Նախագահ

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում /մաս 1-ին/

14.04.2025

Ինչո՞ւ ես ընտրեցի Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Այս հարցին ունեմ իմ հիմնավոր պատասխանը: Իսկ դուք՝ այստեղ նստած յուրաքանչյուրդ, ձեզ համար ունեք արդյո՞ք այդ հարցի պատասխանը:
 
Ես ուզում եմ այս պարզ, բայց իրականում չափազանց  խորքային հարցուպատասխանով սկսենք մեր հոբելյանական նիստը՝ նվիրված ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին: 
 
Սիրելի՛ կուսակից ընկերներ,
 
Մենք բոլորս մեր կյանքի ինչ-որ փուլում կայացրել ենք այդ կարևոր որոշումը, և իրականում դրա պատասխանից է կախված մեր հաստատակամությունը և հավատարմությունը մեր կատարած ընտրությանը:
 
Այստեղ կան մարդիկ, ովքեր կուսակցության շարքերում են նրա ստեղծման օրվանից, շատերն էլ քաղաքական թիմին միացել են տարբեր տարիների: 
 
Եվ ես ուրախ եմ այսօր, այստեղ՝ Հանրապետականի անցած դժվարին ճանապարհի այս հանգրվանում ողջունելու ձեզ: 
 
Անցած համագումարը ես համարեցի յուրօրինակ ջրբաժան, ինքնամաքրման գործընթացի այդ փուլի ավարտի ազդարարման պահ, որի արդյունքներով մենք հաստատելու ենք Հանրապետականի դավանած արժեքների համար պայքարում ամուր կանգնողների վճռականությունը: 
 
Կուսակցությունում մնալու պայման պետք է լիներ Հանրապետականի յուրաքանչյուր անդամի ազնիվ պատասխանը` 
պատրա՞ստ է մինչև վերջ տեր կանգնելու մեր ազգային արժեքներին, 
պատրա՞ստ է աննահանջ կանգնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության ու ինքնիշխանության համար պայքարի դիրքերում,
պատրա՞ստ է մեր լեզուն, պատմությունը, մշակույթը, եկեղեցին պաշտպանելու օտարահաճո ապազգային տարրերի հարձակումներից,
պատրա՞ստ է տեր կանգնելու մեր ազգային արժանապատվությանը, մեր սուրբ հողին ու պետությանը և արժանի լինելու բոլոր ժամանակներում հանուն այդ հողի և պետության նահատակված մեր հերոսների հիշատակին:
 
Այդ օրվանից անցել է չորս տարի, և դուք այսօր, այստեղ ձեր ներկայությամբ ցույց եք տալիս, թե ջրբաժանի ո՞ր կողմում եք, և որքանո՞վ են այդ պայմանները ձեզ համար ընդունելի: 
 
Ես ուրախ եմ, որ կարող ենք ուղիղ նայել միմյանց աչքերի մեջ և ասել, որ մենք հաստատակամ ենք կուսակցությանն անդամագրվելու մեր որոշման մեջ՝ այն կայացնելու առաջին իսկ պահից: 
 
Իսկ նրանք, ովքեր այլևայլ նպատակներով էին անդամագրվել կուսակցությանը, տեսանք, որ պահը եկավ, և «որոմը զատվեց ցորենից»: Այլ բան չասենք այս տեսակին, որ ամենուր է և բոլոր ժամանակներում «որոմի» նման իր կայուն տեղն ունի «տարբեր դաշտերում»: Դրանից ոչ մի քաղաքական ուժ ապահովագրված չէ: Եկեք յուրաքանչյուրս նայենք մեր անցած ճանապարհին:  
Իմ որոշման հիմքում համոզմունքներս էին, կյանքիս կարևորագույն նպատակը՝  նաև որպես Հայաստանի անվտանգությունն ապահովող դարպաս, Արցախը պաշտպանելը, մեր սրբությունները՝ ընտանիքը, հավատքը, լեզուն զերծ պահելը ոտնձգություններից, ինչը Հանրապետական կուսակցությունն իր առաքելությունն է համարում: Որոշմանս հիմքում նաև ինձ հարազատ, մտերիմ, զինակից  ընկերներիս՝ Աշոտի, Վազգենի, Անդրանիկի և շատ-շատ հանրապետականների անցած ճանապարհը, նրանց զոհողություններն էին, և պատասխանատվության այն մեծ զգացումը, որ երբեք ու ոչ մի պարագայում կուսակցությունը, ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի, իր վրայից երբեք չի գցում և չգցեց թե՛ իշխանություն ունենալու, թե՛ ընդդիմություն դառնալու ժամանակ:  
 
Եկեք հիշենք, թե ի՞նչ պայմաններում, ի՞նչ նպատակով և ի՞նչ առաքելությամբ ստեղծվեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին գրանցված քաղաքական կազմակերպությունը:
 
Ազգային զարթոնքին նպաստած, բազում զրկանքներ կրած՝ կուսակցության ատաղձը կազմող մեր ընկերները ավելի քան երեք տասնամյակ առաջ հստակ նշել են այդ նպատակը, ուղենիշները և գաղափարախոսական հենքը, որը դրվել է   Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեության հիմքում: Դրանք ամրագրված են կուսակցության ծրագրում:
 
ՀՀԿ ծնունդը, այո, օրգանապես կապված է տասնամյակներ շարունակ անկախության համար մղվող պայքարի և Արցախյան ազատամարտի հետ: Ազատամարտի սկզբում կազմավորված Անկախության բանակ ռազմաքաղաքական միավորումը կազմակերպական հենք հանդիսացավ ՀՀԿ հիմնադրման և ձևավորման համար:
 
Անկախության բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երևանում գումարած ժողովում հռչակեց Հայաստանի հանրապետական կուսակցության ստեղծումը, որը 1991թ. մայիսի 14-ին դարձավ ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը: Մեր և մեր պետության տարեգրության ժամանակաշրջանը ոչ պատահականորեն ամբողջությամբ համընկնում են. Հանրապետական կուսակցության գրանցումը և Հայաստանի անկախության վերականգնումը տեղի ունեցան նույն թվականին, և կուսակցությունը դարձավ  ազգային պետականության կայացման շարժիչ ուժերից մեկը՝ անցնելով բոլոր այն դժվարությունների ու փորձությունների միջով, որոնցով անցել և անցնում է մեր պետությունը:
 
Պատերազմի տարիներին, նախ Անկախության բանակը, ապա ՀՀԿ անդամներից բաղկացած ջոկատներն ակտիվ մասնակցություն ունեցան ՀՀ սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման համար մղվող պայքարին, հետագայում նաև Արցախի պաշտպանությանն ուղղված բոլոր ռազմական գործողություններին:
 
Կուսակցությունը, Հայաստանի անկախ պետականության կերտման, նրա ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին եղել և մնում է որպես ամուր պատվար: 
 
Մեր կուսակցության գործունեության 35 տարիների ընթացքում մենք երբեք չենք ունեցել և չենք ունենա առաջնորդի պաշտամունք։ Յուրաքանչյուրս, ինձնից սկսած, իր մտքում պետք է մշտապես կրկնի՝ Հանրապետականը իմ կուսակցությունն է և առանձին որևէ մեկինը չէ։ Յուրաքանչյուրիս այս համոզման վրա պետք է հիմնվի մեր հավաքական ուժը, որպեսզի շարունակական և զորեղ լինի այսօր և երբևէ: 
 
Մեր կուսակցության հիմնադիրներից Աշոտ Նավասարդյանը համարում էր, որ Հանրապետականը մեր երկրի քաղաքական խճանկարում գրավում է իր ուրույն տեղը, որին հասել է տարիների քրտնաջան, անձնուրաց պայքարի ու մաքառումների գնով, և որ Հանրապետական կուսակցության գործունեությունն ուղղված է եղել գաղափարապես կայուն, ազգային բարոյականով օժտված, պայքարի արդիական քաղաքական ձևերի պահանջներին համապատասխան կուռ կազմակերպության կառուցմանը:
 
 Հանրապետականի մեկ այլ առաջնորդի՝ Վազգեն Սարգսյանի համոզմամբ, Հանրապետական կուսակցությունը իր սթափ կեցվածքով միշտ եղել է պետության ձևավորման, կազմավորման կառույցներում և պետության կայացման առաջին օրվանից կանգնած է եղել բանակի կողքին:
Վազգենի հատկապես վերջին մտքին չեմ կարող չհավելել, որ որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար, իմ պաշտոնավարման երկու ժամկետում էլ ինքս  մշտապես զգացել եմ Հանրապետական կուսակցության, նրա ղեկավարած կառավարությունների առանձնահատուկ  հոգատար վերաբերմունքը, ուշադրությունը մեր բանակին:
 
Իմ մյուս ընկերը՝ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը,   Հայաստանի հանրապետական կուսակցությունը համարում էր  մեր պետության հենարանը, որը  մշտապես գործել է պետության մեջ ազգային արժեքների գերակայության սկզբունքի դիրքերից և շարունակելու է իր գործունեությունը՝ միշտ առաջնորդվելով ազգի շահերով և պայքարելով Հայաստանի զարգացման համար։ 
 
Այդ օրերի հեռվից անգամ նրանց բնորոշումները ոչ միայն չեն կորցրել արդիականությունը, այլև ավելի են ամրապնդվել՝ նկատի առնելով  Հանրապետականի անցած ուղին: Հանրապետական կուսակցության առաջնորդները բացարձակապես ճիշտ էին և իրենց ապրած կյանքով, իրենց օրինակով են ապացուցել հավատարմությունն այն արժեքներին, որոնց պաշտպանությունը Հանրապետականի առաքելությունն է: 
 
Հավերժ փա՛ռք նրանց:

← Վերադառնալ ցուցակին