Լուրեր

ՆԱԽԱԳԱHԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ՅՈՒԴԴԻ ԿՐԻՍՆԱՆԴԻՆ

23.06.2017

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յուդդի Կրիսնանդին (նստավայրը՝ Կիև):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ինդոնեզիայի դերը Հարավարևելյան Ասիայում և պատրաստակամ է խորացնել միջպետական հարաբերությունները, ինչին կարող են զգալիորեն նպաստել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, երկու երկրների միջև անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը: Այդ ամենը, Նախագահի համոզմամբ, կխթանի նաև հայ-ինդոնեզական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը:

Դեսպան Յուդդի Կրիսնանդին շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության ու շնորհավորանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է դեսպան լինել մի երկրում, որի հինավուրց պատմությունն ուսումնասիրելով՝ մեծագույն հարգանք է առաջանում հայ ժողովրդի նկատմամբ: Ինդոնեզիայի դեսպանը երկկողմ համագործակցության տեսանկյունից հեռանկարային է համարել կրթության, զբոսաշրջության, առևտրատնտեսական կապերի սերտացման ուղղությամբ աշխատանքը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Ինդոնեզիայի միջև աշխարհագրական հեռավորությունը երբևէ չի կարող խոչընդոտ լինել փոխգործակցության զարգացման համար՝ հատկապես 21-րդ դարում, երբ տեխնոլոգիական առաջընթացը զգալիորեն կրճատում է աշխարհագրական հեռավորությունը և մեծ հնարավորություններ տալիս զարգացնելու հարաբերությունները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: 

← Վերադառնալ ցուցակին