Լուրեր

Հարգանքի տուրք՝ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

28.03.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն այսօր այցելել են Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել ՀՀԿ հիմնադիր, հայ քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Այսօր քաղաքական գործիչը կդառնար 68 տարեկան: Եռաբլուրում ՀՀԿ հիմնադրի շիրիմին ծաղիկներ խոնարհեցին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանի հարազատները, ընկերները և այլոք:

Արմեն Աշոտյանը նշել է, որ այսօր Հայաստանը մեծապես կարիք ունի Աշոտ Նավասարդյանի նման  քաղաքական գործիչների:

«Իմ քաղաքական գործունեությունը նրա կենդանության օրոք չի եղել, մենք Կուսակցություն ենք եկել նրա մահից հետո և նրան ճանաչել բացառապես իր ելույթներով, գործունեությամբ և կենսագրությամբ: Կարող եմ ասել, որ Աշոտ Նավասարդյանի քաղաքական տեսակը մեզանում պակասում է: Նրա քաղաքական արժևորումը չի սկսվում միայն կուսակցության հիմնադրմամբ և  առաջնորդությամբ և տանում է դեպի տոտալիտար համակարգի ժամանակահատվածում Հայաստանի ապագան տեսնելու իր ցանկությունը: Աշոտ Նավասարդյանի քաղաքական ժառանգության բյուրեղացումը մեզ համար այսօրվա պատասխանատվությունն է, որ ստանձնել է մեր կուսակցությունը երկրի հետագա զարգացման հարցում»,- ասել է Արմեն Աշոտյանը:

Հարցին, թե արդյոք Աշոտ Նավասարդյանը ցանկանո՞ւմ էր տեսնել հենց նման կուսակցություն, Աշոտյանը պատասխանեց. «Վստահ եմ՝ նա մեր կատարած աշխատանքը և՛ գնահատելու, և՛ քննադատելու առիթներ կունենար: Այդուհանդերձ, նա հպարտ կլիներ, որ անկախ Հայաստանի առաջին կուսակցությունը այսօր քաղաքական կյանքի թիվ մեկ դերակատարն է և, ցավոք, քաղաքական բովանդակություն ստեղծող ուժերի մեջ եզակին»,-եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Նավասադրյանը եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ։ Հետագայում հետևել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ: Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է և գումարային դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։

1990 թվականին հիմնել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Մահացել է 1997 թվականին:

 

← Վերադառնալ ցուցակին