Լուրեր

Լա՞վն է, թե՞ վատը, որևէ մեկին դո՞ւր է գալիս, թե՞ ոչ՝ դա է մեր հիմնական օրենքը. Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրության մասին

05.07.2019

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Հանրապետական կուսակցության անդամները՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան, այնուհետև Տեղեր վանական համալիրի Սուրբ աստվածածին եկեղեցում մասնակցեցին միասնական աղոթի և մոմ վառեցին։

 
Նշենք, որ ամեն տարի Հանրապետական կուսակցությունը խորհրդանշական ուխտագնացության է մեկնում այս վայրեր, և այս տարի այցը համընկավ Սահմանադրության օրվա հետ։
 
Շնորհավորելով հայ ժողովրդին և կուսակից ընկերներին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր ժողովուրդ կարող է մասնակցել հավերժի երթին՝ միայն ունենալով պետականություն։
 
«Արմատները՝ արմատներ, բայց դրանք մշտապես պետք է սնուցվեն, ամրապնդվեն, և առաջին հերթին՝ ամրապնդվեն անկախ պետության սահմանադրությամբ։ Լա՞վն է, թե՞ վատը, որևէ մեկին դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, բայց դա է մեր հիմնական օրենքը։ Մենք միայն այդպես կարող ենք առաջ շարժվել և միայն այդպես կարող ենք ձգտել կատարելության։  Կատարյալ ոչինչ չկա, բայց կատարյալի ձգտումը միշտ կա, և մենք՝ որպես ժողովուրդ, պետք է ձգտենք դրան։ Յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր հանրապետական մշտապես պետք է հասկանա, որ չկա օրենք՝ չկա զարգացում, նշելով Սահմանադրության օրը՝ համոզմունք ենք հայտնում, որ ամեն կերպ պահպանելու ենք մեր Սահմանադրությունը»,- շեշտեց ՀՀ երրորդ նախագահը։
 
henaran.am

← Վերադառնալ ցուցակին