Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Բիալիստոկի քաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ

04.07.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Բիալիստոկի քաղաքապետ Տադեուշ Տրուսկոլասկիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու այդ շրջանակում նաև միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը՝ նշելով, որ Երևանը տարեցտարի ընդլայնում է գործակցության շրջանակներն ու այսօր համագործակցում է աշխարհի շուրջ 50 քաղաքների և 10 միջազգային կառույցների հետ:
«Մենք կարևորում ենք գործընկեր քաղաքների և միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ինչը նպաստում է նաև քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ծառայությունների որակը զգալիորեն բարձրացնելուն և, որ կարևոր է, հրաշալի հնարավորություն է` փորձի փոխանակում իրականացնելու համար», - նշել է քաղաքապետը:
Հաշվի առնելով, որ լեհական պատվիրակության կազմում նաև գործարարներ էին ընդգրկված, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին ու նախագծերին՝ նշելով, որ դրանք կարող են հետաքրքրել մասնավոր հատվածին:
«Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է` քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բիալիստոկ քաղաքի քաղաքապետ Տադեուշ Տրուսկոլասկին նշել է, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են:
«Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում զարգացում ապահովելու հարցում Ձեր շեշտադրումները շատ ողջունելի են, պարոն քաղաքապետ: Անչափ կարևոր է նաև համագործակցության հարցում Ձեր պատրաստակամությունը, քանի որ քաղաքներն իսկապես ունեն համանման խնդիրներ, և դրանց լուծման ուղիներն առավել հեշտ է գտնել փորձի փոխանակման միջոցով: Օգտվելով առիթից` պետք է խոստովանեմ, որ Երևանն իրոք ջերմ ու հյուրընկալ քաղաք է», - նշել է Տադեուշ Տրուսկոլասկին:
Հանդիպման շրջանակում, որպես համագործակցության կարևոր ուղղություն, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնացրել է նաև զբոսաշրջության զարգացումը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին Երևանում ծրագրային հստակ քաղաքականություն է տարվում քաղաքն առավել հարմարավետ և սպասարկման ոլորտն առավել համակարգված դարձնելու ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին