Լուրեր

Ավարտվել է Ռոբերտ Շուման ինստիտուտի (RSI) կողմից Երևանում կազմակերպված «Խորհրդարանական համագործակցություն» եռօրյա ծրագիրը

17.07.2017

 Հուլիսի 14-16-ը Ռոբերտ Շուման ինստիտուտի (RSI) նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց «Խորհրդարանական համագործակցություն» խորագրով ծրագիրը, որին մասնակցում էին շուրջ 30 երիտասարդներ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական միությունից, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամից (KAS) և Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:

 

Եռօրյա ծրագրի շրջանակներում երիտասարդները հանդիպումներ ունեցան RSI տնօրեն Գաբոր Բերցզելիի, KAS «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Դր. Թոմաս Շրապելի, Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբի պատգամավոր Միքայել Գահլերի, Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբի արտաքին կապերի, անվտանգության և պաշտպանության, Հարավային Կովկասի և «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովի հարցերով խորհրդական Ռոբերտ Գոլանսկիի, ինչպես նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանի և ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ: Հանդիպումների ընթացքում հյուրերը երիտասարդների հետ կիսվեցին իրենց փորձով, խոսեցին տարածաշրջանային հիմնախնդիրների,  աշխարհաքաղաքական զարգացումների և մարտահրավերների մասին, ծրագրի մասնակիցներին ներկայացրին Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասին և Հայաստանին վերաբերող քաղաքական օրակարգը և ԵԽ հիմնական կառուցվածքային միավորներն ու որոշումների կայացման մեխանիզմները:

 

ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը, խոսելով ՀՀ ներկա քաղաքական իրավիճակի, վերջին ընտրությունների և կատարված բարեփոխումների մասին, նշեց, որ ՀՀ-ում բարեփոխումների տեսքով իրականացվող գործընթացները համապատասխանում են միջազգային ստանդարտներին և արժանանում են միջազգային կազմակերպությունների հավանությանը: ՀՀԿ ԵԿ ղեկավարը կարևորեց նման ծրագրերին, համաժողովներին և դասընթացներին երիտասարդների մասնակցությունը՝ ընդգծելով այն կարևոր փաստը, որ հայ երիտասարդները և մասնավորապես ՀՀԿ-ական երիտասարդները հետագայում կարողանում են միջազգային բոլոր հարթակներում ներկայացնել և առաջարկել այնպիսի հիմնախնդիրներ (այդ թվում՝ Արցախի և Ցեղասպանության հարցերի վերաբերյալ), որոնք ստանալով բանաձևերի տեսք՝ ընդունվում են միջազգային կառույցների կողմից:

 

Հանդիպումներից և ուսուցողական հատվածից զատ եռօրյա ծրագրի ընթացքում  երիտասարդները մասնակցեցին սիմուլյացիոն խաղերի, որոնց շրջանակներում հնարավորություն ունեցան ձևավորել Եվրոպական խորհրդարան, ընտրել նախագահ, կոմիտեների և խմբակցությունների ղեկավարներ, ստեղծել կոալիցիաներ, համագործակցել որոշումների կայացման գործընթացում, կազմել բյուջե, անցկացնել դեբատներ վերջինիս վերաբերյալ և ի վերջո ներկայացնել այն քվեարկության:

 

Ծրագրի ավարտին ամփոփվեցին արդյունքները, երկուստեք տրվեցին գնահատականներ, և RSI ղեկավարության կողմից մասնակիցներին հանձնվեցին վկայականներ:

← Վերադառնալ ցուցակին