Լուրեր

Ես հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ոչ ռազմական գործողությունների սկզբի, ոչ էլ առավել ևս մոտավոր ժամկետների մասին․ Սերժ Սարգսյան

03.04.2020

 «Ունեցել ենք տեղեկատվություն շարժերի մասին, բայց դրանք վերլուծել և ստանալ տեղեկատվություն, որ հարձակում է լինելու, հնարավոր չէր»,- այս մասին քիչ առաջ Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի օրը, «5-րդ ալիք»-ի ցուցադրած «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում ասաց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետ կապված ամենախնդրահարույց թեմային, այն հարցին՝ արդյոք հայկական կողմերն ունեցել են հավաստի հետախուզական տեղեկատվություն ռազմագործողությունների մեկնարկի մասին։

Լևոն Մնացականյանն ասաց, որ ունեցել են տեղեկատվություն ապրիլի մեկին, որ կան որոշակի շարժեր, կուտակումներ։ Բայց, նրա խոսքով, այդ տեղեկատվությունը վերլուծել ու ստանալ տեղեկություն, որ կարող է ինչ-որ հարձակողական գործողություն լինել, հնարավոր չէր։

 Իր հերթին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ կոնկրետ այդ օրվա համար հետախուզական տվյալներ Պաշտպանության բանակի ղեկավարությունը ստացել է համարյա թե կեսգիշերին, իսկ ՀՀ ՊՆ հետախուզական վարչությունը Արցախի ՊԲ հետախուզության կողմից է տեղեկատվություն ստացել, արդեն իսկ գիշերը 12:00-ից հետո բանակի ղեկավարությունը մարտական հերթապահությունից անցել է պաշտպանության իրականացման խնդիրների պատրաստականության վիճակի։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ասաց, որ իրենց համար զարմանք չէր, որ առնչվել են նման իրավիճակի։ Սակայն, ըստ նրա, այլ հարց էր, որ չեն ունեցել կոնկրետ տեղեկություններ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել հենց այդ պահին։ «Հանկարծակի հարձակումները, ինչպես գիտեք, հատկապես այդ սկզբնական շրջանում որոշակի առավելություն են ապահովում հարձակվողների համար, բայց, բարեբախտաբար, մենք շատ արագ իրականացրինք այն անհրաժեշտ քայլերը, որոնք նպաստեցին այդ ուժգին հակահարվածները հասցնելուն։ Եվ հետո մեր պատասխանատուները՝ հրամանատարները, իրականացրեցին այդ գործողությունները, որը հետո հիմք հանդիսացավ կասեցնելու նրանց այդ հանկարծակի գործողությունները»,- մանրամասնեց Սահակյանը։

Այս թեմայի շուրջ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը խոստովանեց, որ ադրբեջանական կողմին հաջողվել էր հանկարծակիի բերել, ստանալ նմանատիպ արդյունք, քանի որ հետախուզական տեղեկատվությունը սովորական էր։ Նրա դիտարկումների համաձայն՝ այնպիսի տեղեկատվություն էր, ասես պետք է աշխատեն սովորական դիվերսիոն խմբեր։ Խաչատուրովը բացատրեց, որ սովորաբար միաժամանակ ամենաշատը աշխատում են երկու-երեք հետախուզադիվերսիոն խմբեր, ժամանակ առ ժամանակ՝ չորս, բայց ոչ ավելի։ «Իսկ այս դեպքում ողջ առաջնագծում էր դա, համարյա թե բոլոր կողմերով»,- ասաց ԳՇ նախկին պետը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ նշեց, որ ապրիլյանից հետո բազմաթիվ մարդիկ, որոնք որևէ ունակություն չունեն հասկանալու, թե ինչ է նշանակում հետախուզական ինֆորմացիա, սկսեցին խոսել այն մասին, որ իրենք իբր թե գիտեին պատերազմի մոտալուտ վտանգի մասին։ Սակայն նրա որակմամբ, դրանք անպատասխանատու մարդկանց հայտարարություններ են։

«Մարդիկ լավ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում 116 կմ շփման գիծ ունեցող հրամանատարի համար ընդհանրական զեկույցը, թե հնարավոր է երբևէ ռազմական գործողություն, ես նկատի ունեմ զուտ պաշտպանական բանակի շփման հատվածում։ Իսկ եթե նաև ընդհանուր մեր ԶՈՒ պատասխանատվության ոլորտի մասին խոսենք, ապա դրանք հարյուրավոր կիլոմետրեր են։ Ես հայտարարել եմ, հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ոչ ռազմական գործողությունների սկզբի, ոչ էլ առավել ևս մոտավոր ժամկետների մասին»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

168.am

 

← Վերադառնալ ցուցակին