Լուրեր

«Ականջդ կանջի Մովսես Խորենացի, որ ողբում էիր «մանուկ» թագավորիդ համար». Շարմազանովը՝ Փաշինյանին

05.08.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Փաշինյանը , այսօր ուղիղ նայելով արցախցիների աչքերին, թող ասի` ինչպե՞ս ապրիլյան պատերազմ սանձազերծած, հայ սպային կացնահարած մարդասպանին հերոսի կոչում շնորհած Ալիևից «կիրթ և նորմալ» մարդու տպավորություն ստացավ:
 
Ինչպե՞ս ստացվեց, որ հրաժարվեց հայկական կողմերի համար ձեռնտու Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից եւ ինչո՞ւ Դուշանբեի վերելակում ներշնչվեց Ալիևի «խաղաղասիրությունից» :
 
Ինչո՞ւ մինչ օրս Արցախը չի վերադարձել բանակցությունների սեղան:
 
Ովքե՞ր են Արցախում գործող այն դավադիր ուժերը, որոնք հող են ուզում հանձնել: Ովքե՞ր են, ի վերջո, օտարերկրյա գործակալները, որոնց մասին Իրանում հայտարարեց երկրի վարչապետը:
 
Ինչո՞ւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն ու հրամանատարի տեղակալը, որոնք մեր զինված ուժերի լավագույն հրամանատարներից են, այլևս բանակում չեն:
 
Եվ վերջապես, Արցախի առաջին նախագահին ապօրինաբար ազատությունից զրկելն ու կալանքի տակ պահելը ու՞մ շահերից է բխում, Արցախի՞, թե՝ Ադրբեջանի:
 
Հարցերը շատ են, իսկ պատասխանների մասով փորձառություն կա. հորինովի պատմություններ՝ «փարիզյան գեյ մատուցողների» ու «հույժ գաղտնի փաստաթղթերի» մասին, երդում-բալլադներ ազատ-անկախ դատական համակարգի եւ կոռուպցիայի վերացման մասին, հեքիաթներ «թռիչքաձեւ զարգացման» եւ «կախարդական փայտիկի մասին», «ասք՝ ուղղված բոբո նախկիններին, ում պատճառով կորավ կախարդական փայտիկը», անտաղանդ բեմադրություններ «ես մեղավոր չեմ, որ անկարող եմ, ամբողջը հակահեղափոխական չուզողներն են տապալում» թեմայով :
 
Մի խոսքով՝ մանկապարտեզ՝ նորանոր «խաղերով ու ֆոկուսներով» : 
Ականջդ կանջի Մովսես Խորենացի, որ ողբում էիր «մանուկ» թագավորիդ համար»:

← Վերադառնալ ցուցակին