Լուրեր

Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

06.07.2017



 ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 6-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Սեւանա լճից ջրառի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային ջնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ ստացվել են առաջարկներ, որոնց արդյունքում այն լրամշակվել եւ խմբագրվել է: Նախագիծն ընդունվել է 77 կողմ, 4 դեմ ձայներով:

Քննարկվել է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը

Պատգամավորները քննարկել են «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարն անդրադարձել է հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականությանը, պետական պարտքին, համաշխարհային տնտեսության զարգացումներին, որոնք 2011 թվականից սկսած կրել են բացասական բնույթ, ինչն էլ ազդել է նաեւ Հայաստանի տնտեսության վրա: 2014-ից անկում է նկատվել նաեւ Ռուսաստանի տնտեսությունում, ինչի բացասական հետեւանքներն զգացվել են նաեւ մեր երկրում՝ տրանսֆերտների նվազեցում եւ այլն/: Նա տեղեկացրել է, որ հաշվետու տարում ծրագրված է եղել 2,2 տոկոս տնտեսական աճ, սակայն տարին փակվել է 0,2 տոկոս աճով: Տրանսֆերտները Ռուսաստանից երեք տարվա ընթացքում նվազել են 38,4 տոկոսով կամ 830 մլն ԱՄՆ դոլարի չափով:

Արձանագրված 0,2 տոկոս տնտեսական աճին նպաստել են արդյունաբերության եւ ծառայությունների ճյուղերը: Արդյունաբերության ոլորտում դրական աճին նպաստել են հանքարդյունաբերությունն ու հանքագործությունը, արտահանումը: 2016 թվականին եղել է ցածր գնաճային ֆոնով տնտեսական միջավայր, արձանագրվել է 1,4 տոկոս գնանկում:

2016-ին ծրագրվել էր ունենալ 1 տրիլիոն 186 մլրդ դրամի ընդհանուր եկամուտներ, 1 տրիլիոն 377 միլիարդի ծախսեր եւ 190,7 միլիարդի դեֆիցիտ, որը ՀՆԱ-ում կազմում էր շուրջ 4 տոկոս, սակայն բացասական զարգացումների ֆոնին պարտադրված իրականացվել է ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն, արդյունքում՝ ընդհանուր եկամուտները կազմել են 1 տրիլիոն 171 մլրդ, ծախսերը՝ 1 տրիլիոն 449 մլրդ, դեֆիցիտը՝ 278 մլրդ դրամ:

Նախարարն արդարացված է գնահատել բացասական զարգացումների ֆոնին նախատեսված ծախսերի ֆինանսավորումը դեֆիցիտի հաշվին: Պարոն Արամյանը նշել է, որ հաշվետու տարում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը ծրագրվել էր 20,7 տոկոս, սակայն տարին ամփոփվել է 21,3 տոկոս հարկեր ցուցանիշով: Նա ընդգծել է, որ թեեւ եկամուտների մասով թերակատարում է եղել, այնուամենայնիվ նախատեսված բոլոր բյուջետային ծրագրերն իրականացվել են: Այսպես՝ սոցիալական բնույթի ծախսերն իրականացվել են ամբողջությամբ՝ կազմելով 396,8 մլրդ, պահուստային ֆոնդը կազմել է 15,1 մլրդ, ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին ուղղվել է 292,1 մլրդ դրամ, տնտեսական հարաբերություններին ուղղվել է 131,1 մլրդ դրամ, պաշտպանության ոլորտին հատկացվել է 225,9 մլրդ դրամ եւ այլն: Անդրադառնալով պետական պարտքին՝ պարոն Արամյանը տեղեկացրել է, որ 2016 թվականի վերջին այն կազմել է 5 մլրդ 942 մլն ԱՄՆ դոլար: Նախարարի խոսքով՝ մեր երկիրը դեռ չի հատել պետական պարտքի վտանգավոր սահմանը եւ դասվում է միջին պարտքի բեռ ունեցող երկրների շարքին:

Այս համատեքստում նա նշել է, որ արտոնյալ վարկերը Հայաստանում կազմում են 64 տոկոս: 
 


ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ներկայացրել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նա ներկայացրել է հաշվետու տարում տնտեսության զարգացման դինամիկան, իրականացված դրամավարկային ու հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականությունները: ԿԲ նախագահն անդրադարձել է դեֆիցիտի չափին, խոսել արձանագրված տնտեսական թույլ աճից եւ դրա պատճառներից, ներկայացրել այն նախապայմանները, որոնք կարող են նպաստել տնտեսության հետագա աճին:

Հարակից զեկույցում ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանն անդրադարձել է սկզբունքային որոշ խնդիրների: Նա կարեւորել է վարկային եւ դրամաշնորհային միջոցների, ինչպես նաեւ պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների ֆինանսական հոսքերի շրջանառությունը գանձապետական համակարգի միջոցով, այլ ոչ թե առեւտրային բանկերով: Պարոն Յոլյանի խոսքով՝ որքան շատ բյուջետային միջոցներ շրջանառվեն գանձապետական համակարգի միջոցով, այնքան վերահսկելի եւ թափանցելի կլինի այդ միջոցների օգտագործումը: ՎՊ նախագահն անհրաժեշտ է համարել գանձապետարանին այդ ծրագրերի մասով նախնական հսկողություն իրականացնելու հնարավորության տրամադրումը: Նա անդրադարձել է նաեւ պալատի կարողությունների զարգացման խնդիրներին, ներկայացրել գործառնական դասակարգման ծախսերի ուսումնասիրության հիմնական ցուցանիշները:

Ըստ ՎՊ եզրակացության՝ պետական բյուջեի կատարման հաշվետվության ցուցանիշներն արժանահավատ են, սահմանված պահանջները՝ կատարված:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, հարակից զեկույցում անդրադառնալով գլոբալ տնտեսական անբարենպաստ վիճակի ազդեցությանը մեր երկրի տնտեսական զարգացման վրա, խոսել է կառավարության կողմից այս ուղղությամբ իրականացվող դրամավարկային քաղաքականության մասին: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ գործադիրը հետեւողական քայլեր է իրականացրել խնայողական ռեժիմի զարգացման եւ տնտեսական աճի ավելացման ուղղությամբ՝ ապահովելով ծախսերի 100 տոկոս կատարողական: Գագիկ Մինասյանն ընդգծել է, որ հաշվետու տարում պետական բյուջեի ծախսային գերակայություններն իրացվել են, թեեւ տարվա ընթացքում որոշ ճշտումների անհրաժեշտություն է առաջացել: Նշվել է, որ հանձնաժողովը կողմ է բյուջեի կատարման հաշվետվության հաստատմանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրել է հանձնաժողովի եզրակացությունը բյուջեի կատարման տարեկան հաշվետվության պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության հատվածի վերաբերյալ: Նշվել է, որ 2016 թվականի ընթացքում առաջնահերթություն է եղել ՀՀ զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով համալրելը եւ այս ուղղությամբ իրականացվել են ծավալուն աշխատանքներ ինչպես բյուջետային միջոցների շրջանակում, այնպես էլ ՌԴ-ի հետ կնքած պետական արտահանման վարկի միջոցների հաշվին: Զինված ուժերը համալրվել են զենիթային, հրթիռային նոր համալիրներով, ավտոտրանսպորտային ինժեներական միջոցներով, տեխնիկապես հագեցվել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը, ձեռք են բերվել ջերմատեսիլ դիտարկման համակարգեր, ջերմատեսիլ նշանոցներ:

Ամփոփելով ելույթը՝ Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ 2016 թ. պետական բյուջեով նախատեսված պաշտպանության եւ պետական ռեզերվների ոլորտի ծրագրերն ամբողջությամբ կատարվել են, հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաստաթղթին:

Փաստաթղթի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները

Նաիրա Զոհրաբյանը խոսել է տնտեսության, իր գնահատմամբ՝ վատ վիճակի վերաբերյալ եւ հետաքրքրվել, թե ինչ է կատարվել վերջին ամիսներին վիճակի բարելավման, աղքատության եւ մենաշնորհների հաղթահարման, այլ խնդիրների վերացման ուղղությամբ: Ըստ նրա՝ մեծ չափերի են հասել արտագաղթն ու աղքատությունը, չեն կատարվում իրական քայլեր խնդիրների հաղթահարման համար: Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, թե բյուջեի կատարողականը որեւէ բան չի փոխել քաղաքացիների կյանքում, տարբեր ոլորտներում էլ արձանագրվել են տնտեսական աճի նվազեցումներ: Պարոն Մելքումյանը գոհունակությամբ արձանագրել է ռազմարդյունաբերության եւ խմիչքարտադրության ոլորտներում գրանցված աճը, կարեւորել արտահանման խթանումը: Նիկոլ Փաշինյանը խոսել է հաշվետու տարում ՀՀ կառավարության փոփոխությունից, անդրադարձել նախորդ կառավարության գործունեությանն ու իր տեսակետները հայտնել ներքաղաքական իրավիճակի, ՀՀ ապագա վարչապետի թեկնածության վերաբերյալ: Պատգամավոր Վարդան Բոստանջյանն անհրաժեշտ է համարել ստեղծված իրավիճակից ելք գտնելը, կարեւորել է վարկային միջոցների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ ներդրումներ կատարելը հատկապես կապիտալ ծախսերի վերաբերյալ հոդվածներում: Էդմոն Մարուքյանը խոսել է կառավարության իրականացրած ծրագրերից, աղքատության, արտագաղթի, այլ խնդիրների վրա դրանց ազդեցությունից եւ կարծիք հայտնել, թե եղած տարբեր խնդիրները մնացել են չլուծված, քաղաքացին՝ չպաշտպանված: Արմենուհի Կյուրեղյանն անդրադարձել է կատարողականի քննարկման ձեւաչափին, խոսել առողջապահության ոլորտի ծախսերից եւ խնդիրներից, պետական ենթակայության բուժհիմնարկները սարքավորումներով ապահովելու հարցին: Նա կառավարությանն առաջարկել է այս խնդիրը հաշվի առնել հաջորդ տարվա պետական բյուջեն պլանավորելիս: Գեւորգ Պետրոսյանի կարծիքով՝ բյուջեի կատարողականի մասին խոսելիս չպետք է առաջնորդվել զուտ թվերով: Ըստ նրա՝ պետք է ուշադրություն դարձնել ժողովրդի խնդիրների լուծմանը, բարեկեցության բարձրացմանը: Ըստ նրա՝ բոլոր հիմքերը կան դեմ քվեարկելու նախագծին: Արտակ Զեյնալյանը ծրագրային բյուջետավորման համատեքստում անդրադարձել է խորհրդարանի վերահսկողական գործառույթների իրականացման արդյունավետությանը, բյուջետային միջոցների օգտագործման թափանցիկությանը: Սերգեյ Բագրատյանը, կարեւորելով բյուջեի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, կարծիք է հայտնել, որ այն պետք է միջազգային կառույցների կողմից ուսումնասիրվի, արտաքին աուդիտի ենթարկվի: Պատգամավորը խոսել է տարբեր ոլորտներում արդյունավետ ֆինանսավորման եւ իրականացվող ներդրումային քաղաքականության մասին: Վահե Էնֆիաջյանը նշել է, որ մեր երկրում թիրախային մի շարք խնդիրներ կան, որոնց մասով առարկայական քայլեր չեն իրականացվել, մասնավորապես աշխատատեղերի ստեղծման, արտագաղթի տեմպերի կանխման, ՓՄՁ-ների գործունեության հետ կապված: Պատգամավորն անդրադարձել է նաեւ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությանը: Արմեն Աշոտյանը բյուջետային փաստաթղթին անդրադարձել է արտաքին քաղաքական զարգացումների համատեքստում, խոսել միջազգային մարտահրավերների դեմ պայքարում խորհրդարանական դիվանագիտության կարեւորության մասին: Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ 2009 թվականից ի վեր մեր երկրի տնտեսությունն արտաքին բացասական ազդեցությունների ներքո է գտնվում եւ 2017-2022 թթ. կառավարության ծրագրի առանցքային խնդիրն է՝ փորձել ձեւավորել այնպիսի ինստիտուտներ, որոնք հնարավորություն կտան այդ բացասական ազդեցությունները չեզոքացնել: Պատգամավորի կարծիքով՝ կառավարությունն առավելագույն ջանքեր է գործադրել տնտեսության ոլորտում բացասական հետեւանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ, եւ հաշվետվությունը, ըստ նրա, հավանության է արժանի: 
 

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը

ՀՀ ԱԺ փոխնախագահը, կարեւորելով քննարկվող փաստաթուղթը, անհրաժեշտ է համարել դրա վերլուծությունը թե տնտեսական, թե քաղաքական տեսանկյուններից: Փոխնախագահն անդրադարձել է տնտեսության միջազգային զարգացումներին, որոնք եւս ցածր են եղել եւ կարեւորել մեր՝ նախորդ տարի խնդիրներով եւ մարտահրավերներով լի երկրում մակրոտնտեսաական կայունության պահպանումն ու երկիրը ցնցումներից զերծ պահելը: Պարոն Շարմազանովը նշել է, որ տնտեսության 0,2 տոկոս աճն անբավարար է, ուստի կառավարությունն ունի նպատակ եւ ցանկություն՝ անելու ավելին: «2016 թվականի քաղաքական ու տնտեսական բարդ տարում կառավարությանն ընդհանուր առմամբ հաջողվել է դիմակայել ներքին եւ արտաքին մարտահրավերներին: Ես կոչ եմ անում կողմ քվեարկել բյուջեի 2016 թվականի կատարողականին՝ հույս հայտնելով, որ 2017թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ մենք կունենանք ավելի դրական պատկեր»,- ավարտելով խոսքը՝ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Արտահերթ ելույթներ են ունեցել նախարարներ Լեւոն Մկրտչյանը եւ Արտեմ Ասատրյանը

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացված բարեփոխումներին, ներկայացրել առաջիկա ծրագրերը: Նախարարը հատկապես կարեւորել է կրթության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներն ու գործընթացները, այս համատեքստում խոսել հանրակրթության եւ բարձրագույն կրթության խնդիրներից եւդրանց հաղթահարմանն ուղղված ծրագրերից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի հատկացումները եւ հիմնական ծրագրերը: Աշխատանքի եւ զբաղվածության ոլորտին հատկացվել է շուրջ 2 մլրդ դրամ, որի շրջանակում մեկ տասնյակից ավելի ծրագրեր են իրականացվել: Կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացված միջոցառումներն ուղղված են եղել շահառուներին մատուցվող ծառայությունների հասցեականության եւ մատչելիության բարձրացմանը, որակի բարելավմանը, այդ թվում՝ էլեկտրոնային ծառայություններ ներդնելուն: Նշվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արդիականացմանն ուղղված ծրագրերը շարունակական են լինելու:

Տեսակետներ են հայտնել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» եւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունները

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ով անդրադարձել է իրականացվող վարկային եւ հարկային քաղաքականությանը, բիզնեսի կազմակերպման գործում ֆինանսական նոր միջոցների ներդրմանը: Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ պետք է հստակ քաղաքականություն լինի ձեռնարկատիրության ոլորտում ներդրումներ իրականացնողների համար: «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի կատարման հաշվետվությանը:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծիք է հայտնել, որ աշխարհաքաղաքական իրադրությունը, միջազգային տնտեսական ցնցումները, անշուշտ, իրենց բացասական ազդեցությունն են ունեցել մեր երկրի տնտեսության զարգացման վրա: Անդրադառնալով գործընկերների դիտողություններին՝ խմբակցության ղեկավարը հորդորել է լինել իրատես: Վահրամ Բաղդասարյանը խոսել է պետական բյուջեի կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացման մասին՝ կարեւորելով դրա ուժեղացումը: Նշվել է, որ ՀՀԿ-ի գնահատմամբ՝ փաստաթուղթն արժանի է հավանության:

Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւ անդրադարձել պատգամավորների առաջարկներին ու դիտողություններին:

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի հուլիսի 7-ի նիստում: 

← Վերադառնալ ցուցակին