Լուրեր

«Իսկ Բոլթոնի հայտարարությունից հետո ինչո՞ւ էին Փաշինյանի գլխավորությամբ բերանները ջուր առած լռել». Էդուարդ Շարմազանով

24.06.2019

Հայաստանում Ռուսաստանի դեսպանի և Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի և ԱԺ նախագահի հայտարարությունների միջև կա խորը անդունդ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծին համապատասխան, այստեղ ևս իրողություն է փոխվել։ Այս մասին նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Քոչարյան-Կոպիրկին հանդիպումից հետո ԱԳՆ-ի կողմից դեսպանին Արտգործնախարարություն հրավիրելու փաստը և հորդորը, որպեսզի նա չմիջամտի Հայաստանի ներքին գործերին, արդյոք դեսպանի կողմից երկրի ներքին գործերին միջամտելու միտումներ տեսե՞լ է։

 
«Իսկ որ Ջոն Բոլթոնը եկավ Հայաստան ու ալամ աշխարհի աչքի առաջ հայտարարեց, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից, ինչո՞ւ էին բոլորը բերանները ջուր առած լռել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այն, որ այլ երկրների ու կառույցների ներկայացուցիչներ առավոտից երեկո Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարություններ են անում, ում հետ ցանկանում հանդիպում են, բա ինչո՞ւ որևէ խնդիր չեղավ, ինչո՞ւ որևէ հայտարարություն չարեցին։ Այն, որ տրանսգենդերը ԱԺ ամբիոնից տրանսգենդերություն էր քարոզում, դա ողջունո՞ւմ էին»,- ասաց Է. Շարմազանովը։
 
Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, և ՌԴ դեսպանն է որոշում՝ ում հետ հանդիպել, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի, որը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համար ոչ թե կենացներ է խմել, այլ տնտեսական և քաղաքական ոլորտներում կոնկրետ ձեռքբերումներ է ունեցել։
 
Նա նաև հավելեց, որ Ռուսաստանի դեսպանը, և՝ ոչ միայն, իրենց հետ էլ է հանդիպել, գուցե դա էլ իշխանությունները չողջունեն։
 
«Սա զավեշտալի հայտարարությունների շարքից է, և երիտասարդները, որոնք քայլելով եկել են իշխանության՝ չեն գիտակցում պետական ղեկավարման ծանրությունը և իրենց առաքելությունը։ Իրենք փայլուն հարաբերություններ են փչացնում։ Այնպես չէ, որ Ռուսաստանին քննադատում են, իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները փայլուն են։ Նիկոլ Փաշինյանը «Նեզավիսիմայա գազետային» հարցազրույց է տալիս ու ասում, թե ինքն ամենախիստն է քննադատել Միացյալ Նահանգներին։ Տո տնաշեն, քո գործը սրան ու նրան քննադատելը չէ, այլ որպես պետության ղեկավար՝ հարաբերություններ բարելավելն է բոլորի հետ՝ Եվրամիության, Իրանի, Ռուսաստանի հետ, ի շահ ՀՀ քաղաքացու։ Կամ՝ այդ որտե՞ղ է քննադատել Ամերիկային, որտեղ պետք է՝ չի քննադատել, Բոլթոնի հայտարարությունից հետո Փաշինյանից որևէ ռեպլիկ լսե՞լ եք, ընդհակառակը՝ ԱԺ-ում հայտարարեց, որ հետո կհասկանանք, որ դա մեզ համար ձեռնտու է, դրա ի՞նչն էր ձեռնտու»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։
 
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 168.am
 
 
 

← Վերադառնալ ցուցակին