Լուրեր

«Ստամբուլյան կոնվենցիայի արագընթաց վավերացումը նպատակ ունի կոմպենսացնելու հեղափոխության սպառված բրենդն Արեւմուտքում». Արմեն Աշոտյան

30.07.2019

Վերջին օրերին Ստամբուլյան կոնվենցիան դարձել է լայն քննարկման առարկա, եւ գրեթե յուրաքանչյուր երկրորդ գործիչն իր պարտքն է համարում խոսել այդ թեմայից: Բայց այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ կոնվենցիային դեմ են արտահայտվում նաեւ ՀՀԿ-ականները, որոնց իշխանության օրոք է ստորագրվել փաստաթուղթը, եւ միայն վավերացումն է մնացել գործող իշխանության «ուսերին»: Ինչո՞ւ եք մոռացել ձեր քայլերի մասին: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց. «Ստամբուլյան կոնվենցիան Եվրոպայի խորհրդի կողմից ընդունվել է 2011 թվականին:

 
Ընդունման պահից սկսած` Եվրոպայի խորհուրդը եւ միջազգային այլ մարմիններ աշխատանք էին տանում ԵԽ անդամ պետությունների հետ, որպեսզի այդ կոնվենցիան հնարավորինս արագ ստորագրվի եւ վավերացվի: Հայաստանի հետ նման օրակարգային հարց ի սկզբանե եղել է, եւ մինչեւ կոնվենցիայի ստորագրումը անցել է 7 տարի: Այսինքն, կոնվենցիան ընդունվել է 2011-ին, Հայաստանի կողմից դրա ստորագրումը տեւեց 7 տարի: Տարակուսելի հարցը դա չէ, որ Հայաստանը, ինչպես ԵԽ անդամ այլ 45 պետություններ, ստորագրեց կոնվենցիան:
 
Տարակուսելին այն է, թե ինչպիսի սրընթաց արագությամբ գործող իշխանությունները 2018 թվականին ստորագրված կոնվենցիան փորձում են 2019-ին վավերացնել: Եթե մերօրոք կոնվենցիան ստորագրելու քաղաքական համաձայնություն ունենալու համար պահանջվեց 7 տարի, ապա անհասկանալի է` ինչի դիմաց գործող իշխանությունները ստորագրումից մեկ տարի անց ամեն գնով փորձում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան», – նշեց նա: Աշոտյանի խոսքով` Ստամբուլյան կոնվենցիային միանալուց առաջ մանրամասն ուսումնասիրել են ԵԽ անդամ այլ երկրների փորձը եւ տեսել են` տասնյակ երկրներ միացել եւ վավերացրել են այն շատ լուրջ վերապահումներով, որոնք վերաբերել են կոնվենցիայի հակասություններին` այդ երկրների ազգային օրենսդրությունների եւ Սահմանադրության հետ: «Այդպիսի օրինակներ շատ կան:
 
Կա եվրոպական փորձ, թե ինչպես ստորագրված կոնվենցիան կարելի է երկար տարիներ չվավերացնել, իսկ վավերացնելու դեպքում ինչպես են այդ երկրները հստակ սահմանել իրենց ազգային օրենսդրության գերակայությունը այն դրույթների վերաբերյալ, որոնք հակասության մեջ են եղել: Ի մի բերելով այդ ամենը` ցանկանում եմ նորից ասել` մեզ հետ բանակցելու 7 տարին, որը պահանջվեց, որպեսզի ստորագրենք կոնվենցիան, իշխանությունները մեկ տարի անց վավերացում են տալիս: Խնդրում եմ` բացատրել, թե ինչու», – նկատեց Աշոտյանը: Նա նշեց, թե ունի իր վարկածը, թե ինչու էՆիկոլ Փաշինյանը շտապում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: «Իմ վարկածը հետեւյալն է. ես վստահ եմ` այս մեկ տարվա ընթացքում Արեւմուտքում վաճառելով «թավշյա հեղափոխության» բրենդը` նա այլեւս տեսնում է, որ այդ բրենդն այլեւս չի վաճառվում, քանի որ ԵՄ-ն ակնկալում է կոնկրետռեֆորմներ, եւ Բրյուսել երկու այցի ընթացքում վաճառելը ձախողվեց, եւ պետք է ցույց տալ ռեֆորմներ, սակայն այս իշխանություններն ունակ չենռեֆորմներ իրականացնելու:
 
Հետեւաբար Նիկոլ Փաշինյանը հաշվել է եւ հույս է դրել նրա վրա, որ վավերացնելով Ստամբուլյան կոնվենցիան` կկարողանա եւս տարիուկես Արեւմուտքի քաղաքականության վրա վաճառել վավերացման փաստը: Այսինքն` արագընթաց վավերացումը նպատակ ունի կոմպենսացնելու հեղափոխության սպառված բրենդն Արեւմուտքում: Բայց Փաշինյանի քաղաքական կապիտալը կարող է չբավականացնել Հայաստանում այդ հարցն այդ ձեւովլուծելու համար»:
 
Սակայն հետաքրքիր է, որ Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ իրենք չեն շտապում: «Կառավարությունը չի շտապում։ Եթե Սահմանադրական դատարանի կողմից լինի դրական եզրակացություն, նոր Կոնվենցիայի վավերացման հարցը կմտնի ԱԺ։
 
Այլ կերպ ասած, չենք շտապում, կա գործընթաց, որը բնական ընթացքի մեջ է», – նշեցին նախարարությունից:

Նաիրա Հովհաննիսյան 

armlur.am

← Վերադառնալ ցուցակին