Լուրեր

«Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հեղաշրջում ու իշխանազավթում՝ շանտաժի ու սպառնալիքի ներքո».Էդուարդ Շարմազանով

19.04.2019

Մեկ տարի առաջ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հեղաշրջում ու իշխանազավթում՝ շանտաժի ու սպառնալիքի ներքո: Այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հավելելով, որ Հայաստանն ունեցավ ոչ թե կառավարության ղեկավար, այլ հեղափոխական կոմիտեի առաջնորդ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Այս մեկ տարին ստի, կեղծիքի, սուտ սպասումների տարի էր: 

 
Շարմազանովի խոսքերով, կառավարությունը և կառավարության  ղեկավարը փորձում են  վերցնել նախկին կառավարությունների դրականը, դրա վրա, քարը քարի վրա դնելով, առաջընթաց ապահովել, իսկ հեղափոխական կոմիտեները ջնջում են նախկինը և փորձում են ամեն ինչ սկսել նորից և հենց դրանով է պայմանավորված, որ եղավ հին ու նոր Հայաստան, քաղաքական մերժողականություն:
 
ԱԺ նախկին փոխխոսնակը նշեց, որ Փաշինյանը մեկ տարի առաջ տնտեսության մասով հանդես եկավ սուտ խոստումներով, որոնք չեն իրականացվել. «Մենք ունենք սուտ քաղաքականություն, ֆեյք կառավարություն՝ ի դեմս Փաշինյանի: Նա ասում էր, որ ունի քաղաքական փայտիկ, լինելու են փոփոխություններ, լինելու է թռիչքային զարգացում:
 
Թռիչքային զարգացման համար անհրաժեշտ է առնվազն երկնիշ տնտեսական աճ: Ամանորից հետո նա շրջանառության մեջ դրեց տնտեսական հեղափոխություն տերմինը, ինչն արդեն բլեֆ է: Տնտեսությունն էվոլուցիոն համակարգ է: Բացի դրանից, ինչպե՞ս կարող է դա լինել, եթե 2017 թվականին եղել է 429 միլիարդի ներդրում, իսկ 2018-ին՝ 422: Ինչպիսի՞ թռիչքային զարգացում կարող է լինել, եթե աշխատատեղեր են փակվում, եթե կա ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ: Մարդիկ խոսում են 50 հազար աշխատատեղերից, որը իրականում չկա»,-ասաց Շարմազանովը՝ նշելով, որ հարկեր-ՀՆԱ-ն պակասել է, իսկ դա վկայում է ստվերի ավելանալու մասին:
 
Նախկին փոխխոսնակի պնդմամբ, այսօր մարդիկ ավելի վատ են ապրում, չկան ներդրումներ, այսօրվա իշխանությունը չունի տնտեսական օրակարգ:
 
henaran.am

← Վերադառնալ ցուցակին