Լուրեր

«Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին». Արմեն Աշոտյան

23.03.2019

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տարի լրանում է Արևելյան Գործընկերության 10-ամյակը, որը նշելու համար մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվում է կազմակերպել բարձր մակարդակի Կոնֆերանս, Եվրոպական Միության և Արևելյան Գործընկերության երկրների ղեկավարների մասնակցությամբ:

 
Իմ ունեցած հավաստի տեղեկություններով, այդ միջոցառման շրջանակներում Ադրբեջանը ջանքեր է գործադրում ԵՄ-Ադրբեջան նոր Համապարփակ գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը (չշփոթել ստորագրման հետ) իրականացնելու համար:
 
Անցյալ շաբաթ այն մասին, որ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները մտնում են եզրափակիչ փուլ, հայտարարել էին ԵՄ Արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Մոգերինին և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Հաննը:
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տվյալ համաձայնագրում ԵՄ-ից կորզել մաքսիմալ բարենպաստ ձևակերպումներ, առաջարկում եմ ՀՀ ԱԳՆ-ից ստանալ հետևյալ հարցերի պարզաբանումները:
 
1. Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին:
 
2. Արդյո՞ք այդ համաձայնագրում Արցախին վերաբերող ձևակերպումները բավարարում են Հայաստանին և համադրելի են ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրված դրույթների հետ»:

← Վերադառնալ ցուցակին