Լուրեր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար. «Հիմա կոռուպցիան, ըստ իրենց կազմակերպած հարցումների, մոտ 80% է»

07.07.2020

Այսօր ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բողոքի ցույց է արել կառավարության շենքի մոտ: «Կառավարությանը թվում է, որ ծածկադմփոց անելով, ամեն հնչեղ թեման այլ թեմայով փոխարինելով՝ իրենք հնարավորություն են ունենալու մոռացության մատնել իրենց կոռուպցիոն սկանդալային պատմությունները, ապօրինությունները: Այսօր մենք ցույցով հիշեցնում ենք՝ չի հաջողվելու մոռացության մատնել:

Կարծես սովորական է դարձել, որ բռնաբարվում է Սահմանադրությունը, որ բարձրագույն իշխանությունները կապված են կոռուպցիոն գործերի հետ: Մենք վերջապես պետք է հասկանանք՝ վարչապետ ունե՞նք, թե՞ պոպուլիստ ուզուրպատոր է, մենք Ազգային ժողովի պատգամավորներ ունե՞նք, թե՞ հատիկով սիգարետ վաճառողներ են:

Մեր իշխանությունները սիրում են խոսել կոռուպցիայից, շատ սիրում են ներկայացնել հարցումներ, որոնք իրականացվել են կառավարության շրջանակներում: Բայց մենք ուզում ենք հիշեցնել՝ նոյեմբերին, երբ հարցում էր իրականացվել, ՀՀ բնակչության 60%-ն էր համարում, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանում: Հիմա, ըստ իրենց կազմակերպած հարցումների, մոտ 80% է: Այս սենց են իրենք պայքարում կոռուպցիայի դեմ»,-ասաց Հայկ Մամիջանյանը: Նա օրինակ բերեց Միքայել Մինասյանի հայտարարությունները՝ ըստ որոնց՝ ՀՀ-ից մաքսանենգ ճանապարհով ծխախոտ եւ ադամանդ է արտահանվել:

Այս հայտարարության մասին իրավապահների պաշտոնական հերքման մասին էլ Հայկ Մամիջանյանն ասաց. «Ոստիկանությունը ծառայում է պետությանը եւ այն անօրեն գործողությունները, որոնք ոստիկանությանը փորձում են ստիպել, դա անթույլատրելի է: Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանի այն աշխատելաոճին, որ ստիպում է ուժայիններին ծածկել իր կեղտոտ սկանդալները, դա անընդունելի է: Ոստիկանության հայտարարությունը ոչ մի բանի մասին էր: Երբ մենք պահանջում ենք բացատրություն, մենք պահանջում ենք քաղաքական պաշտոնյաներից, ոչ թե մեր ոստիկանությունից»: Հայկ Մամիջանյանն ասաց. «Բոլոր այն քննիչները, որոնք պատիվ ունեն ՀՀ ոստիկանության կամ այլ ուժային կառույցների ուսադիրները կրելու, պետք է հստակ գիտակցեն՝ Նիկոլ Փաշինյանը հավերժ չէ. Եվ Նիկոլ Փաշինյանը երբեւէ չի կրելու պատասխանատվություն իրենց անօրեն գործողությունների համար»: Կարդացեք նաև Նեոբոլշեւի՞զմ Ամրամ Մակինյան. «Մերժվեց Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ արդեն երկրորդ միջնորդությունը» Միքայել Մինասյան․ «ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են» ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը վստահեցրեց՝ անընդհատ բողոքի ցույցեր են անելու. «Անընդհատ հիշեցնելու ենք իշխանություններին իրենց իրական դեմքը, իսկ իրենց իրական դեմքը հատիկով ծխախոտ վաճառողն է»: Հայկ Մամիջանյանը նաեւ ասաց՝ սովորաբար, երբ իշխանություններին իրենց անօրեն գործողությունների, իրենց հանցավոր անգործության մասին հիշեցնում են, դրանից հետո որպես կանոն ինչ-որ շինծու, հնչեղ քրեական գործ է ստեղծվում. «Այնպես որ ես կանխավ ներողություն եմ խնդրում այն անմեղ մարդուց, ում դեմ շինծու քրգործ է ստեղծվելու այն բանից հետո, երբ պարոն Փաշինյանը կամ իրենցից որեւէ մեկը կկորցնի իր տիրապետումը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ
aravot.am

← Վերադառնալ ցուցակին