցաբերած բոլոր մշակութային հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին՝ նախաձեռնությանը աջակցելու, ուշադրությամբ և հոգատարությամբ երեխաներին ընդունելու համար, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությանը և մասնակից դպրոցների ղեկավարությանը՝ ծրագրին աջակցելու համար: 

← Վերադառնալ ցուցակին