|
|
9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ
9.1 Կուսակցության նախագահն ընտրվում է համագումարի կողմից` երկու տարի ժամկետով: Կուսակցության նախագահի թեկնածություններն առաջադրվում են համագումարի պատվիրակների կողմից: Կուսակցության նախագահ է ընտրվում գաղտնի քվեարկության արդյունքում համագումարի պատվիրակների առավել ձայներ ստացած թեկնածուն:
9.2 Կուսակցության նախագահը, կուսակցության խորհրդի անդամների կազմից առաջադրում է կուսակցության նախագահի տեղակալներ: Կուսակցության նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ տեղակալներից մեկն իրականացնում է կուսակցության նախագահի լիազորությունները:
9.3 Կուսակցության նախագահը`
ձեւավորում է կուսակցության գործադիր մարմին, որը բաղկացած է կուսակցության նախագահի տեղակալներից եւ հանձնաժողովների նախագահներից: Կուսակցության գործադիր մարմինը կատարում է համագումարի եւ խորհրդի ընդունած որոշումները, կուսակցության նախագահի հանձնարարականները, քննարկում եւ լուծում է կուսակցության հետ կապված ընթացիկ խնդիրները, մշակում եւ խորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցության գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը: Կուսակցության նախագահի առաջարկով գործադիր մարմնի աշխատանքներին կարող են մասնակցել նաեւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Կուսակցության նախագահի հանձնարարությամբ կուսակցության գործադիր մարմնի նիստերը կարող է վարել նախագահի տեղակալներից որեւէ մեկը: Գործադիր մարմինը վերահսկում է տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը.
ներկայացնում է կուսակցության շահերը եւ դիրքորոշումը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, քաղաքական եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում կամ դրա համար լիազորում է կուսակցության այլ անդամների.
ի պաշտոնե կուսակցության խորհրդի անդամ է.
հրավիրում է կուսակցության խորհրդի կամ գործադիր մարմնի նիստ.
նախագահում է խորհրդի նիստերը եւ ղեկավարում կուսակցության գործադիր մարմնի աշխատանքները.
հաստատում է կուսակցության խորհրդի որոշումները կուսակցության պաշտոնաթերթի եւ այլ պարբերականների հրատարակման մասին.
կազմավորում է իր աշխատակազմը.
կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ.
կուսակցության անունից հաստատում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը.
սահմանում է կուսակցության նախագահի տեղակալների կողմից անմիջականորեն համակարգվող ոլորտները.
իրականացնում է կուսակցության ընդհանուր ղեկավարումը.
կուսակցության խորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցության գործադիր մարմնի առաջարկները.
կուսակցության խորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցության նախագահի տեղակալների, հանձնաժողովների նախագահների եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների թեկնածությունները.
հրավիրում է ներկայացուցչական ժողով:
10. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
10.1. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը կուսակցության խորհուրդն է:
Կուսակցության խորհուրդն ընտրվում է կուսակցության համագումարում: Կուսակցության խորհրդի անդամության թեկնածություններն առաջադրվում են համագումարի պատվիրակների կողմից: Կուսակցության խորհուրդը համարվում է կազմավորված, եթե ընտրված է նրա անդամների առնվազն 2/3-ը:
10.2. Կուսակցության մարզային խորհուրդների նախագահները խորհրդի կազմում ընդգրկվում են ի պաշտոնե: Կուսակցության խորհրդի անդամների թիվը որոշում է կուսակցության համագումարը: Կուսակցության խորհրդի անդամների ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ: Ընտրված են համարվում համագումարի պատվիրակների առավել ձայներ ստացած թեկնածուները:
10.3. Խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Կուսակցության նախագահը կամ խորհրդի անդամների 1/3-ը կարող են հրավիրել արտահերթ նիստ: Նիստն օրինական է, եթե ներկա է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
10.4. Կուսակցության խորհրդի անդամը կարող է կասեցնել իր գործունեությունը խորհրդում: Կուսակցության խորհրդի անդամի գործունեության կասեցման հարցը կարող է քննարկվել նաեւ կուսակցության նախագահի կամ խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Որոշումը կայացվում է կուսակցության խորհրդի անդամների ձայների 2/3-ով, բաց քվեարկությամբ: Կուսակցության խորհուրդն իրավազոր է, եթե պահպանվում է նրա կազմի 2/3-ը:
10.5. Կուսակցության խորհուրդը`
հրավիրում է կուսակցության հերթական կամ արտահերթ համագումար.
վերահսկում է կուսակցության համագումարի հրավիրման նախապատրաստական աշխատանքները.
վերահսկում է համագումարի եւ իր որոշումների կատարումը.
հաստատում է գործադիր մարմնի կողմից մշակված եւ ներկայացված` կուսակցության գաղափարախոսական հիմնադրույթները, ծրագրային եւ կանոնադրական փաստաթղթերի նախագծերը, կուսակցության մարտավարական սկզբունքները, կուսակցության անունից անում է հայտարարություններ եւ առաջարկություններ.
հաստատում է Ազգային ժողովում կուսակցության խմբակցության գործունեության հիմնական ուղղությունները.
կուսակցության նախագահի առաջարկով որոշում է կայացնում կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման կամ լուծարման մասին: Կուսակցության նախագահի առաջարկությամբ հաստատում է դրանց ղեկավարների թեկնածությունները.
հսկողություն է իրականացնում կուսակցության մամուլի, լրատվական եւ հրատարակչական ծառայությունների գործունեության նկատմամբ.
կարող է կուսակցության մարզային խորհհըրդի առաջարկությամբ լուծարել կուսակցության տարածքային կազմակերպությունը.
իր նախաձեռնությամբ եւ կուսակցության նախագահի համաձայնությամբ կարող է լուծարել կուսակցության մարզային կազմակերպությունը.
հաստատում է կուսակցության նախագահի կողմից առաջադրված կուսակցության նախագահի տեղակալների, հանձնաժողովների նախագահների եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների թեկնածությունները.
տարեկան մեկ անգամ լսում է կուսակցության մարզային խորհուրդների հաշվետվությունները.
հաստատում է ՀՀ Ազգային ժողովում կուսակցության կողմից առաջադրվող պատգամավորների թեկնածուներին.
հաստատում է կուսակցության նախընտրական ծրագիրը:
10.6 Կուսակցության խորհուրդը դադարեցնում է իր լիազորությունները հերթական կամ կուսակցության խորհրդի ընտրության օրակարգով հրավիրված արտահերթ համագումարի սկսելու օրը:
|
|